Ինչպես ArmLur.am-ն արդեն հայտնել էր, օրերս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ Գորիսում տեղի ունեցած աղմկահարույց գործով քրեական գործ հարուցելու միջնորդությամբ: Հայտնի դարձավ նաև, որ Գորիսի ոստիկանապետի կողմից ծեծի ենթարկված Արթուր Գեւորգյանի գործը դատախազությունից ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն:
Այս օրերին բուռն էր նաև սոցցանցերի օգտատերերի արձագանքը: Մի մասը խրախուսում էին հետաքննությունը՝ նշելով, որ պետք է պատժվեն մեղավորները, իսկ ոմանք պարզապես ջանասիրաբար փորձում էին համոզել, որ տեսանյութում դեպքերը սխալ են ընկալվել և ներկայացվել, և առաջարկում էին դեպքերի վերծանման իրենց տարբերակը:
ArmLur.am-ը այս առնչությամբ զրուցեց իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ.
«Ես տեսանյութում տեսել եմ, որ այդ ոստիկանապետ կոչեցյալ անձը ակնհայտորեն բռնության է ենթարկում քաղաքացուն, իսկ եթե այլ կարծիքներ կան, այդ իսկ պատճառով մենք ուղարկել ենք հաղորդում հանցագործության մասին, որպեսզի քննություն իրականացվի: Եկեք բոլոր հարցերի պատասխանները ակնկալենք քննություն իրականացնող մարմնից. իհարկե մեծ հույսեր չունենք, բայց այստեղ շատ կարևոր է բռնության ենթարկված անձի և նրա հարազատների պահվածքը, որպեսզի նրանք չնահանջեն իրենց պահանջներից, իրավունքների պաշտպանությունից: Կարևորը, որ տեսանյութը կա, հետագան ցույց կտա քննությունը»:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր, որ մարտի 8-ի երեկոյան մի խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց թույլ չեն տվել ներս մտնել՝ ասելով՝ փակ է: Երբ երիտասարդները նստել են ավտոմեքենան, որ դուրս գան, ռեստորանի դարպասներով անարգել ներս է մտել Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը: Երիտասարդներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ է օբյեկտը մեկի համար բաց, մյուսի համար՝ փակ: Այս խոսակցությունը լսելուն պես քաղաքացիական հագուստով ոստիկանապետը շրջվել է ու հաշիվ պահանջել երիտասարդից, ապա օձիքից բռնած, քարշ տալով փորձել է նրան ներս տանել: Այդ պահին 3 ընկերները դուրս են եկել մեքենայից՝ պարզելու, թե ով և ինչու է իրենց ընկերոջը քարշ տալիս: Ոստիկանապետը կարճ ռազբորկայից հետո անցել է բռունցքների ու ծեծի ենթարկել Արթուր Գևորգյանին՝ հայհոյանքներ տալով:
Դեպքի մանրամասները հրապարակվել են ArmLur.am-ում՝ համապատասխան տեսանյութով: Ոստիկանապետից բացի, ռեստորանում են եղել նաև այլ իրավապահներ: Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, որի նախաքննության ընթացքում մեղադրյալը նաև ցուցմունք է տվել իրավապահների կողմից իր նկատմամբ կիրառված բռնության մասին: