ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ԲԵՆԶԻՆԸ ԹԱՆԿ ԳՆՈՎ Է ԳՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արմավիրի մարզն ունի 97 գյուղ, որոնցում առկա բազմաթիվ խնդիրները տարիներ շարունակ չեն լուծվում: Օրինակ` մարզի Կողբավան գյուղում մարդիկ խմելու ջուրը գնում են, որովհետեւ ջրագիծ քաշելու համար հսկայական գումարներ են պետք, որը գյուղապետարանը չունի: Նույն գյուղում նաեւ դպրոց չկա: Մարզի բնակիչները բանկերից եւ այլ վարկային կազմակերպություններից վերցրած վարկերով են գոյատեւում, որոնց մեծ մասը չմարելու հետեւանքով դարձել են ժամկետանց՝ այդպես կուտակելով հսկայական պարտքեր:

Նույն մարզի սահմանամերձ Բագարան, Երվանդաշատ գյուղերում երկար ժամանակ է, ինչ հասարակական տրանսպորտ չկա: Գյուղեր կան, որտեղ մանկապարտեզ չկա: Թեեւ պետական միջոցներից որոշակի գումար հատկացվում է նաեւ գյուղապետարանների գնումների համար, սակայն դրանք այնքան չնչին են, որ մանկապարտեզ կառուցելու կամ ջրագիծ անցկացնելու մասին խոսելն անգամ ավելորդ է:
Եվ այս իրավիճակում առկա խնդիրները լուծելու կամ փոքր-ինչ մեղմելու փոխարեն մարզպետարանը ընթացիկ տարվա համար նախատեսված գնումների գործընթացում գերավճարներ է կատարում:
Օրինակ՝ մարզպետարանի աշխատակազմը ընթացիկ տարվա համար գնել է ավելի քան 7 տոննա պրեմիում տեսակի բենզին՝ 3 մլն 307 հազար 500 դրամով, որի յուրաքանչյուր լիտրի համար վճարել է 450 դրամ: Անհասկանալի է, թե ինչու է մարզպետարանը գնել ավելի թանկ պրեմիում տեսակի բենզին, այն դեպքում, երբ մարզում հրատապ լուծում պահանջող խնդիրները բազմահազար են, իսկ պետական միջոցները` սուղ: Դեռ ավելին՝ պրեմիում տեսակի բենզինը գնվել է 450 դրամով, այն դեպքում, երբ այսօր բենզալցակայաններում կոնկրետ այդ տեսակի բենզինի մեկ լիտրը յուրաքանչյուրը կարող է գնել 390-400 դրամով:
Չբավարարվելով պրեմիում տեսակի բենզինով՝ մարզպետարանը ընթացիկ տարվա համար գնել է նաեւ ռեգուլյար տեսակի բենզին, ավելի քան 8.5 տոննա՝ մոտ 3 մլն 690 հազար դրամով: Ինչպես պրեմիումի, այնպես էլ ռեգուլյարի գնման գործընթացում մարզպետարանը գերավճար է կատարել` մեկ լիտրի համար վճարելով 430 դրամ, այն դեպքում, երբ այն բենզալցակայաններում վաճառվում է 380-390 դրամով: Ավելորդ է ասել, որ եթե մարզպետարանի աշխատակազմը ողջամիտ գտնվեր, ապա ե՛ւ պրեմիում, ե՛ւ ռեգուլյար տեսակի բենզինի գնման դեպքում հսկայական գումարներ կտնտեսեր:
Բացի այս, մարզպետարանը գնել է նաեւ բութան գազ, որի համար վճարել է 3 մլն դրամ: Այսինքն՝ մեկ խմ-ի դիմաց վճարել է 200 դրամ: Բութան գազի գնման դեպքում նույնպես մարզպետարանը կարող էր գումար տնտեսել եւ ավելի ցածր գնով ձեռք բերել, քանի որ այն ՀՀ տարբեր գազալցակայաններում տարբեր գներով է վաճառվում՝ 170-200 դրամ: Նաեւ մարզպետարանը ավտոպահեստամասեր է գնել՝ մոտ 900 հազար դրամով, իսկ ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար մարզային բյուջեից հատկացվել է 208 հազար դրամ, դրանց լվացման համար՝ 300 հազար դրամ, ապահովագրական ծառայությունների համար՝ 320 հազար դրամ:
Իսկ, ահա, տեղական հեռախոսային ծառայությունների համար մարզային բյուջեից հատկացվել է 1 մլն 800 հազար դրամ, միջքաղաքային հեռախոսային ծառայությունների համար էլ` 3 մլն 309 հազար 400 դրամ: Իսկ մարզպետարանի կոմունալ ծախսերի ընդհանուր վարձը կազմել է 15 մլն 346 հազար 200 դրամ: Ընթացիկ տարում սպառվելիք գազի համար մարզպետարանը նախատեսել է վճարել մոտ 5 մլն 300 հազար դրամ, էլէներգիայի համար՝ մոտ 10 մլն դրամ, իսկ խմելու ջրի համար` մոտ 200 հազար դրամ:
Մարզպետարանը ընթացիկ տարում ծրագրել է նաեւ մշակութային օբյեկտների հիմնանորոգում, որոնց համար նախատեսել է 47.5 մլն դրամ, իսկ դրանց նախագծերի պատրաստման եւ ծախսերի գնահատման համար՝ 2.5 մլն դրամ: Կրթական օբյեկտների հիմնանորոգման համար հատկացվել է մոտ 88 մլն 400 հազար դրամ, որի նախագծերի պատրաստման եւ գնահատման համար հատկացվել է 8.5 մլն դրամ:
Ամփոփելով` նկատենք, որ մարզպետարանները, համայնքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելուց բացի, այլ լուրջ գործառույթներ չունեն կամ էլ դրանք այնպիսին են, որ կարող են իրականացվել համապատասխան նախարարությունների կողմից: Եւ եթե մի գեղեցիկ օր մարզպետարանները փակվեն, ապա ո՛չ պետական կառավարումը, ո՛չ էլ տեղական ինքնակառավարումը դրանից առանձնապես չեն տուժի: Ընդհակառակը, կխնայվեն հսկայական պետական միջոցներ: Իսկ թե ինչ չափի, կարելի է պատկերացում կազմել հենց Արմավիրի մարզպետարանի գնումների օրինակով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՈՐՈՇ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ՓԱԿ ԵՆ
ՀՀ տրանսպորտի եւ կապի ծառայությունը հայտնում է, որ Վարդենյաց լեռնանցքը եւ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են, մի շարք ավտոճանապարհներին ձյուն եւ մերկասառույց է: Երեկ Ապարանի, Սեւանի, Գավառի, Ստեփանավանի, Թումանյանի, ինչպես նաեւ Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էր: Գորիսի, Կապանի, Մեղրու եւ Բերձորի տարածաշրջաններում տեղում էր ձյուն: Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները երեկվա դրությամբ բաց էին:

 

 

