Ապրիլի 6-ից մեծ էկրան կբարձրանա «Մենք ֆիլմ» ընկերության, Համազգային թատրոնի եւ «ԷՍԷՅՋ» պրոդաքշնի ներկայացրած «Վա՜յ, մամա՛ ջան…» կինոկատակերգությունը, որի ռեժիսորը եւ սցենարի հեղինակը Սերգեյ Հայրապետյանն է: Ֆիլմում նկարահանվել են Արման Նավասարդյանը, Դավիթ Հակոբյանը, Սերգեյ Դանիելյանը, Գագիկ Մադոյանը, Տաթեւ Ղազարյանը, Ալլա Սահակյանը, Արմինե Պողոսյանը եւ այլք: Կատակերգությունը մի բժշկի մասին է, որը պատրաստվում է զբաղեցնել գլխավոր բժշկի պաշտոնը, եւ իր կարիերայի համար կարեւոր նշանակություն ունեցող օրը, երբ պետք է միջազգային գիտաժողովի բացումն անի, ընկնում է խառնաշփոթ իրավիճակի մեջ:
Ս. Հայրապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հանդիսատեսին կներկայացնեն Լեոնիդ Գայդայի ֆիլմերի ոճի իրավիճակային կոմեդիա` գրոտեսկային կերպարներով: Սա Հայաստանում այն եզակի դեպքերից է, երբ ֆիլմ արտադրող ընկերությունը համագործակցում է թատրոնի հետ. «Նման նախադեպ արտերկրում, իհարկե, կա, բայց այդ փորձը Հայաստանում տարածում չունի: Մենք դեռ մեկ տարի առաջ զրուցեցինք Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ, որոշեցինք նման նախագիծ իրականացնել: Ուսումնասիրելով թատրոնի դերասաններին` հասկացա, որ կարող ենք միասին ստանալ այն, ինչ ուզում ենք: Ֆիլմի շուրջ հավաքվել է պրոֆեսիոնալ դերասանական կազմ, ուստի համագործակցությունը շատ հեշտ ստացվեց»,-ասաց ռեժիսորը:
Ֆիլմը նկարահանվել է 2015-ի ամռանը, մեծ մասամբ Գյումրիում: Անձնակազմի առջեւ ծառացած գլխավոր խնդիրներից մեկը եղել է ուժեղ շոգը: Մեկ այլ խոչընդոտ էլ ծագել է դերասանուհի Արմինե Պողոսյանի` պատշգամբից ընկնելու տեսարանը նկարահանելիս. «Իհարկե, մենք այդ հատվածները նկարահանել ենք կասկադյորների օգնությամբ, սակայն այդ գործընթացը երկար տեւեց, քանի որ դերասանուհին շատ էր վախենում բարձրությունից»,-պատմեց նա:
Ա. Պողոսյանն իր հերթին մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ թեեւ ինքը ամենաշատը վախենում է հենց բարձրությունից եւ ջրից, չգիտես ինչու, իրեն միշտ այնպիսի տեսարաններ են բաժին ընկնում, որ դրանցից խուսափել չի ստացվում. «Նկարահանումների ընթացքում ներսումս տագնապ կար այդ տեսարանի հետ կապված: Մինչեւ դա հաջողվեց նկարահանել, ես ապրեցի իմ կյանքի ամենասարսափելի պահերը: Շնորհակալ եմ նրանց, ովքեր օգնեցին ինձ այդ գործընթացում»:
Մեկ այլ դերասանուհի` Տաթեւ Ղազարյանը, ով մարմնավորում է գլխավոր հերոսի կնոջը, որն ամեն կերպ փորձում է փրկել ամուսնուն ձախողումից, եւս հայտնվել է սարսափելի իրավիճակում: «Մենք նկարահանվել ենք մորգի տեսարանում, որը պետք է շատ զավեշտալի լիներ, բայց բոլորս, գտնվելով իրական մորգում, այնքան վախեցած էինք, կոնկրետ ես` շատ սարսափած, որ երկար ժամանակ չէինք կարողանում մեզ «հավաքել»»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Տաթեւը:
Նա շեշտեց, որ ինքը՝ իմանալով, որ աշխատելու է իր ընկերների հետ, ֆիլմի 50 տոկոս հաջողությունը համարել է ապահոված:
Դերասաններից Գագիկ Մադոյանն էլ, ով մարմնավորել է ոստիկանի, նշեց, որ իր կերպարը եւս ֆիլմում ստեղծված խառնաշփոթ իրավիճակում ունի իր դերը: «Ինձ հրապուրեց ստեղծագործական կազմի մտածողությունը, եւ ես համաձայնեցի նկարահանվել: Ֆիլմը իր սյուժեով տարբերվում է շուկայի մյուս կատակերգություններից, բացի այդ` այստեղ չեք տեսնի բոլորին հայտնի դեմքերի»:
Դերասանը կարեւորեց թատրոնի եւ ֆիլմ արտադրող ընկերության համագործակցությունը` հույս հայտնելով, որ այն կկրի շարունակական բնույթ:
«ԵՍ ՔԱՅԼՈՒՄ ԵՄ ՀՈՍԱՆՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ»
Երգչուհի Լուսինե Աղաբեկյանն այժմ աշխատում է իր հեղինակած նոր երգի վրա եւ շուտով հանդիսատեսին կներկայացնի դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Իհարկե, նրա խոսքով, սա չի լինի վերջին տեսահոլովակի չափ ծախսատար (դրա բյուջեն կազմել էր 50 հազար դոլար), սակայն Լուսինեն խոստանում է, որ փորձելու է ապահովել բարձր որակ:
Հանդիսատեսի հիշողությունները դեռեւս թարմ են տարիներ առաջ «Հայ սուպեր-սթար» նախագծին մասնակցած այն համեստ աղջնակի մասին, որը տարիների ընթացքում դիմեց մի շարք կտրուկ ոճային փոփոխությունների` որոշ դեպքերում դառնալով անճանաչելի: Արդյո՞ք այս միտումը պայմանավորված է շուկայի պահանջներին համապատասխանելու ձգտումով. «Ես շատ եմ սիրում փոփոխություններ եւ չեմ վախենում դրանցից (իհարկե, ամեն բան չափի մեջ): Իսկ մեր շուկայի պահանջներին համընթաց ես չեմ գնում, հակառակը՝ այդ հոսանքին դեմ եմ քայլում. այդ ուղին այսօր շատ քիչ արտիստներ են ընտրել»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց նա:
Ինչ վերաբերում է արտաքին տեսքի փոփոխություններին, երգչուհին չբացառեց, որ ամեն ինչ դեռ առջեւում է. «Որեւէ փոփոխությունից հետո մեկ, երկու ամիս անց նայում եմ հայելուն եւ շատ եմ նեղվում, երբ ինձ թվում է, թե նույնն եմ մնացել: Պատկերացնում եմ` որքան անհետաքրքիր է հանդիսատեսի համար արտիստին տեսնել նույն սանրվածքով, կեցվածքով ու ոճով»,-նկատեց նա:
Իսկ մեր այն հարցին, թե ինչպես է հաջողվում շուկային հակառակ քայլելով` հոգալ ֆինանսական խնդիրները, Լուսինեն պատասխանեց. «Փառք Աստծո, ամուսինս կողքիս է, եւ ես դրա մասին առայժմ չեմ մտածում»:
Այսօր Լուսինեն ոչ մի ակումբում կամ այլ վայրում չի աշխատում, այնպես որ, նրա կենդանի կատարումները լսելու առիթներ հազվադեպ են ստեղծվում: Արդյո՞ք երգչուհին չի ափսոսում դրա համար. «Եթե խոսքը վերաբերում է մասնագիտական առումով նոր հմտություններ ձեռք բերելուն, ապա ես այդ բացը լրացնում եմ՝ ինքս ինձ վրա աշխատելով: Իսկ համերգներ տարբեր առիթներով երբեմն կազմակերպվում են, եւ ես եւս ստանում եմ հրավերներ»,-մեկնաբանեց նա:
Ամեն արտիստ էլ իր կարիերայի սկզբում ունենում է նպատակներ կամ երազանքներ, որոնք հետագայում հաճախ փոփոխության են ենթարկվում: Մենք հետաքրքրվեցինք` Լուսինեն ունեցել է արդյո՞ք մի ցանկություն, որի մասին այսօր հիշում է ժպիտով. «Այո՛, տարիներ առաջ ես շատ էի ցանկանում դուետ երգել Արսեն Սաֆարյանի հետ, եւ դա իրականացավ «Հայ սուպեր-սթար» նախագծի շրջանակներում, հետո այդ ցանկությունս բումերանգի պես վերադարձավ ինձ, եւ այնպես ստացվեց, որ Արսենի հետ մասնակցեցի համերգների, որոշ նախագծերի շրջանակում եղա ժյուրիի կազմում: Այդ մասին հիշելիս իսկապես ժպտում եմ եւ մտածում, որ, առհասարակ, մեծ ցանկության դեպքում կարող ես հայտնվել մի կետում, որի մասին չէիր էլ երազում»,-եզրափակեց նա:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ «ԱՐՏԱՎԱԶԴ»
