Առաջիկայում ևս երկու դատավորի կազատեն աշխատանքից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում ևս երկու դատավորի կազատեն աշխատանքից՝ թոշակի անցնելու պատճառով: Մեկն Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանն է: Նրա 65-ամյակը լրացել է մարտի 22-ին, օրերս նրա լիազորությունները կդադարեցվեն: Ի դեպ, դեռ նախորդ տարի Վլադիմիր Գրիգորյանը սովորել եւ ավարտել է փաստաբանական դպրոցը` թոշակի անցնելուց հետո փաստաբանությամբ զբաղվելու նպատակով:

Վլադիմիր Գրիգորյանը տարբեր վարչական շրջաններում որպես դատախազ է աշխատել, ղեկավարել է վարչություններ թե դատախազությունում, թե ոստիկանությունում։ Ոստիկանության ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալն է եղել, դատավոր է նշանակվել 2009թ. դեկտեմբերի 30-ին: Վլադիմիր Գրիգորյանի կինը՝ Մարիամ Մինասյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ԶԱԳՍ-ի պետն է: Թոշակի գնացող մյուս դատավորն Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանն է: Նրա 65-ամյակը եւս լրացել է օրերս:

Նշենք, որ այս տարի թոշակի գնացողների պակաս չկա, մարզային դատավորներից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանի 65 տարին եւս լրացել է: Վերաքննիչ քրեական դատարանից թոշակի են գնացել Գագիկ Ավետիսյանը, Հենրիկ Տեր-Ադամյանը, հերթում է Արարատ Պետրոսյանը, վերաքննիչ քաղաքացիականից թոշակի է գնալու Գայանե Կարախանյանը, իսկ վճռաբեկ դատարանից՝ քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ թոշակի գնացող դատավորները մի քանի հանգրվան են ունենում՝ կամ փաստաբանությամբ են զբաղվում, կամ որեւէ պետական մարմնում դառնում են խորհրդական, իրավաբանական բաժնի պետ»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս