ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Ձեզ հուզող հարցերի պատասխանները կգտնեք մեր կայքում:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե քաղաքացիական ծառայողի նկատմամբ ի՞նչ ժամկետներում կարող է կարգապահական տույժ կիրառվել:
Իրինա Մխոյան (41 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Մխոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամuից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման oրվանից՝ չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը: Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամuից ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու oրվանից: Ընդ որում՝ նշված երկու դրույթները գործում են միաժամանակ, այսինքն՝ կարգապահական խախտում կատարելու համար քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող է կարգապահական տույժ կիրառվել միայն այն դեպքում, եթե տվյալ խախտումը կատարելու օրվանից չի անցել վեց ամսից ավելի եւ եթե տվյալ կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից չի անցել երեք ամսից ավելի՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու պատճառով քաղաքացիական ծառայողի աշխատանքի չներկայանալու ժամկետը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ մինչեւ կարգապահական տույժ նշանակելը պետք է բացատրություն պահանջվի կարգապահական խախտում թույլ տված քաղաքացիական ծառայողից: Ի դեպ, եթե քաղաքացիական ծառայողը կարգապահական տույժ նշանակելու օրվանից մեկ տարվա ընթացքում նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված: Հավելենք, որ կարգապահական տույժը կարող է հանվել մինչեւ մեկ տարին լրանալը, եթե քաղաքացիական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում եւ դրսեւորել է իրեն որպես բարեխիղճ ծառայող: Վերջում հարկ ենք համարում տեղեկացնել, որ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է: