«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա անցած երեք ամիսներին առնվազն հինգերորդ անգամ է Հայաստանի հանրությունը գույժ ստանում բանակում զինվորի մահվան մասին, որը տեղի է ունեցել զինծառայողների ոչ կանոնակարգային հարաբերությունների արդյունքում: Փետրվարի 18-ին պահպանության տեղամասում հրազենային մահացու վիրավորում է ստացել 19-ամյա Դավիթ Տերտերյանը: Փետրվարի 19-ին հրազենային մահացու վիրավորում են ստացել 1997թ. ծնված Կամո Արայի Հովհաննիսյանը եւ Թեմուր Շարիի Սուլոյանը: Ավելի ուշ պարզվել էր, որ Թեմուր Սուլոյանը նախ սպանել էր Կամո Հովհաննիսյանին, այնուհետեւ ինքնասպան եղել: Մարտի 15-ին ժամկետային զինծառայող, 19-ամյա Կամո Մարտիրոսյանին գտել էին մահացած: Մարտի 24-ին հրաձգարանում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային վիրավորումով հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող Սեւակ Հովհաննեսի Համբարձումյանը, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:
Երբ ամեն անգամ լուր է ստացվում սահմանին թշնամու գնդակից հայ զինվորի զոհվելու մասին, ցավը ուղեկցվում է հպարտությամբ, քանի որ գիտակցում ենք, որ մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ կան երիտասարդներ, որոնք հանուն հայրենիքի, հանուն իրենց տունը պաշտպանելու պատրաստ են կյանքը զոհել: Սակայն ոչ մարտական գործողությունների արդյունքում, անհասկանալի պայմաններում զինվորների մահվան լուրի ցավը բազմապատկվում է, քանի որ գիտակցում ենք, որ այդ մահն անիմաստ էր եւ կարող էր չլիներ, եթե մեր բանակի համապատասխան օղակները ճիշտ գործեին:
Կասկած չունենք, որ Հայաստանի զինված ուժերի ղեկավարությունն ասելու է, թե ուրիշ երկրներում էլ նման դեպքեր լինում են: Սակայն վաղուց ժամանակն է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի ղեկավարությունն ի վերջո հասկանա, որ իրավունք չունենք խաղաղ պայմաններում զոհեր թույլ տալու, եւ դա մեզ համար զուտ վիճակագրություն չէ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: