ԱՎՏՈՆԵՐԿՐՈՂՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ Ազգային ժողովը մարտի 17-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ հավանություն տվեց ԵՏՄ անդամ երկրներից ներկրվող մեքենաների համար 20 տոկոսի չափով ավելացված արժեքի հարկ չգանձելու մասին օրինագծին: Սակայն պարզվում է` մեքենա ներկրող քաղաքացիներից ԱԱՀ-ի գանձումները շարունակվում են: Այդ կապակցությամբ «Ժողովուրդ»-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մտահոգ քաղաքացիներից, ովքեր հետաքրքրվում են, թե ի վերջո, երբ է օրենքը սկսելու կիրառվել:

Հիշեցնենք, որ խնդրի մասին բարձրաձայնվեց այս տարվա փետրվարին, երբ ԵՏՄ նախարար Տատյանա Վալովայան Երեւանում հայտարարեց, որ ԱԱՀ-ի հարկումը խիստ հակասում Է ԵՏՄ իրավապայմանագրային պահանջներին: Խոսքը ԵՏՄ երկրներից ավտոմեքենաների ներմուծման ժամանակ Հայաստանի կողմից 20 տոկոս ավելացված արժեքի հարկ գանձելու մասին Էր: Ռուս պաշտոնյայի հայտարարությունից հետո կառավարությունը ընթացք տվեց «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրինագծին: Ըստ այդմ, մեկ տարվա ընթացքում մեկ ֆիզիկական անձը կարող Է ԵՏՄ երկրներից Հայաստան ներկրել մեկ ավտոմեքենա եւ ազատվել 20 տոկոս ԱԱՀ վճարելու պարտավորությունից:
ՀՀ Ազգային ժողովն էլ մարտի 17-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միության երկրներից ներկրվող մեքենաների համար ավելացված արժեքի հարկ չգանձելու մասին օրինագծին: Սակայն չնայած դրան ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծելու դեպքում շարունակվում է 20 տոկոս ԱԱՀ-ի գանձումը:
Տեղեկացնենք, որ 2014 թվականին Հայաստան էր ներկրվել 347 միլիոն դոլարի, իսկ 2015-ին` ընդամենը 196 միլիոն դոլարի տրանսպորտային միջոց:
«Ժողովուրդ»-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հետաքրքրվեց, թե ԵՏՄ տարածքից ավտոմեքենայի ներմուծման դեպքում քաղաքացին որքան ժամանակ կարող է ԱԱՀ չվճարել եւ հայտարարագիր չներկայացնել:
Պարզվեց, որ ԵՏՄ միության անդամ պետություններից ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարումը, հայտարարագրի հարկային ներկայացումը կատարվում է ներմուծման ամսվան հաջորդող ամսվա մինչեւ 20-ը: Իսկ եթե ներմուծված ավտոմեքենան 5 տարուց ավել թողարկման տարեթիվ ունի, պետք է քաղաքացին նաեւ բնապահպանական գումար վճարի՝ ներմուծման օրվանից 10 օրվա ընթացքում, որի չափը կախված է մեքենայի թողարկման տարեթվից. եթե 5-ից մինչեւ 10 տարի է՝ 2 տոկոս, 10-15՝ 10 տոկոս, իսկ 15-ից ավելի դեպքում՝ 20 տոկոս:
«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի՝ 169 պրիմ 1 եւ 170 պրիմ 3 հոդվածներով հարկի գումարը չվճարելու եւ հայտարարագիր չներկայացնելու համար 10-20 հազար դրամի չափով վարչական տուգանք է սահմանվում: Այսինքն՝ հայտարարագիրը, հարկերը եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումները սահմանված ժամկետում չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով: Օրինակ՝ հարկի գումարը չվճարելու համար օրական 0.15 տոկոսի չափով տույժ է հաշվարկվում, իսկ հայտարարագիրը չներկայացնելու համար յուրաքանչյուր լրացված 15 օրվա համար հաշվարկված հարկի գումարի 5 տոկոսի չափով տուգանք:
2014 թվականի 242 համարի օրենքի 6-րդ հոդվածով սահմանվում է հարկման բազան. քաղաքացին պետք է որոշի հարկման բազան՝ ելնելով ապրանքի ձեռքբերման արժեքից ու մինչեւ Հայաստանի սահման կատարված փոխադրման ապահովագրման եւ համանման ծախսերից: Ինչքան կկազմի այդ բազան, դրա 20 տոկոսը արդեն կհաշվարկվի:
Նշենք, որ ՀՀ ԱԺ-ի կողմից օրինագիծը ընդունվելուց հետո այն ուղարկվել է ՀՀ նախագահի վավերացմանը: Սովորաբար եթե հրատապ է լինում օրինագծի վավերացումը, ապա պաշտոնական տեղեկագրում այն սովորականից նույնքան արագ է հայտնվում, որից 10 օր հետո նոր մտնում է ուժի մեջ: Այս դեպքում հնարավոր է, որ մեկ շաբաթ տեւի՝ մինչեւ պաշտոնական տեղեկագրում դրա հրապարակվելը: Այսինքն՝ դա ենթադրում է, որ լավագույն դեպքում 20-25 օր կտեւի, մինչեւ օրենքը ուժի մեջ մտնի:
Մինչդեռ գործընթացները արագացնելու դեպքում օրինագիծը կարող էր արդեն ապրիլի 1-ից ուժի մեջ մտնել: Սակայն այսօր ակնհայտ է, որ տեմպը արհեստական զարգացնելու գործիքներ չեն կիրառվում, եւ ամեն ինչ ընթանալու է սովորական ընթացակարգով: Ամենայն հավանականությամբ, օրենքը կկիրառվի ապրիլին. ամսվա սկզբին, թե վերջին, դեռեւս անհայտ է: Ի դեպ, նախագահականի պաշտոնական կայքէջում Սերժ Սարգսյանի վերջին ստորագրած օրենքները թողարկված են մարտի 4-ի ամսաթվով:
Հ. Գ. «Ժողովուրդ»-ին դիմած ավտոներկրող քաղաքացիները դժգոհում են նաեւ այն փաստից, որ կառավարությունը չի պատրաստվում հետ վերադարձնել մեկ տարի շարունակ քաղաքացիներից ապօրինի գանձած ԱԱՀ-ն: Ըստ կառավարության՝ թեեւ դա օրենսդրական բաց Է եղել, սական կատարված փոփոխությունը հետադարձ ուժ չի կարող ունենալ: Ուստի քաղաքացիներից ապօրինի գանձված գումարները հետ չեն վերադարձվելու:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
Ա. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ «ՎՈՅԱԺՆԵՐԸ»
«Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում գրել էր, որ մարտի 17-ին «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը գտնվել է Բրյուսելում եւ մասնակցել ԵԺԿ գագաթնաժողովին, որին մասնակցում էր նաեւ ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Թեեւ մենք զրուցել էինք նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակ Վահե Մուսինյանի հետ, ու նա չէր հերքել Բաղդասարյանի Բրյուսելում լինելու փաստը, այնուամենայնիվ, «Հայկական վերածնունդ» կուսակցության տեղեկատվական եւ քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանը մեզ հավելյալ հայտնեց. «Ա. Բաղդասարյանը մարտի 17-ին չի գտնվել Բրյուսելում, չի մասնակցել ԵԺԿ գագաթնաժողովին ու Ս. Սարգսյանի հետ չէր կարող հանդիպել»: Ըստ Է. Առաքելյանի` Ա. Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսել է մեկնել մարտի 21-ի առավոտյան, որտեղ տեղի են ունեցել մի շարք բարձր մակարդակի քաղաքական հանդիպումներ, այդ թվում ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: Հանդիպումներ են եղել նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մամուլին այցելության մասին մանրամասն պաշտոնապես կտեղեկացվի:

 

 

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԳՆԱՆՈՒՄ Է
Թուրքական եւ քրդական բանակների միջեւ հակամարտությունն ուժգնանում է: Տեղի բնակիչները, որոնք լքում են Դիարբեքիրը, այլեւս չեն կարողանում ճանաչել քաղաքի փողոցները, որտեղ երբեւէ ապրել են: Դե-ֆակտո քաղաքը 4 ամիս գտնվում է զինվորների շրջափակման ներքո, որտեղ բախումներ են տեղի ունենում երկու կողմերի միջեւ: Եվրոպան գրեթե ուշադրություն չի դարձնում աճող բռնությանը, սակայն քաղաքացիական «լուռ» պատերազմը Թուրքիան վերածում է Սիրիայի: «Անկարան խնդիրներ ունի ոչ միայն սիրիացիների, այլեւ իր, թուրք փախստականների հետ: ԵՄ ներկայացուցիչների գնահատականի համաձայն՝ օգոստոսից ավելի քան 400 հազար մարդ է լքել երկիրը»,-գրել է Pilotico-ն պարբերականը:

 

 

ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԳԱԶՈՎ
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իսրայելական էներգետիկ ընկերությունները բանակցում են միջազգային բանկերի հետ Թուրքիային տարեկան 2 միլիարդ դոլարի բնական գազ վաճառելու հարցի շուրջ: ՌԴ-ի հետ հարաբերությունների սրացման ֆոնին Թուրքիան այլընտրանքային գազի փնտրտուքի մեջ է: Իսրայելն այժմ ցանկանում է Թուրքիային վաճառել տարեկան 10 միլիարդ խմ գազ: Նախագիծն իրագործելու համար բանակցություններ են տարվում Deutsche Bank-ի, Citigroup-ի, HSBC-ի, BNP Paribas-ի, JP Morgan-ի ու Natixis-ի հետ, որպեսզի նրանք ծածկեն նախագծի 65 տոկոսի ֆինանսավորումը:

 

 

ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԻՋՆՈՒՄ ԵՆ
Նավթի համաշխարհային գներն իջնում են Բրյուսելում պայթյունների շարքի մասին հաղորդագրությունների ֆոնին: Brent մակնիշի հյուսիս-ծովյան նավթային խառնուրդի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.14 տոկոսով՝ հասնելով 41.48 դոլարի: WTI թեթեւ նավթի մեկ բարելի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.10 տոկոսով՝ հասնելով 41.48 դոլարի:

 

 

 
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
ԻՆՉՈՒ Է ԿԱՍԵՑՎԵԼ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել բաց նամակով` ուղղված ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Նամակում ՀԲՃ-ն ներկայացրել է Սեւանա լճից ջրառի վերահսկողության հետ կապված մի շարք մտահոգություններ:

Վերջին 6 տարիների ընթացքում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է ընդամենը 20 սանտիմետրով, ինչն առաջ է բերել բազմաթիվ հարցեր եւ մեկնաբանություններ, որոնք, ըստ էության, մնացել են անպատասխան:
Քանի որ բնապահպանական հարցերով զբաղվող քաղաքացիներն ու կազմակերպությունները թերահավատորեն են վերաբերվում Սեւանա լճից բաց թողնվող եւ լիճ մուտք գործող ջրի ծավալների պաշտոնական տվյալներին, ինչպես նաեւ Հայաստանի հիմնական ջրամբարների լցվածության ցուցանիշներին, ապա առաջարկում ենք ՀՀ կառավարությանը իրականացնել հետեւյալ նվազագույն գործողությունները, որոնք որոշ չափով կփարատեն մեր բոլորի կասկածները:
1. Շտապ գործարկել Սեւանա լճից բաց թողնվող եւ Արփա-Սեւան թունելով լիճ մուտք գործող ջրի ծավալների շուրջօրյա վերահսկման ավտոմատ համակարգ, որպեսզի ցանկացած ՀՀ քաղաքացի հնարավորություն ունենա առցանց հետեւել այդ գործընթացին:
2. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքերում տեղադրել ամենօրյա տեղեկատվություն Սեւանա լճի ջրի մակարդակի, մուտք եւ ելք եղած ջրի քանակների մասին: Ամենօրյա տեղեկատվություն տեղադրել նաեւ ՀՀ գլխավոր ջրամբարների լցվածության մասին:
3. Հստակ եւ հասկանալի բացատրություն ներկայացնել ժողովրդին այն մասին, թե ինչո՞ւ պաշտոնական գործարկման օրվանից՝ 2004թ. ապրիլի 26-ից առ այսօր ընդհանրապես չի գործում Որոտան-Արփա թունելը, եւ ինչու են այսքան երկարաձգվում ու երբ են, ի վերջո, ավարտվելու Արփա-Սեւան թունելի վերանորոգման աշխատանքները:
Այս առաջնահերթ քայլերն իրականացնելու դեպքում միայն հանրությունը կարող է քիչ թե շատ վստահություն ունենալ պետական մարմինների ներկայացրած պաշտոնական թվերի եւ պարզաբանումների նկատմամբ:




Լրահոս