ՍՊԱՍՎՈՒՄ Է  ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 20-ին ՀՀ լեռնային գոտում եւ նախալեռնային տարածաշրջաններում դիտվել են ձյան տեսքով տեղումներ` որոշ հատվածներում առատ, իսկ ցածրադիր գոտում` հիմնականում անձրեւի տեսքով:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» տվյալներով՝ Արմավիրում օդում արձանագրվել է -4, Արտաշատում` -2, Արարատում` 0-ին մոտ, Արենիում` -2, Բագրատաշենում` -2, իսկ հողի մակերեւույթին` անհամեմատ ավելի ցածր ջերմաստիճաններ: Արմավիրի մարզի Արմավիրի եւ Էջմիածնի տարածաշրջաններում, Բաղրամյանի տարածաշրջանի առանձին համայնքներում, Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում ցածր ջերմաստիճանի հետեւանքով ավելի արտահայտված վնասվել են ծիրանենու թաց ծաղիկերն ու նոր բացվող բողբոջները:
Մեղրու տարածաշրջանը չի տուժել, թույլ վնասներ կան Տավուշի եւ Լոռու մարզերում: Վայոց ձորի մարզում հիմնականում տուժել է Արենի գյուղը, մասամբ` Ռինդը եւ մի քանի համայնքներ: Կոտայքի, Արագածոտնի մարզերի համայնքներում ծիրանենին դեռեւս հիմնականում գտնվում է բողբոջի փուլում:
Տեղեկացնենք, որ առաջիկա գիշերվա ընթացքում նույնպես կանխատեսվում են ցրտահարություններ, այնուհետեւ՝ ջերմաստիճանի զգալի բարձրացում: Ցրտահարությունից տուժած ծիրանենու այգիներում ներկայումս մասնագետների կողմից իրականացվում են ուսումնասիրություններ ու դիտարկումներ: Արդյունքների վերաբերյալ մեկշաբաթյա ժամկետում նախարարությունը կներկայացնի համապատասխան տեղեկատվություն:

 

 

ՍՊԱՆՎԵԼ Է ԻՊ ԱՀԱԲԵԿԻՉԸ
Ռաքքա քաղաքում սիրիական ռազմաօդային ուժերի ավիահարվածների արդյունքում սպանվել է «Իսլամական պետության» ահաբեկիչ Ֆաուազ Մուհամադ Ալ Քուրդին, ով առավել հայտնի էր Աբու Ալի Ալ-Շարի մականվամբ: Նա մահապատժի է ենթարկել 250 մարդու, այդ թվում՝ խաղաղ բնակիչների եւ սիրիական բանակի զինծառայողների:

 

 

 

ԴԱՏԱՐԱՆԸ  ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉԵԼ
Ռոստովի շրջանի Դոնեցկի քաղաքային դատարանը երեկ մեղավոր է ճանաչել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին՝ Դոնեցկում ռուս լրագրողների սպանության համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` Սավչենկոն մեղավոր է ճանաչվել 2014թ. ամռանը Դոնբասում Համառուսական պետական հեռուստատեսային եւ ռադիոհեռարձակման ընկերության լրագրողներ Իգոր Կորնելյուկի եւ Անտոն Բոլոշինի սպանության մեջ, ինչպես նաեւ խաղաղ բնակիչների վրա մահափորձերի եւ ՌԴ սահմանն անօրինական անցնելու մեջ: Սավչենկոյի պատժի ժամկետը կհնչեցվի մարտի 22-ին:

 

ՊԱՏՄԱԿԱՆ ԱՅՑ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին մեկնել է Կուբա, նրան ուղեկցում են կինը եւ դուստրերը: Կուբայի բնակիչները հույս ունեն, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցով իրենց կյանքը կփոխվի եւ կբարելավվի: Տեղացիները ամենամեծ հույսերը կապում են տնտեսական կապերի զարգացման հետ: Ներկա պահին երկրում հիմնական ներկրումը իրականացվում է Եվրոպայից, Չինաստանից, Կանադայից եւ Բրազիլիայից, ինչի պատճառով ապրանքների գները շատ բարձր են: Կուբացիները հավատում են, որ Օբամայի այցից հետո խանութներում կհայտնվեն ավելի էժան եւ տարատեսակ ապրանքներ:
Ոմանք էլ հույս են կապում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հետ, քանի որ երկրում խոսքի եւ կրոնի ազատությունը, ինչպես նաեւ համացանցի հասանելիությունը օրակարգային հարցեր են: Նշենք, որ 1928թ. ի վեր, Օբաման ԱՄՆ առաջին նախագահն է, որը այցելել է Կուբա:




Լրահոս