ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանն իր հետ նախարարություն բերեց նաեւ իր կադրերին, որոնց հետ աշխատել էր անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեում:
Մինչդեռ էնեգետիկան եւ բնական պաշարներն այն ոլորտներից են, որտեղ անհրաժեշտ են նեղ մասնագիտական կարողություններ: Օրինակ՝ այսօր «կադաստրային կադրերով» է լցված ընդերքի պետական տեսչությունը, օգտակար հանածոների պաշարների գնահատման կոմիտեն եւ այլն: Արդյոք նորանշանակ նախարար Լեւոն Յոլյանը կադրային փոփոխություններ կիրականացնի: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանի հետ:
-Պարո՛ն Յոլյան, ԷԲ նախկին նախարար Երվանդ Զախարյանը իր պաշտոնավարման տարիներին նախարարությունը լցրել է անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեի իր կադրերով: Ընդ որում, նրանց նշանակել է այնպիսի կարևոր պաշտոններում, որոնք նեղ մասնագիտացում են պահանջում: Դուք առաջիկայում կադրային փոփոխություններ իրականացնելո՞ւ եք: Ինչպե՞ս եք վարվելու Զախարյանի կադրերի հետ:
-Ես ընդհանրապես իմ կյանքի ընթացքում կադրերին վերաբերվում եմ հետեւյալ կերպ. կապ չունի, թե ինքը որտեղի՞ց է, ո՞վ է, ի՞նչ է, եթե նա ունակ է, պրոֆեսիանալ եւ կարող է աշխատանքները առաջ տանել, միանշանակ այդ մարդը մնալու է իր տեղում: Իսկ ովքեր, ըստ իս, չեն համապատասխանի այդ չափանիշներին, կփորձեմ նրանց փոխարինել ավելի բանիմաց մարդկանցով: Ես այսօրվա դրությամբ ոչ ոքի ո՛չ գործից ազատել եմ եւ ո՛չ էլ նշանակել: Նույնիսկ թափուր հաստիքներ կան: Ես ուզում եմ ամբողջությամբ հասկանալ իրավիճակը: Հասկանալ, թե ով ինձ օպտիմալ, մաքսիմալ օգուտ կարող է տալ: Ըստ դրա էլ կորոշեմ: Իսկ թե ո՞վ կամ ո՞ւմ է բերել, դա ինձ դեռ չի հետաքրքրում:
-Ըստ որոշ տեղեկությունների՝ օգտակար հանածոների պաշարների գնահատման կոմիտեի աշխատակիցները անտարբեր են աշխատում: Օրինակ՝ նրանք օգտակար հանածոների պաշարները գնահատում են 1-2 շաբաթվա ընթացքում, մինչդեռ այն գնահատելու համար անհրաժեշտ է մոտ 1 տարի կամ ավելի երկար ժամանակ:
-Տեղյակ չեմ…
-Այս մասին նույնիսկ բողոք-նամակ կա, որը ուղարկվել է ՀՀ նախագահի նստավայր: Բողոք-նամակի մասի՞ն էլ տեղեկություն չունեք:
-Ես չեմ տեսել այդ նամակը: Տեղյակ չեմ: Քննարկում կլինի կմասնակցեմ, կնայեմ:
-Պարո՛ն Յոլյան, «Դրաղեգ մետալ» ընկերությունը Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ոսկեբեր տեղամասի տարածքում նախատեսում է երկրաբանական ուսումնասիրություններ անցկացնել՝ ոսկու հանքավայր շահագործելու նպատակով: Այս ընկերության հիմնադիրը Ձեր կինն է՝ Անուշ Ասլանյանը: Այս մասին ի՞նչ կասեք:
-Կինս տնտեսագետ է, եւ այդ ընկերությունը չի գործում, գործունեություն չի ծավալում եւ չի էլ ծավալել: Մոտ 7-8 ամիս է, ինչ չի գործում «Դրաղեգ մետալ» ընկերությունը եւ, ամենայն հավանականությամբ, չի էլ աշխատի: Չնայած որ ես այդտեղ վատ բան չեմ տեսնում, որ անգամ կինս ընդերքով զբաղվի: Բայց հաշվի առնելով, որ ես նախարար եմ, այդ բոլոր գործերը փակվել են:
-Պարո՛ն նախարար, Ձեր կինը եւ երեխաները երկար ժամանակ ԱՄՆ-ում էին բնակվում: Նրանք արդեն վերադարձե՞լ են:
-Մեծ աղջիկս 2001 թվականից բնակվում է Ամերիկայում, ավարտել է ամերիկյան բուհը, նրա ամուսինը գիտնական է, դասավանդում է համալսարանում, պրոֆեսոր է: Իրենք բնակվում են այնտեղ՝ ԱՄՆ-ում:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Դրաղեգ մետալ» ընկերությունը Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ոսկեբեր տեղամաս տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ անցկացնելու համար թույլտվությունը ստացել է անցած տարվա հուլիսի 22-ին` մեկ տարի ժամկետով:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