«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք, չնայած ընդամենը գերատեսչական երկրորդ օղակի ներկայացուցիչ են, այսինքն՝ վարչության պետեր, այնուամենայնիվ, նրանց ստվերային ազդեցությունը կառավարման համակարգի վրա ավելին է: Այդ կարգավիճակին հասնելու համար բավական է, որ ցածր էշելոնի պաշտոնյան նախագահի նստավայրի հետ ուղիղ կոնտակտ ունենալու հնարավորություն ունենա: Այսպիսի պաշտոնյաներից մեկը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանն է:
Հովհաննես Հովսեփյանի՝ ՀՀ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո, այսպես կոչված, «կարգոների» թեման պարբերաբար մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվում: Բայց ողջ խնդիրն այն է, որ այդ համակարգը, որի մասին մամուլը բարձրաձայնում է, իսկ պատկան մարմինները առանձնապես չեն ջանում հերքել, չէր կարող գործել, եթե չունենար Սամվել Սանամյանի ղեկավարած վարչության բարեհաճությունը: Իսկ այդ բարեհաճությունը, ինչպես ընդունված է համակարգում, լինում է «փայ մտնելու» ինստիտուտի աշխատանքի արդյունքում: Հայկական իրականությունը հաշվի առնելով՝ կարելի է համոզված պնդել, որ «կարգոների» վերաբերյալ մամուլում բարձրացած աղմուկի արդյունքում ոչ թե կոռուպցիոն այդ համակարգը կվերացվի, այլ ընդամենը կփոխվեն «աշխատեցնողները», այն էլ ոչ լրիվությամբ:
Օրինակ՝ ՊԵԿ նոր նախագահի առկայությունը որեւէ կերպ չի սպառնա Սամվել Սանամյանի ապագային, քանի որ նա շատ դաժան է պայքարում մաքսանենգության դեմ, եթե համակարգին օտար որեւէ մարդ փորձում է բիզնես սկսել մեր երկրում: Բացի այդ՝ ինչպես հայտնի է՝ Սանամյանը ունի մեկ գլխավոր հմայք՝ նա հայտնի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշ Բարսեղի հարազատ փեսան է` քրոջ ամուսինը: Սանամյանի կարիերայի վերելքը հենց այդ փաստով է պայմանավորված: Քանի որ Բարսեղ Բեգլարյանն իր հերթին սովորական օլիգարխ չէ. նա Սերժ Սարգսյանի պատանեկության ընկերն է, եւ նրանց միջեւ կա նաեւ խաչաձեւ քավոր-սանիկական կապ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: