ՕՍԿԱՆՅԱՆԻ ՄՈՏ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը նախօրեին հայտարարեց կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին: Այն հանգամանքը, որ Վարդան Օսկանյանի կենսագրության տեր մարդը ոչ միայն չի ամաչում փողոց դուրս գալ, այլ նաեւ ծրագրում է կուսակցություն հիմնել` հույս ունենալով, որ մարդիկ կգտնվեն, որոնք իր ստեղծած կուսակցության օգտին կքվեարկեն, վկայում է, որ նա Հայաստանի ընտրողների մասին, մեղմ ասած, վատ կարծիք ունի:

Վարդան Օսկանյանը Հայաստանի իշխանական համակարգի այն ներկայացուցիչներից է, ում անունն ուղղակիորեն ասոցացվում է Մարտի 1-ի իրադարձությունների հետ: Երեկ լրագրողները Օսկանյանից կրկին անգամ հետաքրքրվել են, թե արդյոք ինքն իրեն պատասխանատու համարում է Մարտի 1-ի դեպքերի համար: Ի պատասխան՝ նա ասել է. «Մարտի 1-ը, իհարկե, մեր սեւ էջերից մեկն է: Իհարկե, այդ օրվա իշխանությունը միանշանակորեն պատասխանատվություն է կրում դրա համար: Իշխանությունը չպետք է թողներ, որ նման բան տեղի ունենար: Ես այդ իշխանության մասն եմ եղել, եւ հենց մարտի 1-ի օրը, խորհուրդ կտամ թարմացնել ձեր հիշողությունը, կա իմ ելույթը, որ կրակոցներից 3-4 ժամ առաջ է եղել… Ուղղակի օդում զգալով, որ լարված իրավիճակ է, եւ նման զարգացումներ կարող են լինել, փորձել եմ կանխել: Ես շահեկանորեն տարբերվում եմ մյուս քաղաքական գործիչներից, որ այդ պատասխանատվությունը վերցրել եմ: Համարձակություն եմ ունեցել կանգնել կամերայի առաջ, կոչ անել ե՛ւ հանրապետության նախագահին, ե՛ւ ընդդիմությանը, որպեսզի կարողանան երկխոսության մեջ մտնել, որպեսզի խուսափենք մարտի 1-ից»,- չքմեղացել է Օսկանյանը:
Սակայն իրականությունն այն է, որ 2008-ի Մարտի 1-ին երեկոյան, Օսկանյանը ստանձնել էր իշխանությունների հանցավոր գործողությունները քողարկելու, միջազգային կառույցներից իրականությունը թաքցնելու, ինչպես նաեւ Հայաստանի հանրությանը սպառնալու դերակատարությունը:
Այսպես՝ 2008-ի մարտի 1-ին, ժամը 19-ին նախագահական նստավայրում կազմակերպվել էր Օսկանյանի ասուլիսը, որը տեղի ունեցավ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցների ծեծուջարդից հետո: Հիշեցնենք, որ մարտի 1-ի առավոտյան՝ ժամը 6.25-ին, ոստիկանությունը մթության քողի տակ հարձակվել էր խաղաղ ցուցարարների վրա եւ նրանց ծեծելով՝ հեռացրել հրապարակից: Վաղուց ապացուցված փաստ է, որ ՀՀ օրենսդրությունը ոստիկանությանը նման գործողություններ իրականացնելու իրավունք չէր տալիս, այսինքն՝ այդ «օպերացիան» ամբողջությամբ եղել է անօրինական: Մարտի 1-ի առավոտյան հարձակման արդյունքում 40-ից ավել ցուցարարներ վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Վարդան Օսկանյանը նշված ասուլիսում առավոտյան ծեծուջարդը ներկայացրել է հետեւյալ կերպ. «Վնասվածքների չափը եւ նրանց վնասվածքների տեսակը վկայություն է, որ մարդկանց նկատմամբ, ովքեր այնտեղ եղել են, արտառոց ուժ չի կիրառվել: Բայց իսկապես եղել է մեծ դիմադրություն: Այս պահին ցույցեր են գնում Ֆրանսիայի դեսպանատան առաջ»: Ապագա զարգացումների վերաբերյալ Օսկանյանն այդ նույն ասուլիսում ասել է. «Եթե այս գործարքները ապօրինի շարունակվեն, ապա նախագահը ստիպված կլինի, արդեն բոլոր հրամանագրերը պատրաստ են, հայտարարելու արտակարգ դրություն: Նախագահը կցանկանար, որ ամեն ինչ շատ արագ հանդարտվեր: Հիմա ընտրությունը հետեւյալի մեջ է, ավելի մեծ իմիջին վնաս հասցնել` թողնելով, որ այդ մարդիկ անկարգություններ անեն, թե օրենքի շրջանակներում ինչ-որ քայլեր անել եւ դրանով սահմանափակել այն վնասը, որը պետք է հասցվեր Հայաստանի իմիջին: Փողոց դուրս եկած մարդիկ անկարգություններ են իրականացնում եւ ունեն ըմբոստության դրսեւորումներ»,-հայտարարում էր Օսկանյանը` այդ պահին, թերեւս, չմտածելով, թե ինչպիսի անդառնալի վնաս է հասցնում սեփական իմիջին:
