Ազգային փոքրամասնություններին ընտրացուցակներում ընդգրկելու պարտադիր նորմը կհանվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին քննարկվող ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծով նախատեսվում է, որ Հայաստանում առավել մեծ համայնք ունեցող չորս ազգային փոքրամասնությունների` եզդիների, ռուսների, ասորիների և քրդերի ներկայացուցիչները պարտադիր պետք է ընդգրկված լինեն քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում: Եթե ոչ, ապա կուսակցությունը կարող է չգրանցվել ԿԸՀ-ի կողմից:

«Ժողովուրդ»-ն արդեն ահազանգել էր այս խնդրի մասին` արձանագրելով, որ պարտադիր այս նորմը, եթե ընդունվի, ընդդիմադիր կուսակցությունների համար կարող է պատուհաս դառնալ, քանի որ ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները մշտապես քաղաքական առումով չեզոքություն են պահպանում եւ դժվար թե համաձայնեն ընդդիմադիր որեւէ կուսակցությունում ընդգրկվել:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ քննարկումների ժամանակ որոշում է կայացվել ազգային փոքրամասնություններին ընտրացուցակներում ընդգրկելու պարտադիր նորմը հանել: Կթողնվի հայեցողական. քաղաքական որ ուժը ցանկանա ազգային փոքրամասնության որեւէ ներկայացուցչի ընդգրկել իր ցուցակում, կարող է անել: «Համենայնդեպս դա չի կարող կուսակցությունների գրանցման համար խոչընդոտ հանդիսանալ»,- տեղեկացրեց Հովհաննես Սահակյանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս