Լևոն Յոլյանը պարտվեց Ջհանգիրյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Հակոբ Ջհանգիրյանն ArmLur.am-ին որոշակի մանրամասներ էր ներկայացրել դատարանում ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի առնչությամբ քննվող գործերից մեկի վերաբերյալ, որոնք 2020 թվականի մայիսի 12-ին հրապարակվել էին ArmLur.am-ում «Նոր քրեական գործ՝ Լևոն Յոլյանի նկատմամբ» վերնագրի ներքո` https://armlur.am/999738/:

Այնուհետև Լևոն Յոլյանը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ Հակոբ Ջհանգրյանի` զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով:

Եվ ահա փաստաբան Հակոբ Ջհանգիրյանը ArmLur.am-ին հայտնեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, հունիսի 30-ին ոչ միայն ամբողջությամբ մերժել է Լևոն Յոլյանի հայցը, այլ` նույնիսկ հօգուտ Հակոբ Ջհանգիրյանի գումար է բռնագանձել Լևոն Յոլյանից:
Ըստ Հակոբ Ջհանգիրյանի, հայցն ամբողջությամբ իրավազուրկ էր և որևէ զրպարտության մասին խոսք անգամ լինել չէր կարող, որովհետև, այն, ինչ ինքը ArmLur.am-ին հայտնել էր, ամբողջությամբ համապատասխանում էր իրականությանը: Ավելին` քրեական գործը, ինչի մասին ինքը ժամանակին նշել էր, հարուցվել է` քրեական գործ № 14202820, և ներկայումս նույնպես քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, ինչի շրջանակներում Լևոն Յոլյանը ներգրավված է որպես «շահագրգիռ» անձ:

Փաստաբանի փոխանցմամբ, Լևոն Յոլյանի գործողություններն իր և իրենց փաստաբանական խմբի մյուս անդամների փաստաբանական գործունեությանը խոչընդոտելու հերթական անհաջող փորձն են, ինչը «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի կոպտագույն խախտում է և ինչի առնչությամբ իրենք արդեն դիմել են Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ: Հակոբ Ջհանգիրյանը նաև հավելեց, որ նման իմաստազուրկ մեթոդներով իրեն որևէ կերպ չեն վախեցնի, որովհետև իրենք պատրաստակամ պայքարելու են մինչև վերջ` Լևոն Յոլյանի կատարած բոլոր անօրինականությունների համար վերջինիս օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու հարցում արդարության հասնելու առումով: Նա նաև նշեց, որ Լևոն Յոլյանի ոչ իրավաչափ գործողությունների մեկ դրվագով իրենց փաստաբանական խումբը դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ Հակոբ Ջհանգիրյանը ՀՀ հաշվեքննիչ պալատի Իրավաբանական վարչության նախկին պետ Արամ Մամիկոնյանի փաստաբանն է, ում աշխատանքից ազատման մասին Լևոն Յոլյանի հրամանը Վարչական դատարանն անվավեր է ճանաչել:




Լրահոս