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ այն պահից, երբ ոստիկանությունը Մյասնիկյան արձանի մոտից իր ուժերը հեռացրեց, այսինքն՝ ժամը 15.30-ից մինչեւ ժամը 21.00-ն, ցուցարարների վերահսկողության տակ գտնվող տարածքում ոչ մի անօրինական բան տեղի չի ունեցել եւ ոչ մի գույք չի վնասվել: Այսինքն՝ եթե ժամը 21.00-ին ոստիկանական եւ զինված ուժերը ցուցարարների վրա չգրոհեին, ապա բախումներ չէին լինի, եթե ուժայինները չսկսեին կրակել, ապա զոհեր չէին լինի: Բայց նույն Օսկանյանը դեպքերից երկու ժամ առաջ արդեն հրապարակել էր ցուցարարների «դատավճիռը»` նրանց մեղադրելով անկարգություններ իրականացնելու եւ ըմբոստության դրսեւորումների մեջ:
Հաշվի առնելով, որ Օսկանյանի մոտ հիշողության լուրջ կորուստ է, նրան եւս մեկ փաստ հիշեցնենք. Երեւանում արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի հիմքը, որը հեռուստաեթերից ներկայացրեց անձամբ ստորագրողը` մարտի 1-ին՝ ժամը 22.15-ին, իբր խանութների թալանն էր: Սակայն խանութների վրա առաջին հարձակումները սկսվել են 22.30-ին, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի «հրահանգից» հետո:
Այնպես որ, Օսկանյանի դեպքում ավելի ազնիվ կլինի, եթե նա չփորձի չքմեղանալ եւ խոստովանի, որ երբ Մարտի 1-ի սպանդը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ ծրագրել եւ իրականացրել են, ինքը հույս է ունեցել, որ դրա շնորհիվ իշխանությունից մաս կունենա, բայց հետագայում այդպես էլ իր ակնկալածը չի ստացել ու որոշել է դառնալ «ընդդիմադիր»:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԲԱՑԻ ԻՇԽԱՆԱԿԱՆԻՑ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ orer.am կայքի սեփականատեր Վարուժան Բաբաջանյանը, որը 2012-ի մայիսի 6-ի ԱԺ ընտրություններում Նոյեմբերյանի տարածաշրջանն ընդգրկող թիվ 40 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու էր առաջադրվել, 2017 թվականին եւս պատրաստվում է առաջադրվել: Սակայն այս անգամ նա պետք է ընտրի որեւէ կուսակցության, որպեսզի Տավուշի մարզի տարածքային ցուցակով առաջադրվի: Վարուժան Բաբաջանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չբացառեց 2017 թվականի ընտրություններում առաջադրվելու հնարավորությունը: Ըստ Բաբաջանյանի՝ ներկայումս մի քանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ կոնսուլտացիաներ են ընթանում: Թե կոնկրետ որ քաղաքական ուժերի մասին է, նա չհստակեցրեց՝ նշելով միայն, որ իշխանական կուսակցությունների հետ համագործակցելու մասին անգամ խոսք լինել չի կարող:
Հավելենք, որ Բաբաջանյանը, որ նախորդ ընտրություններում 35 տոկոս ձայն հավաքելով պարտվեց վաղամեռիկ Հրանտ Վարդանյանի հովանավորյալին, հիմա ռեալ շանս ունի առավել մեծ թվով ձայներ հավաքելու: Ինչպես հայտնի է՝ Վարդանյան եղբայրների հեղինակությունը լուրջ անկում է ապրել, ու դժվար թե նրանք հաջողեն տարածաշրջանում: Հավելենք, որ Բաբաջանյանը Երեւանում եւ Տավուշում մի շարք բիզնեսներ ունի:

 

 

ՎՏԱՆԳՆ ԱՆՑԵԼ Է
Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, որ ՀՀ ԱԺ անվտանգությունը դարձյալ հին ռեժիմով է իրականացվում: Հիշեցնենք, որ 2015 թվականի հոկտեմբերի վերջից ԱԺ անվտանգությունն ապահովող աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում էին ինքնաձիգներով, ինչը սովորական երեւույթ չէր: Նրանք միայն ատրճանակ էին ունենում: Ավելի ուշ պարզվեց, որ դա կապ ուներ Նորք-Մարաշում վնասազերծված «հանցախմբի» հետ: Կարելի է ենթադրել` իրավապահներն այլեւս համոզված են, որ «հանցավոր» խմբի հետ կապված բոլոր դրվագները բացահայտված են, իսկ այդ գործի հետ առնչություն ունեցողներն էլ կալանավորված: Դրա համար էլ ԱԺ-ի անվտանգության աշխատակիցները կրկին առանց ինքնաձիգների են ծառայություն իրականացնում:

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
«Ժողովուրդ»-ի Տավուշի մարզի թղթակիցը հայտնում է, որ մարտի 14-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, Նոյեմբերյանի տարածաշրջանի մարտական հենակետերից մեկում հրազենով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող: Թե ինչն է պատճառը, առայժմ մեզ չհաջողվեց պարզել: Չի բացառվում, որ նրան դրդել են ինքնասպանության: Մանրամասները կներկայացնենք մեր վաղվա համարում:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ
Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հրավերով երեկ Սերժ Սարգսյանը մեկնել է Հունաստան: Մինչ բարձր մակարդակի բանակցությունները, նա Աթենքում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին: Ավելի ուշ՝ Հունաստանի նախագահի նստավայրում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, Սերժ Սարգսյանը եւ Պրոկոպիս Պավլոպուլոսը առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացի, ԼՂ հիմնախնդրի կարգավորման, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների եւ դրանց զարգացման գործում Հունաստանի դերակատարության հետ կապված հարցեր:

 

ՉԻՆԱՍՏԱՆԻՑ` ԲՈՒԼՂԱՐԻԱ
Սերժ Սարգսյանի հրամանագրերով Արսեն Սհոյանն ազատվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Արմեն Սարգսյանը: Իսկ Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աննա Աղաջանյանն էլ համատեղության կարգով նշանակվել է Մալայզիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Ջակարտա):

 

ՀԱՅ-ՖԼԱՆԴՐԻԱԿԱՆ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 14-ին ընդունել է Բելգիայի եւ Ֆլանդրիայի խորհրդարանականների պատվիրակությանը, որը Հայաստան այցից հետո լինելու է նաեւ Արցախում: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության հարցին՝ Ֆլանդրիայի խորհրդարանի փոխնախագահն իր եւ գործընկերների անունից կարեւորել է մարդու իրավունքների պաշտպանությունը եւ այս համատեքստում՝ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

 

ՆՈՐ  ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկվա նիստում խորհրդարանին է ներկայացրել ՀՅԴ խմբակցության նոր պատգամավորին` Կարեն Շահմուրադյանին: Հիշեցնենք, որ նա փոխարինում է Արծվիկ Մինասյանին, ով նշանակվեց Էկոնոմիկայի նախարար:

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

 

ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ
Ազատամարտիկ, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը եւ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը արդեն ներկայացրել են իրենց փաստաթղթերը Հրազդանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար: Թեկնածուների գրանցումը կատարվելու է մարտի 18-ից մինչեւ 23-ը:




Լրահոս