ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի, ապա Լոռու մարզային քննչական վարչության վարույթում շուրջ 10 ամիս կատարված նախաքննությունից հետո, գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչի վարույթին հանձնված՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով մարդուն առևանգելու և ապօրինի կերպով հրազեն պահելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2015 թվականի ապրիլի 16-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Ռուբեն Սարգսյանի կազմակերպմամբ և Արա Գրիգորյանի օժանդակությամբ, Հովհաննես Թորիկյանը և Գոռ Բարսեղյանը, ով ապօրինի կերպով կրել է հրազեն հանդիսացող ատրճանակ-գնդացիր, բռնություն գործադրելով Սպիտակ քաղաքից առևանգել են Էդգար Գյուլազյանին` ցանկանալով վերջինիս տեղափոխել Գյումրի` Ռուբեն Սարգսյանին ունեցած պարտքը չվերադարձնելու վերաբերյալ պարզաբանում կատարելու նպատակով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում Ռուբեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Գոռ Բարսեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, Արա Գրիգորյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Քրեական գործով նաև որոշումներ են կայացվել քննությունից թաքնված Հովհաննես Թորիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոց կալանք ընտրելու, նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
Հիշեցնենք, որ դեռևս ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում Ռուբեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց, դատարանի որոշմամբ, ընտրվել էր կալանավորումը, որը փոխարինվել էր գրավով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռուբեն Սարգսյանը խոչընդոտել է մինչդատական վարույթում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, ուստի համապատասխան հիմնավորմամբ միջնորդություն էր ներկայացվել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը փոխարինելու և կրկին կալանավորելու վերաբերյալ, ինչը դատարանի կողմից բավարարվել էր:
Ռուբեն Սարգսյանի, Գոռ Բարսեղյանի և Արա Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործն անջատվել է հետախուզման մեջ գնտվող Հովհաննես Թորիկյանի վերաբերյալ գործից և մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն