Ադրբեջանական կողմը, թեև սկզբում ժխտում էր տեխնիկայի եւ կենդանի ուժի կորստի մասին տեղեկությունները, սակայն արդեն սկսել է հրապարակել ապրիլի 2-ի գիշերը ադրբեջանաղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի սադրանքներին ի պատասխան հայկական ուժերի կողմից խոցված ադրբեջանական Մի24 ուղղաթիռի օդաչուների լուսանկարները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, modern.az կայքը հայտնում է, որ խոցված ուղղաթիռի սպանված օդաչուներն են մայոր Ուրֆան Վելիզադեն եւ մայոր Թեբրիզ Մուստաֆազադեն:
Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ` 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ` 1 ուղղաթիռ: Հակառակորդը հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն ՊԲ բանակի դիրքերը, այլեւ` խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Այս ուղղությամբ ՊԲ հակաիդայինների կողմից խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ եւ 2 տանկ: