Երևանի ավագանու ուղերձը քաղաքապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր Երևանի ավագանու “Բարև Երևան” խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Երևանի ավագանու ուղերձի նախագիծ՝ ուղղված քաղաքապետ Տարոն Մարգարյանին: 
Մանրամասները ստորև կցված փաստաթղթում.
Ուղերձը Երևանի քաղաքապետին՝ Երևան քաղաքում մայրաքաղաքային երթուղիները սպասարկող միկրոավտոբուսների, ավտոբուսների ու տրոլեյբուսների ուղեվարձի սակագինը 2013թ. հուլիսի 20-ից բարձրացնելու մասին Երևանի քաղաքապետի որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին: 
Ղեկավարվելով ,Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի պահանջներով` 
Երևան քաղաքի ավագանին արձանագրում է. 
1. 2013թ. հուլիսի 18-ին Երևանի քաղաքապետարանի կողմից պաշտոնապես հայտարարվեց մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի սպասարկումն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված ուղեվարձի փոփոխման հայտերի վերանայման և մասնագիտական հանձնաժողովի կողմից նախկինում սահմանված ուղեվարձի բարձրացման մասին, ինչը հասարակական լայն արձագանք և ընդվզում է առաջացրել: Պաշտոնապես տրամադրված տեղեկության համաձայն՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից ուղեվարձի բարձրացման հայտերի պատճառաբանություն է նշվել “տարիների ընթացքում արձանագրված պարբերական գնաճը՝ ինչպես նոր մեքենաներ ձեռք բերելու, այնպես էլ պահեստամասերի, վառելանյութի և քսայուղերի մասով, ինչի հետևանքով սպասարկող ընկերությունները սկսել են վնասով աշխատել”: 
2. Երևանի քաղաքապետի և քաղաքապետարանում ստեղծված մասնագիտական հանձնաժողովի կողմից հիմնավոր են համարվել ու բավարարվել փոխադրավարձի վերանայման մասին հուլիսի սկզբին տնտեսվարող սուբյեկտների ներկայացրած հայտերը և հաստատվել է մայրաքաղաքային երթուղիները սպասարկող միկրոավտոբուսների ու ավտոբուսների ուղեվարձի մեկ միասնական սակագին` 2013թ. հուլիսի 20-ից սկսած 150 դրամ, իսկ տրոլեյբուսների ուղեվարձի մեկ միասնական սակագին՝ 100 դրամ: Ի հիմնավորումն կայացված որոշման՝ հուլիսի 18-ին Երևանի քաղաքապետարանը նաև պաշտոնապես հրապարակել է Երևան քաղաքում միկրոավտոբուսներով և ավտոբուսներով մեկ ուղևորի փոխադրման տնտեսագիտական հաշվարկ-հիմնավորում: 
3. Թե՛ տնտեսվարող սուբյեկտների վկայակոչած պատճառների, թե՛ Երևանի քաղաքապետարանի հրապարակած տնտեսագիտական հաշվարկ-հիմնավորման կապակցությամբ տարբեր հասարակական կազմակերպություններ, անկախ փորձագետներ փաստարկված անհամաձայնություն և առարկություններ են հայտնել: Վերջիններս կասկածի տակ են դրել ոչ միայն տնտեսվարողների` “վնասով աշխատելու” թեզը, այլև քաղաքապետարանի կողմից հնչեցված և խնդրո համատեքստում կարևոր ցուցանիշներ, ըստ այդմ` նաև սահմանված նոր սակագնի օբյեկտիվ հիմնավորվածությունը, ինչպես պահանջում է “Ավտոմոբիլային տրանսպորտի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքը: Փորձագետների կողմից հրապարակված ամենատարբեր հաշվարկները վկայում են, որ հանրային այս ծառայության ոլորտի լավ և վատ կառավարման դեպքերում ներկայումս հնարավոր է շահույթով ուղևորափոխադրումներ կազմակերպել ուղեվարձի սակագնի 70-90 դրամ միջակայքում: 
4. “Ավտոմոբիլային տրանսպորտի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, ի թիվս ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական կարգավորման շարադրված հիմունքների, կարևորում է “պետության, ավտոմոբիլային տրանսպորտի ծառայություններից օգտվողների և ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող քաղաքացիների և իրավաբանական անձանց շահերի պաշտպանության ապահովումե: Մինչդեռ Երևանի քաղաքապետի որոշումներում և քաղաքապետարանում ստեղծված մասնագիտական հանձնաժողովի վկայակոչած հիմնավորումներում բացառապես արտահայտված են փոխադրումներ իրականացնող իրավաբանական անձանց շահերը: Քաղաքացու վճարունողականության կամ նրա շահերի պաշտպանության մասին որևէ խոսք չկա: 
5. Թեպետ “Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին”, “Տեղական ինքնակառավարման մասին” Հայաստանի Հանրապետության օրենքներով Երևանի ավագանուն վերագրված չեն ուղղակի և հստակ լիազորություններ տրանսպորտի ոլորտում, այդուհանդերձ, “Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով ավագանուն վերապահված է քաղաքապետի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություն: 
Ելնելով հարցի հասարակական մեծ հնչեղությունից, ինչպես նաև` բերված հիմնավորումների կապակցությամբ շարունակվող տարաձայնություններից,
Երևան քաղաքի ավագանին ուղերձով դիմում է Երևանի քաղաքապետին 
ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքում մայրաքաղաքային երթուղիները սպասարկող միկրոավտոբուսների, ավտոբուսների ու տրոլեյբուսների ուղեվարձի սակագնի բարձրացման մասին Երևանի քաղաքապետի որոշումը: 
Երևանի ավագանու “Բարև Երևան” խմբակցության անդամներ
Անահիտ Բախշյան Ստյոպա Սաֆարյան
Դավիթ Սանասարյան Գագիկ Բաղդասարյան
Արմեն Մարտիրոսյան Արթուր Գասպարյան




Լրահոս