ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը նախաձեռնել է լարվածության աննախադեպ սրում՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ։ Ադրբեջանական զինված ուժերը հրետակոծման են ենթարկել ոչ միայն ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, ինչը հանգեցրել է զոհերի, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։
Ադրբեջանի կողմից լարվածության նման սրումը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Ստեղծված իրավիճակում ԼՂՀ Պաշտպանության բանակը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։ Հնարավոր հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես ադրբեջանական կողմը, որը հերթական անգամ անպատասխանատու և անիմաստ արկածախնդրություն է ձեռնարկել։
Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչին հրապարակայնորեն ու վճռականորեն դատապարտել Ադրբեջանին՝ իրավիճակի հետևողական սրման, տարածաշրջանում խաղաղության և կայունության խախտման համար»։