«Ժողովուրդ»-ը գրել էր այն մասին, որ ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմի ճակատագիրը կախված է օդից: Ռեժիսորն իր ֆիլմի վրա սկսել է աշխատել ավելի քան տասը տարի առաջ: 2010-ին կինոժապավենը հանձնվել է Մոսկվայի «Саламандра» լաբորատորիա:
Ինչպես մեզ հետ զրույցում ավելի վաղ նշել էր ռեժիսորը, քանի որ գումար չի եղել, որպեսզի ֆիլմը սքան արվեր (դրա համար անհրաժեշտ է շուրջ 2.5 միլիոն դրամ), այն մնացել է լաբորատորիայում: Մոտ երկու տարի առաջ, սակայն, ռեժիսորը տեղեկացել է, որ լաբորատորիան փակվել է: Հաջողվել է պարզել, որ ժապավենը տեղափոխել են այլ արխիվ (Госфильмофонд РД): Ա. Շահբազյանի խոսքով` 2014-ի աշնանից մինչեւ այսօր ինքը դիմում է Հայաստանի ազգային կինոկենտրոնին եւ ՀՀ մշակույթի նախարարությանը` ժապավենը սքան անելու եւ Հայաստան բերելու խնդրանքով: Նրա խոսքով` նախարարը խոստացել է կարճ ժամանակահատվածում լուծել խնդիրը, սակայն չի կատարել իր խոստումը:
Մենք խոստացել էինք ներկայացնել նաեւ թեմայի շուրջ ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչների մեկնաբանությունները: «Ժողովուրդ»-ը մշակույթի նախարարությունից հետաքրքրվեց` ինչ քայլեր է մինչ օրս ձեռնարկվել` «Չնչիկ» ֆիլմը սքանավորելու եւ այն փրկելու համար, ի՞նչն է պատճառը, որ նախարար Հասմիկ Պողոսյանն այդպես էլ չի կատարել իր խոստումը:
Նախարարությունից մեզ պատասխանեցին, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանի Դաշնության կինոարխիվում ֆիլմը պահպանելու համար եւ ՀՀ մշակույթի նախարարության հանձնարարությամբ բանակցություններ է տանում համապատասխան կառույցների հետ` այդ նյութերը բարձր ֆորմատով թվային կրիչի վրա տեղափոխելու ուղղությամբ:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն էլ իր հերթին «Ժողովուրդ»ի հետ զրույցում հավաստիացրեց, որ թեեւ ֆիլմի ճակատագրի պատասխանատուն պրոդյուսերն է, ով թողել-գնացել է ԱՄՆ (նկատի ունի ֆիլմի պրոդյուսերներից մեկին` Արայիկ Մնացականյանին, հեղ.), կինոկենտրոնը բանակցություններ է վարում` ֆիլմի պահպանությունն ապահովելու, այն սքանավորելու եւ բարձր որակի կրիչով Հայաստան բերելու ուղղությամբ. «Դրա համար մենք դիմել ենք նախարարությանը եւ խնդրել տրամադրել լրացուցիչ գումար: Մենք անում ենք պրոդյուսերի չարած գործերը: Ի վերջո, սա հայկական ֆիլմ է, պրոդյուսերը չկա, պետք է մենք տիրություն անենք»,-եզրափակեց նա:
«Ժողովուրդ»-ը կհետեւի` որքանով կողմերը կկատարեն իրենց խոստումները, եւ ինչ ճակատագիր կունենա «Չնչիկը»:
Աննա Բաբաջանյան