ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԸ ԿՎԵՐԱՆԱՅՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա նիստում գործադիրը մի քանի ուշագրավ որոշումներ կայացրեց: Մասնավորապես նիստի ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունները նախապատրաստված են եւ շատ շուտով կներկայացվեն բոլոր գերատեսչություններին, որպեսզի ընդհանուր կարծիք ունենան: Մինչ այդ Հարությունյանը հայտարարեց, որ մարտի 28-ը ոչ աշխատանքային է լինելու եւ դրա փոխարեն աշխատանքային կլինի ապրիլի 2-ը: Իսկ դա պայմանավորված է Սուրբ Հարության տոնի հաջորդ օրը ննջեցյալներին այցելելու կարգով:

Անդրադառնալով ներկայացվող փոփոխություններին՝ Հարությունյանը նշեց, թե դրանք վերանայվում են, եւ այն տոները, որոնք սկզբունքորեն ոչ աշխատանքային են եղել, պատրաստ են դարձնել աշխատանքային, իսկ որոշ տոներ էլ առաջարկելու են դարձնել ոչ աշխատանքային: «Նպատակը նաեւ այն է, որ տարվա ընթացքում մարդիկ երկու անգամ ունենան, այսպես ասեմ, ավելի երկար շաբաթվա վերջ` long weekend: Այս փոփոխության հաշվին մենք երկու անգամ դեպք կունենանք, երբ ուրբաթ եւ երկուշաբթի օրերը ոչ աշխատանքային կլինեն, ինչը հնարավորություն կստեղծի ունենալ չորս ոչ աշխատանքային օր: Սա համարում ենք շատ կարեւոր», – ընդգծեց Հարությունյանը:
Կառավարության երեկվա նիստում որոշում կայացվեց նաեւ սահմանել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական բնակարանների նվիրատվության պայմանագրերի կնքման վերջնաժամկետը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շահագրգիռ մարմիններին հորդորեց հետամուտ լինել եւ այս ծրագիրը պատասխանատվությամբ իրականացնել: Դիմելով քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին` վարչապետը նշեց, որ աղետի գոտում նման խնդիրները բազմաթիվ են: «Պարո՛ն Սարգսյան, հարկավոր է վերջնական եւս մեկ անգամ գույքագրել եւ բոլոր հարցերին լուծում տալ»: Հավելենք, որ ծրագրի շրջանակներում հատկացված 2990 բնակարանից կնքվել են 2117 բնակարանի նվիրատվության պայմանագրերը կամ հատկացված բնակարանների 70.8 տոկոսը եւ դեռեւս խնդիր է մնում ապահովել մնացած 29.2 տոկոսի` 873 բնակարանի նվիրատվության պայմանագրերի կնքման եւ արդյունքում այդ բնակարանների նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի գրանցման գործընթացը:
Կարեւորելով որոշման ընդունումը` վարչապետն ընդգծեց, որ այն նույնիսկ ուշացումով է ընդունվում: «Մարդիկ տարիներ շարունակ այդ բնակավայրերում ապրում են եւ չունեն սեփականության վկայական: Պատճառներ չփնտրելով` ես հանձնարարում եմ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, տարածքային կառավարման մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին հետամուտ լինել եւ պատասխանատվությամբ այս ծրագիրն իրականացնել ժամկետում: Կարծում եմ` դա շատ կարեւոր խնդիր է», – ընդգծեց Աբրահամյանը:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի շրջանակում ֆինանսական միջոցների տնօրինման եւ օգտագործման գործընթացն ապահովելու նպատակով կառավարությունը նաեւ երեկ ընդունեց համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման` դրամաշնորհային ծրագրի նպատակն է օժանդակել ՀՀ կառավարությանը` իրականացնելու ՀՀ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը: Հատկացվող միջոցներն ուղղվելու են հետեւյալ նպատակների իրականացմանը` փորձագիտական հանձնախմբի ստեղծում, ռազմավարության ծրագրի մշակում եւ իրականացում:
Հարցի առնչությամբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց. «Այս ծրագրի շրջանակում պետք է վարձվեն կարճաժամկետ միջազգային փորձագետներ, որոնք իրենց գործունեությամբ ապացուցել են արդյունավետությունը, եւ հիմնական խնդիրն է լինելու տեղական փորձագետների հետ միասին իրականացնել կոռուպցիոն ռիսկերի վերլուծություն, ինչպես նաեւ մշակել միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն կոռուպցիոն ռիսկերի չեզոքացմանը: Գումարի հետ կապված. այս որոշման նախագծի հիմնական նպատակն է հաստատել արտաբյուջետային հաշվի ծախսման նախահաշիվը, այսինքն՝ չնայած մամուլում շրջանառվող լուրերի, որոնք բացարձակ ապատեղեկատվություն են, իրականում այս ծրագրի բուն նպատակն աշխատավարձերն են, տեղափոխումների ծախսերն են, ինչպես նաեւ թարգմանչական ծախսերը, որոնք, ըստ ֆինանսական դասակարգման, կոչվում են ներկայացուցչական ծախսեր, այսինքն՝ այս ամենի մեջ նրանք, ովքեր փորձում են փնտրել թաքնված, դարձյալ նոր կոռուպցիոն ռիսկ, ուղղակի սխալվում են»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 
ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ԼՍՈՂ ՉԿԱ

Երեկ ՀՀ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա անցկացրին Կոնդի եւ Բուզանդի բնակիչները, ովքեր շուրջ 10 տարի է, ինչ բնակարանի խնդիր ունեն: Այսօր մոտ 250 ընտանիք տուն չունի եւ ապրում է վարձու բնակարաններում:

Անտուն մնացած բնակիչները երեկ հանդիպում էին պահանջում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Սակայն վարչապետը չհանդիպեց նրանց, ինչի արդյունքում խաբված բնակիչները փորձեցին փակել Տիգրան Մեծ փողոցը եւ բախվեցին ոստիկանական պատնեշին:
Կոնդի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ վարչապետի խորհրդական Հայկ Դավթյանը իրենց հետ հանդիպումների ժամանակ հորդորել է դիմել դատարան, քանի որ կառավարությունը այլեւս պատասխանատու չէ. «Ասեց՝ փող չկա, խելացի լինեիք՝ գումարը վերցնեիք, բնակարանային պայմանագիր չկնքեիք»:
Կոնդի բնակիչներից մեկը՝ տիկին Անահիտը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ իրենց քանդված տների տարածքում այս պահին էլ շինաշխատանքներ են իրականացվում: «Մեզ ասել են, որ այդ նորակառույց շենքից մեզանից ոչ ոքի բնակարան չի հասնելու: Ավելին՝ իրենք այդտեղ բիզնես-կենտրոն են ցանկանում կառուցել: Իսկ մենք արդեն 10 տարի է, ինչ վարձու բնակարաններում ենք ապրում: Մեզանից շատերը մահացել են, ծանր հիվանդ են: Մեր բնակիչների թիվը շատ է պակասել»,- զայրացած ներկայացրեց տիկին Անահիտը:
Երեկ բողոքի ակցիա անող Բուզանդի բնակիչներն էլ մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենց տարածքը ձեռք է բերել Սամվել Մայրապետյանը: Սակայն նրա տված չնչին փոխհատուցումը չի բավականացրել, որ Բուզանդի բնակիչները կարողանան բնակարան ձեռք բերել: Ի տարբերություն կոնդեցիների` Բուզանդի բնակիչները Մայրապետյանից պահանջում են վճարել գումարային տարբերությունը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՏԱՎՈՒՇԻ ԽԱՎԱՐ ԴԱՐՊԱՍԸ
Տավուշի մարզում խաղող ընդունող, այն վերամշակող ընկերություններից միայն Իջեւանի գինու, կոնյակի գործարանն է, որ պարտք է սահմանամերձ մարզի խաղողագործներին: Տավուշում խաղող ընդունող մյուս ընկերությունները մթերած հումքի դիմաց վճարել են: Ի դեպ, «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն, սկսած 2010 թվականից, նախորդ տարիներին եւս ուշացրել է մթերված հումքի դիմաց վճարումները: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ Իջեւանի գինու, կոնյակի գործարանը մարզի խաղողագործների հետ կնքված պայմանագրեր ունի, որոնցով հաստատված ժամանակացույցով վճարում է կես տարի առաջ մթերված խաղողի դիմաց: Ըստ Վ. Սուքոյանի՝ այդ վճարումները կկատարվեն մինչեւ ապրիլի 1-ը: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը տեղյակ չէր, թե գործարանը դեռ ինչքան գումար է պարտք Իջեւանի եւ Բերդի տարածաշրջանների խաղողագործներին: Խնդրի առնչությամբ կապ հաստատեցինք Իջեւանի գինու, կոնյակի գործարանի տնօրեն Արտոմ Եգորյանի հետ, ով գործարանի` գյուղացիներին ունեցած պարտքի վերաբերյալ մեր հարցին արտառոց պատասխան տվեց` ասելով, թե այդ մասին մեկ այլ լրատվամիջոցի ինքը հարցազրույց է տվել եւ այդ թեմայով այլեւս չի ցանկանում լրագրողներին տեղեկատվություն տալ: Նա չցանկացավ հայտնել, թե որ լրատվամիջոցին է հարցազրույց տվել եւ ինչից է դժգոհ:
Ինչեւէ: Ուսումնասիրեցինք Իջեւանի գինու գործարանի ինտերնետային կայքը, որտեղ տեղեկություններ կային գործարանի պատմության արտադրանքի, առաքման շուկաների, բայց ոչ խաղողագործներին ունեցած պարտքի մասին: Շքեղ, եռալեզու՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, կայքում գովազդային արտահայտություններ կան, օրինակ՝ «Իրավմամբ, Իջեւանի գինու գործարանը համարվում է Տավուշի մարզի դարպասը եւ իր անկրկնելի արտադրանքով աշխարհին է ներկայացնում Տավուշի մարզը եւ Հայաստան աշխարհը»: Նկատենք, որ Իջեւանն իր աշխարհագրական դիրքով Տավուշի մարզի կենտրոնում է եւ չի կարող մարզի դարպասը հանդիսանալ: Գինու գործարանն էլ գտնվում է Իջեւանի հարավային մուտքին: Բացի այդ` լավ կլիներ, որ ձեռնարկության ղեկավարությունը գործարանի շենքի ճակատին մի քանի էլեկտրական լամպ տեղադրեր, որ գիշերները մարզկենտրոն Իջեւանի հարավային մուտքը՝ «Տավուշի մարզի դարպասը» խավարի մեջ չկորեր:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՓԱԿՈՒՄ ԵՆ
Reuters-ի հաղորդմամբ` Գերմանիան Ստամբուլում փակում է իր հյուպատոսարանը, որոշում է կայացվել փակել նաեւ Ստամբուլում գործող գերմանական դպրոցը: Գործակալության ներկայացմամբ` որոշումը պայմանավորված է երկրում ահաբեկչական հարձակումների վտանգով:




Լրահոս