Մարտի 26-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Այն կանցկացվի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ եւ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Արարողությանը կմասնակցեն մայրաքաղաքի եւ ՀՀ մարզերի, ինչպես նաեւ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան, Շուշիի Լ. Խանդամիրյանի անվան պետական դրամատիկական թատրոնները: Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ «Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված է Հայաստանի թատերական գործիչների միության 75-ամյակին: Միությունը հիմնադրվել է 1940 թվականի մայիսին` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գուրգեն Ջանիբեկյանի նախաձեռնությամբ: Հոբելյանի առթիվ կհրատարակվի թատերագետ Հայկազ Երանոսյանի` ՀԹԳՄ պատմության մասին գիրքը: «Արտավազդ» մրցանակն այս տարի կտրվի 13 անվանակարգերում:
ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ԾԱԳԵԼ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ընտանիքում նորից խնդիրներ են ծագել: Քիմին, Քորթնիին ու Քլոեին կարող են տուգանել 200 մլն դոլարով, գրում է News.am style-ը` հղում անելով TMZ-ին: Բանն այն է, որ Քարդաշյան քույրերը ժամանակին թողարկել էին Kardashian Beauty կոսմետիկայի հավաքածուն: Բիզնեսը սկսվել էր Boldface ընկերության մասնակցությամբ, որը վերջին պահին դուրս էր եկել գործից՝ փաստի առաջ կանգնեցնելով քույրերին: Այդ ժամանակ Hillair Capital Management ընկերությունը նախագծում 10 մլն դոլար էր ներդրել: Նոր ընկերության հետ նույնպես խնդիրներ են առաջացել. Քարդաշյանների գործընկերների ներկայացուցիչները հայտարարում են, որ քույրերը խախտել են օրենքը ու բավականաչափ չեն գովազդում արտադրանքը, որը էական եկամուտ չի բերում: Դրա համար էլ ընկերությունը հետ է պահանջում իր 10 մլն դոլարը, նաեւ այն գումարը, որը, իր կարծիքով, կարող էր վաստակել պատշաճ գովազդի դեպքում՝ 190 մլն դոլար:
ԿՌՎԱԽՆՁՈՐ ՄԱՏԱՆԻՆ
Ժաննա դ՚Արկին պատկանած մատանին կռվախնձոր է դարձել Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի միջեւ: Երկրներից յուրաքանչյուրը ձգտում է իր մոտ պահել մասունքը: Հիշեցնենք, որ ոսկեջրած արծաթյա մատանին ժամանակին Օռլեանի կույսից խլել էր անգլիացի արքեպիսկոպոսը: The Telegraph-ի փոխանցմամբ` նախորդ ամիս Լոնդոնում աճուրդի ժամանակ այն վաճառվել էր 300.000 ֆունտ ստերլինգով: Մատանին գնել էր ֆրանսիական Le Puy du Fou կազմակերպությունը: Դրանից հետո, պարզվում է, Մեծ Բրիտանիայի կառավարությունը փաստաբանի միջոցով պահանջել է վերադարձնել մատանին: Բրիտանական կողմն իր քայլը հիմնավորել է այն փաստով, որ Le Puy du Fou-ն երկրից նմուշը դուրս է բերել առանց համապատասխան արտոնագրի: