ՄԵԾ ԹԱՓՈՎ
Այս օրերին գնաճը նոր թափ է հավաքում. երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ 15 կազմակերպություն Երեւանում հասարակական տրանսպորտի ուղեվարձերի վերանայման նպատակով արդեն իսկ հայտ է ներկայացրել քաղաքապետարան: Թեեւ հայտը դեռեւս չի քննարկվել, սակայն ակնհայտ է, որ այն կբավարարվի. համենայնդեպս, տրանսպորտի սակագնի բարձրացման մասին երեկ հայտարարել է նաեւ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը: Մյուս կողմից, խանութներում դժվար է գտնել որեւէ ապրանքատեսակ, որը վերջին մեկ-երկու օրերի ընթացքում թանկացած չլինի առնվազն 10-30 դրամով: Ընդ որում, թանկացել է հիմնականում սննդամթերքը: Ահա սա էլ Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանը:
ԽԱԲՈՒՄ ԵՆ
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ հայտարարել է, թե գազի սակագնի բարձրացման հետեւանքով կառավարության խոստացած սուբսիդավորման հարցը վերջնականապես պարզ կլինի առաջիկա օրերին: «Բանակցությունները կավարտվեն, վերջնական կասենք»,-հայտարարել է նա՝ այդպես էլ չհստակեցնելով, թե սուբսիդավորումը լինելու է «Հայռուսգազարդ»-ում հայկական 20 տոկոս բաժնեմասը վաճառելու, ՌԴ-ից սպասվող դրամաշնորհի, թե այլ տեսքով: Ուշագրավն այն է, որ նույն նախարարը, հունիսի 21-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, այդ մասին հարցին ի պատասխան, խորհուրդ էր տվել սպասել մինչեւ ամսվա, այսինքն՝ հունիսի վերջ: Բայց, փաստորեն, նրա խոստացած վերջնաժամկետից անցել է տեւական ժամանակ, ավելին, հուլիսի 7-ից պաշտոնապես ուժի մեջ են մտել նոր սակագները, սակայն սուբսիդավորման հարցն այդպես էլ մնում է անհայտ:
ԱՆԿԵԼ ԵՆ
Լոռու մարզի Հագվի եւ Շամլուղ համայնքներում 66 խոզ է անկել եւ հարկադիր սպանդի ենթարկվել: 22-ը՝ Հագվիում, իսկ 44-ը՝ Շամլուղում: Հիշեցնենք, որ երեք շաբաթ առաջ Հագվի համայնքում եւս 11 խոզ էր անկել: Հագվիի համայնքապետ Հայկասար Մայիլյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց. «Ուղարկեցինք լաբորատորիա՝ փորձաքննության, որտեղից էլ հաստատեցին, որ խոզերն անկել են պաստրելյոզ տեսակի հիվանդությունից: Վարակն անտառից է եկել: Սրանք վայրի խոզերից են վարակվել: Իսկ այն խոզերը, որոնք այս ընթացքում մնացել են անասնագոմում, առողջ են»: ՀՀ ԳՆ անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոնի տնօրեն Արմեն Ավագյանից «Ժողովուրդ»-ը պարզեց, որ պաստրելյոզ տեսակի հիվանդության դեմ պետպատվերի շրջանակներում պատվաստում նախատեսված չէ. «Մենք խոզերի նկատմամբ իրականացնում ենք մեկ կանխարգելիչ միջոցառում՝ դա դասական ժանտախտն է: Պաստրելյոզի նկատմամբ կանխարգելիչ միջոցառում ո՛չ արվել է եւ ո՛չ էլ արվում է: Դա հեշտ եւ հակաբիոտիկներով բուժվող հիվանդություն է»: