Հարց քաղաքացիներից` արդյոք պարտադի՞ր է ԱՊՊԱ պայմանագիր կնքել մեքենան չվարելու դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել «Ժողովուրդ» օրաթերթին դիմած ընթերցողներին հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք դիմել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ զանգահարելով (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներին: Կարող եք Ձեր հարցերն ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected]  հասցեին:

ՀԱՐՑ. Ես ունեմ ավտոտրանսպորտային միջոց, որը ընդհանրապես չեմ վարում: Խնդրում եմ տեղեկացնել՝ արդյո՞ք պարտադիր պետք է ԱՊՊԱ պայմանագիր կնքեմ, թե ոչ:

Իսահակ Մելիքյան (48 տարեկան, ինժեներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ եթե Դուք չեք վարում Ձեր ավտոտրանսպորտային միջոցը եւ չեք ցանկանում կնքել ԱՊՊԱ պայմանագիր, ապա պետք է ոստիկանության համապատասխան մարմիններում ժամանակավորապես հաշվառումից հանեք այն: Հակառակ պարագայում Դուք պարտավոր եք կնքել ԱՊՊԱ պայմանագիր: Ի դեպ, տեղեկացնենք, որ՝ -առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելը առաջացնում է տուգանքի նշանակում 50.000 ՀՀ դրամի չափով (2014 թվականի հունվարի 1-ից հետո՝ 100.000 ՀՀ դրամի չափով): -ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տեւել է ավելի քան տասն օր, առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր տասն օրվա համար 5.000 ՀՀ դրամ, սակայն յուրաքանչյուր տարվա համար ոչ ավելի քան 50.000 ՀՀ դրամ (2014 թվականի հունվարի 1-ից հետո՝ 100.000 ՀՀ դրամ):

Ավտոապահովագրողների բյուրո

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ահա թե ինչպիսի կլորիկ գումարներ պետք է վատնեն այն վարորդները, որոնք կփորձեն շրջանցել օրենքը: Չնայած սահմանված տուգանքների չափերը, մեղմ ասած, անտրամաբանական են, եւ դրանց փոփոխման համար երկար ժամանակ է, ինչ ավտովարորդներն ու նրանց շահերի պաշտպանները պայքարում են, այդուհանդերձ, ավելի լավ է` ժամանակին կատարել բոլոր մուծումները` խուսափելու համար նման աստղաբաշխական տուգանքներից:




Լրահոս