ՀՈՐԻՆԱԾ ԵՐԿՐԻ ԱԽՔ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, որ երիտասարդ տարիներին իր ուժերը փորձում էր լրագրության դաշտում, ի վերջո, տարիներ անց տեղափոխվեց քաղաքականության ոլորտ եւ իր գործունեությամբ բազում արատավոր երեւույթներ հիմնեց այնտեղ: Բայց հիմա կարծեք թե կրկին որոշել է վերադառնալ լրագրությանը:
Հավանաբար, շատերի մոտ հարց առաջացավ. ինչո՞ւ ենք հիշել «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի անցյալը: Բացատրենք. երեկ պատահաբար պարզեցինք, որ ԱԽՔ-ն իր կասկածելի հեղինակության վրա դրական հետք թողնելու նպատակով, ՕԵԿ-ի հեղինակության բարձրացման համար էլեկտրոնային լրատվամիջոցներ է հիմնել: Բնականաբար, «Պստիկ.am», «Ճստիկ.am» մակարդակի կայքերը նա գրանցել է ոչ ամենեւին իր անունով, նույնիսկ հասցե չունեն: Սակայն բավական է նայել կայքերում հարցազրույց տվողների (դրանք բացառապես ՕԵԿ-ականներ են), գովազդատուների (ՕԵԿ-ականների, գյուղնախարար Սերգո Կարապետյանի արտադրանքներն են) ցանկը, արդեն բավական է հասկանալու համար, թե ում հետ գործ ունենք: Ու թերեւս դրա համար է, որ այդ կայքերը ընթերցող էլ չունեն:
Կարճ ուսումնասիրությունից հետո պարզեցինք, որ այդ կայքերում անտաղանդ ռեպլիկներ են հրապարակվում բոլոր նրանց հասցեին, ովքեր ԱԽՔ-ի կամ նրա անձնական էգ առյուծի հասցեին քննադատական որեւէ միտք են արտաբերում: Ի դեպ, նախօրեին ՕԵԿ-ը հաղորդագրություն տարածեց, որ Հայաստանի տարածքում կուսակցության կազմակերպչական աշխատանքների պատասխանատուն այսուհետ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն է:
Հատկանշական է, որ այդ լրատվամիջոց կոչվածները բավական ակտիվորեն սեւ քարոզչություն են իրականացնում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ: Ու նման «շառոտ վեմարդկային ռեպլիկները» համացանցում լայն տարածում են գտնում ԱԺ ՕԵԿ խմբակցության աշխատակիցների, ՕԵԿ-ական պատգամավորների օգնականների կամ նրանց ֆեյքերի անունից: Ասվածի ապացույցները «Ժողովուրդ»-ի խմբագրությունում են:
Ա՛յ հենց սրա համար էինք պնդում, որ հորինած երկիր կառուցելուց, ընտրողների վստահությունը վաճառելու գնով «աղքանալուց» հետո (հեղինակային իրավունքը Լեւոն Տեր-Պետրոսյանինն է) հիմա էլ Արթուր Բաղդասարյանը ցանկանում է իր այդ իմիջով լրատվական դաշտ մտնել՝ ապականելու նաեւ մեր ոլորտը: Թերեւս չստացվի. քանի որ քաղաքականապես փչացածներն ընդհանրապես երկար ժամանակ չեն կարող աճպարարությամբ լսելի դառնալ, նրանց ժամանակներն անցել են: Հայ հասարակությունը լավ գիտի, թե ով է ԱԽՔ-ը, ինչի գնով կարողացավ մի քանի տարվա մեջ դառնալ ամենահարուստ պաշտոնյաներից մեկը:
Հիշեցնենք, որ թեեւ Ա. Բաղդասարյանի դրամական միջոցները վերջին հինգ տարիներին նվազել են, բայց փոխարենը նա ձեռք է բերել տարբեր տեսակի սեփականություն, գույք: Նա այսօր ունի 215,3 քմ մակերեսով բնակարան Երեւանի Բայրոնի 3 հասցեում: Նույն հասցեում ունի նաեւ ավտոտնակ` 34,8 քմ մակերեսով, ինչը 2007-ին չուներ: ԱԽՔ-ն ունի նաեւ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենա, որը եւս նախկինում չուներ: Չորս տարի առաջ չի ունեցել նաեւ սեփական ընկերություն: Այժմ նրան են պատկանում «Գավեքս» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը: Նրա հետ է կապվում նաեւ «Հայասի գրուպ»-ի անունը (ՕԵԿ-ականները հենց այս ընկերության ժամկետանց մուրաբաներն էին բաժանում):  
Վերջին մեկ տարում ԱԽՔ-ի եկամուտը եղել է նրա աշխատավարձը` 4 մլն 295 հազար դրամ (ողջ տարվանը): 2012-ի մարտի 1-ի դրությամբ նրա բանկային հաշիվներին եղել է 5 մլն դրամ եւ 20 հազար դոլար: 2007-ին նա հայտարարագրել էր 8 մլն 100 հազար դրամ եւ 190 հազար դոլար: Իսկ նրա կնոջ՝ Աննա Բաղդասարյանի դրամական միջոցները կազմել են 37 մլն դրամ եւ 10 հազար ԱՄՆ դոլար: Մինչդեռ նրա եկամտի չափը կազմում է 150 հազար դրամ: Նկատենք, որ սրանք միայն պաշտոնական թվերն են: Իսկ իրականում նրա ունեցվածքն ու կարողություններն ավելի մեծ են, եւ, ինչպես կասեր ՀՀ գլխավոր դատախազը, հավանաբար դրանք գրվել են Բաղդասարյանի «քեռու մարդու անունով»:
Այսքան փաստերի հրապարակումը, թերեւս, բավարար է, որպեսզի որոշ էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից մատուցված շատ հաճախ մոլորեցնող ու ակնհայտ սուտ շանտաժները լուրջ չընդունվեն ընթերցողների կողմից: Եթե ԱԽՔ-ն ու նրա նմանները շարունակեն լրատվական դաշտն ապականելու իրենց քայլերը, արդեն անհրաժեշտ կլինի առավել ուշագրավ բացահայտումներ անել:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս