ՆԱԽԱՐԱՐԻ ԿԻՆԸ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱ՞ՄԲ ԿԶԲԱՂՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանն իր հետ նախարարություն բերեց նաեւ իր կադրերին, որոնց հետ աշխատել էր անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեում: Մինչդեռ էնեգետիկան եւ բնական պաշարներն այն ոլորտներից են, որտեղ անհրաժեշտ են նեղ մասնագիտական կարողություններ: Օրինակ՝ այսօր «կադաստրային կադրերով» է լցված ընդերքի պետական տեսչությունը, օգտակար հանածոների պաշարների գնահատման կոմիտեն եւ այլն: Արդյոք նորանշանակ նախարար Լեւոն Յոլյանը կադրային փոփոխություններ կիրականացնի: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանի հետ:

-Պարո՛ն Յոլյան, ԷԲ նախկին նախարար Երվանդ Զախարյանը իր պաշտոնավարման տարիներին նախարարությունը լցրել է անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեի իր կադրերով: Ընդ որում, նրանց նշանակել է այնպիսի կարեւոր պաշտոններում, որոնք նեղ մասնագիտացում են պահանջում: Դուք առաջիկայում կադրային փոփոխություններ իրականացնելո՞ւ եք: Ինչպե՞ս եք վարվելու Զախարյանի կադրերի հետ:
-Ես ընդհանրապես իմ կյանքի ընթացքում կադրերին վերաբերվում եմ հետեւյալ կերպ. կապ չունի, թե ինքը որտեղի՞ց է, ո՞վ է, ի՞նչ է, եթե նա ունակ է, պրոֆեսիանալ եւ կարող է աշխատանքները առաջ տանել, միանշանակ այդ մարդը մնալու է իր տեղում: Իսկ ովքեր, ըստ իս, չեն համապատասխանի այդ չափանիշներին, կփորձեմ նրանց փոխարինել ավելի բանիմաց մարդկանցով: Ես այսօրվա դրությամբ ոչ ոքի ո՛չ գործից ազատել եմ եւ ո՛չ էլ նշանակել: Նույնիսկ թափուր հաստիքներ կան: Ես ուզում եմ ամբողջությամբ հասկանալ իրավիճակը: Հասկանալ, թե ով ինձ օպտիմալ, մաքսիմալ օգուտ կարող է տալ: Ըստ դրա էլ կորոշեմ: Իսկ թե ո՞վ կամ ո՞ւմ է բերել, դա ինձ դեռ չի հետաքրքրում:
-Ըստ որոշ տեղեկությունների՝ օգտակար հանածոների պաշարների գնահատման կոմիտեի աշխատակիցները անտարբեր են աշխատում: Օրինակ՝ նրանք օգտակար հանածոների պաշարները գնահատում են 1-2 շաբաթվա ընթացքում, մինչդեռ այն գնահատելու համար անհրաժեշտ է մոտ 1 տարի կամ ավելի երկար ժամանակ:
-Տեղյակ չեմ…
-Այս մասին նույնիսկ բողոք-նամակ կա, որը ուղարկվել է ՀՀ նախագահի նստավայր: Բողոք-նամակի մասի՞ն էլ տեղեկություն չունեք:
-Ես չեմ տեսել այդ նամակը: Տեղյակ չեմ: Քննարկում կլինի, կմասնակցեմ, կնայեմ:
-Պարո՛ն Յոլյան, «Դրաղեգ մետալ» ընկերությունը Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ոսկեբեր տեղամասի տարածքում նախատեսում է երկրաբանական ուսումնասիրություններ անցկացնել՝ ոսկու հանքավայր շահագործելու նպատակով: Այս ընկերության հիմնադիրը Ձեր կինն է՝ Անուշ Ասլանյանը: Այս մասին ի՞նչ կասեք:
-Կինս տնտեսագետ է, եւ այդ ընկերությունը չի գործում, գործունեություն չի ծավալում եւ չի էլ ծավալել: Մոտ 7-8 ամիս է, ինչ չի գործում «Դրաղեգ մետալ» ընկերությունը եւ, ամենայն հավանականությամբ, չի էլ աշխատի: Չնայած որ ես այդտեղ վատ բան չեմ տեսնում, որ անգամ կինս ընդերքով զբաղվի: Բայց հաշվի առնելով, որ ես նախարար եմ, այդ բոլոր գործերը փակվել են:
-Պարո՛ն նախարար, Ձեր կինը եւ երեխաները երկար ժամանակ ԱՄՆ-ում էին բնակվում: Նրանք արդեն վերադարձե՞լ են:
-Մեծ աղջիկս 2001 թվականից բնակվում է Ամերիկայում, ավարտել է ամերիկյան բուհը, նրա ամուսինը գիտնական է, դասավանդում է համալսարանում, պրոֆեսոր է: Իրենք բնակվում են այնտեղ՝ ԱՄՆ-ում:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Դրաղեգ մետալ» ընկերությունը Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ոսկեբեր տեղամաս տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ անցկացնելու համար թույլտվությունը ստացել է անցած տարվա հուլիսի 22-ին` մեկ տարի ժամկետով:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ` ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ»

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց 2010թ. ընդունված «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան պետական նպատակային ծրագրում» կատարված փոփոխությունները:

Ըստ ծրագրի՝ մինչ այս գործող չափանիշների` երիտասարդ էին համարվում եւ հիփոթեքային վարկ կարող էին ստանալ այն ընտանիքները, որտեղ ամուսիններից առնվազն մեկը ՀՀ 18-30 (ներառյալ) տարեկան քաղաքացի էր, իսկ ամուսինների տարիքային գումարը չէր գերազանցում 60-ը, եւ միաժամանակ նրանցից ոչ մեկի տարիքը չէր գերազանցում 35-ը (ներառյալ), ինչպես նաեւ եթե երիտասարդը երեխա ունեցող միայնակ ծնող էր, եւ վերջինիս տարիքը չէր գերազանցում 30-ը (ներառյալ):
Կատարված փոփոխություններով՝ ծրագրին մասնակցելու համար ամուսինների ընդհանուր տարիքը 60 տարեկանից դարձել է 65: Սահմանված գույքի առավելագույն արժեքի` 16 մլն-ի փոխարեն այժմ երիտասարդ ընտանիքները կարող են բնակարան ձեռք բերել մինչեւ 25 մլն դրամ արժողությամբ, եւ եթե 16 մլն դրամի դեպքում կառավարությունը տրամադրում էր 11.2 մլն դրամ, ապա համաձայն փոփոխությունների՝ այն իր վրա է վերցնում 17.5 մլն դրամ վարկային ռեսուրսի տրամադրումը: Կախված ձեռք բերվող գույքից՝ կանխավճարը կարող է կազմել 10-30%, օրինակ՝ եթե գույքի գինը կազմում է 18-18.5 մլն դրամ, կանխավճարը կազմում է 10%, իսկ եթե առավելագույն` 25 մլն դրամ, ապա՝ 30 %: Փոխնախարարը նաեւ նշեց, որ ծրագրի մեկնարկից ի վեր` 2010թ. մինչեւ 2016թ. մարտի 9-ը, տրամադրվել է 2034 վարկ՝ ընդհանուր 15 մլրդ 237 մլն դրամ, որից 966-ը՝ Երեւանում, 8.8 մլրդ դրամ գումարով, իսկ մարզերում՝ 1068 վարկ՝ 6.4 մլրդ դրամ գումարով:
Արսեն Քարամյանի խոսքով՝ այն ընտանիքները, որոնք նախքան կատարված փոփոխությունները չեն համապատասխանել ընդհանուր չափանիշներին եւ դուրս են մնացել ծրագրից, հնարավորություն են ստանալու կրկին դիմել ծրագրին:

ՍՅՈՒԶԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ




Լրահոս