ԼՈՒԾՈՒՄԸ ՀԱՅՏՆԻ Է ԵՎ ԿԱՐԺԵՆԱ 2 ՄԼՆ ԴՈԼԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իշխանություններն անընդհատ կրկնում են, թե իրենք չգիտեն՝ ինչպես լուծել ուռճացված ընտրացուցակների խնդիրը, որպեսզի քաղաքական ուժերը եւ Հայաստանի քաղաքացիները համոզված լինեն, որ ընտրությունների ժամանակ բացակա ընտրողների փոխարեն քվեներ չեն լցոնվել, եւ արդյունքները չեն աղավաղվել: Իրականում այդ խնդիրն ունի շատ պարզ լուծում, եւ «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը մշակելիս այն դիտարկվել է: Նույնիսկ այդ համակարգի ներդրման արժեքն է հաշվարկվել, որը կազմել է շուրջ 2 մլն դոլար, սակայն հետագայում այդ մոտեցումը, չգիտես ինչու, մատնվել է մոռացության:
Նշված համակարգի էությունը կայանում է նրանում, որ ընտրողը քվեարկությանը մասնակցում է միայն նույնականացման քարտով, իսկ ընտրական ցուցակներում լինում են միայն նույնականացման քարտ ստացած ընտրողների անունները: Այս համակարգի ներդրման համար անհրաժեշտ է, որ բոլոր ընտրողներին տրվեն նույնականցման քարտեր: Ամենավերջին տվյալներով՝ ՀՀ քաղաքացիներից նույնականացման քարտ ստացել են 636 հազար 250 հոգի: Այսինքն՝ համակարգի ներդրման դեպքում անհրաժեշտ կլինի թողարկել մոտ 900 հազար նույնականացման քարտ: Ի դեպ, նույնականացման քարտերով ընտրողների գրանցման դեպքում կրկնակի քվեարկողներին հնարավոր կլինի բացահայտել նաեւ նրանց լուսանկարներով: Ավելին՝ եթե ՀՀ իշխանություններն իսկապես ցանկանում են, որ Հայաստանի հանրությունը վստահի քվեարկության արդյունքներին, ապա նրանք կարող են վերը բերված համակարգը ներդնել եւ դրա իրագործումը վստահել ԵԱՀԿ մասնագետներին: Այդ դեպքում ուրիշի, այդ թվում՝ բացակաների փոխարեն քվեարկության վտանգները կվերանան: Բայց, կրկնում ենք, նման բան հնարավոր է միայն մեկ դեպքում, եթե ՀՀ իշխանություններն իսկապես ցանկանում են, որ հանրությունը ընտրությունների արդյունքներին վստահի:

 

 
ՀՀ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանն առաջին անգամ ստիպված է քաղաքական ենթատեքստ ունեցող խնդրի լուծում տալ: Խոսքը ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նախօրեին Հրազդանում հետեւած անձանց բացահայտելու եւ նրանց արարքին իրավական գնահատական տալու մասին է: Պատգամավորը երեկ ՀՀ ԱԱԾ տնօրենին գրություն է ուղարկել՝ նրանից ակնկալելով հետեւյալ հարցերի պատասխանը. «Ովքե՞ր են հետեւել ինձ եւ ինչու՞ են դա արել գաղտնի: Զինվա՞ծ են եղել արդյոք այդ անձինք: Ու՞մ հանձնարարությամբ են իրականացրել անձեռնմխելի անձ հանդիսացող ՀՀ ԱԺ պատգամավորի գաղտնի հետեւումը: Արդյո՞ք Հրազդանում կամ Երեւանում իմ տեղաշարժերին հետեւում են, ու՞մ հանձնարարությամբ եւ ի՞նչ նպատակով են դա իրականացնում»: Ի դեպ, երեկ նաեւ հայտնի դարձավ, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի շտաբն էլ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին` Փաշինյանի կողմից իրենց համայնքի դպրոցի տնօրենների հետ հանդիպելու հանգամանքը ներկայացնելով իբրեւ օրինախախտում: Բայց շատ տնօրեններ հայտարարեցին, որ Նիկոլն իրենց չի ճնշել:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը բանավոր նկատողություն է արել կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանին: Բանն այն է, որ նախարարին լուրեր են հասել, որ Կարապետյանը մի քանի ուսումնարանների տնօրեններից գումար է վերցրել՝ իր ավտոմեքենան նորոգելու համար: Երբ տեսչության պետի այս քայլի մասին տեղեկացել է Լեւոն Մկրտչյանը, նրան դուր չի եկել, ինչի համար նկատողություն է արել Արամ Կարապետյանին: Ի դեպ, ըստ լուրերի՝ նախարարի նկատողությունից հետո տեսչության պետը գումարները հետ է վերադարձրել: Այս լուրերի իսկությունը ճշտելու վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի մամլո խոսնակ Լուսինե Մարգարյանը բացասական պատասխան տվեց: «Ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Լուսինե Մարգարյանը:

 

 

 
Այս տարվա հունվարի կեսերից ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հարազատները բողոքում են, որ անցած տարեվերջին, այսպես ասած, «հանցավոր» խմբի գործով կալանավորված Շիրխանյանն առողջական լուրջ խնդիրներ ունի: Սակայն բողոքներից մեկ ամիս հետո միայն հրահանգվեց հետազոտել կալանավորվածին, որից մեկ ամիս անց նա շտապ վիրահատվեց: Բժիշկները մի կերպ են կարողացել փրկել Շիրխանյանի կյանքը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Վահան Շիրխանյանը թոքի ինֆարկտ է ստացել: Եւ, ինչպես մեզ հայտնեց Շիրխանյանի տիկինը՝ Բուրաստան Շիրխանյանը, իրենք մտադիր են քրեական պատասխանատվության ենթարկել «Երեւան-Կենտրոն» ՔԿ պետ Վահե Պապոյանին, որը բարձր ջերմություն ունեցող, վատ քայլող ու հյուծված կալանավորին հիվանդանոցում բուժման հնարավորություն չի տալիս: Ինչպես նաեւ դիագնոստիկ կենտրոնի եւ ՔԿՀ բժիշկներին, որոնք սխալ ախտորոշում են արել: Նկատենք, որ ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանի նշանակումից հետո բանդայի գործի շրջանակներում կալանավորված անձանց նկատմամբ հսկողությունը երբեմն անհարկի խստացվել է:

 

 

 
ԱՐԺԵԶՐԿՎԱԾ

Մինչ երեկ ողջ աշխարհը ցնցված հետեւում էր Բրյուսելում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստանի նախագահական նստավայրում տեղի էր ունենում պարգեւատրման արարողություն. Սերժ Սարգսյանը հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ բարեգործական ակտիվ գործունեության համար «Փյունիկ» հիմնադրամի ներկայացուցիչներին եւ մի շարք անհատ բարերարների պարգեւատրում էր պետական բարձր պարգեւներով:
Մասնավորապես նա «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգեւատրեց «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Լեւոն Սարգսյանին, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Շահե-Հակոբ Կարամանուկյանին, ինչպես նաեւ երախտագիտության մեդալներով` բարերարներ Սարգիս Կազանչյանին, Վիգեն Չանփարջիին, Արթին Վարդանյանին եւ Արուշ Եսայանին:
Նշենք, որ ամենաբարձր պարգեւի արժանացած Լեւոն Սարգսյանը նույն ինքը` Սերժ Սարգսյանի կրտսեր եղբայրն է: Իհարկե, ժխտել, որ «Փյունիկը» հատկապես անցած 8 տարիներին բավականին կարեւոր եւ ծավալուն ծրագրեր է իրականացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, դժվար է: Եվ այդ հարցում, բնականաբար, իր մասնակցությունն ունի հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար եւ համահիմնադիր Լեւոն Սարգսյանը: Սակայն արդյոք այդքան պարտադիր էր, որ հենց իր ավագ եղբոր ձեռամբ նա ստանար այդ բարձր պարգեւը: Միթե հնարավոր չէր սպասել, օրինակ, եւս երկու տարի եւ հայրենիքին մատուցած ծառայությունների դիմաց գնահատանքի դրսեւորումը ստանալ ՀՀ հաջորդ նախագահից, որը, հուսանք, որեւէ ազգակցական կապ չի ունենա Սարգսյանների գերդաստանի հետ: Առավել եւս, որ նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն՝ հիմնադրամը բարեգործական ծրագրեր է իրականացրել դեռեւս 1998թ-ից եւ կարծես թե առաջիկա տարիներին եւս շարունակելու է իր գործունեությունը:
Իհարկե, ոմանք կարող են ասել, թե ոչ մի նշանակություն չունի այն, որ կրտսեր Սարգսյանը բարձրագույն պետական պարգեւը ստանում է իր ավագ եղբորից, եթե նա իրականում արժանի է դրան: Նման պնդումն, իհարկե, տեղին կլիներ, եթե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում հանրությունն ականատես չլիներ, թե ինչպես են նրա հարազատները մեկը մյուսի հետեւից աղետալի արագությամբ մուլտիմիլիոնատերեր դառնում, եւ վստահ լիներ, որ այդ գործընթացի հետ որեւէ կապ չունի Սերժ Սարգսյանի` նախագահ լինելու հանգամանքը:
Նման բան, սակայն, պատկերացնելն անգամ ծիծաղելի է, եւ հենց այդ պատճառով էլ Լեւոն Սարգսյանի` միգուցե եւ միանգամայն վաստակած այդ պարգեւատրումը ստվերվում է:




Լրահոս