ՈՉ ԱՐՀԵՍՏԱԾԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ մեկ տարի առաջ հայ հասարակության առավել ակտիվ հատվածը բաժանվել էր երկու մասի` կապված միասեռականների իրավունքների պաշտպանության հետ: Անցած մայիսին  ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների հավաքատեղի համարվող DIY փաբի պայթեցումը հասարակական եւ լրատվական դաշտի ուշադրության կենտրոնում էր, տարատեսակ ակցիաներ էին անցկացվում` ի պաշտպանություն եւ ընդդեմ միասեռականների: Իրավիճակը էլ ավելի սրվեց հատկապես DIY-ի պայթեցմանը հետեւած, այսպես ասած, «բազմազանության շքերթի» անցկացման փորձից հետո, երբ բանը հասավ  բախումների` միասեռականների պաշտպանների եւ նրանց նկատմամբ ծայրահեղական դիրքորոշում ունեցող երիտասարդների ու որոշ քաղաքական ուժերի միջեւ: Անգամ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ խմբակցության ներկա եւ նախկին անդամներ  Արծվիկ Մինասյանը եւ Հրայր Կարապետյանը միասեռականների դեմ հրապարակային հայտարարություններ արեցին, իսկ վերջիններս նաեւ հանդես եկան DIY փաբը պայթեցնողներին 4 միլիոն դրամ գրավի դիմաց բաց թողնելու երաշխավորների դերում: Եվ տարբեր հարթություններում ընթացող քննարկումներից մի կարճ ժամանակահատված այնպիսի տպավորություն էր ստեղծվել, թե միասեռականների հարցը Հայաստանում առկա ամենալուրջ խնդիրներից մեկն է, թե մեր ժողովուրդը ծայրահեղ անհանդուրժող է նրանց նկատմամբ, իսկ միասեռականների շահերի պաշտպաններն էլ հովանավորվում են իշխանության որոշ բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից: Սակայն կարճ ժամանակ անց հայ հասարակությունն իսպառ մոռացավ թե՛ DIY-ի սեփականատիրոջ, թե՛ փաբը պայթեցնողների եւ թե՛ առհասարակ միասեռականների մասին: Երեկ ավարտվեց փաբի հրկիզման գործով դատավարությունը, որն անցավ արագացված ընթացակարգով: Արդյունքում` դատարանը վճռեց Արամե եւ Համբիկ Խամբազյաններին  դատապարտել 1 տարի եւ 7 ամիս պայմանական ազատազրկման եւ 2 տարի փորձաշրջանի: Ասել է թե` փաբը հրկիզած եղբայրները չեն նստի: Համարժեք է պատիժը, թե ոչ` կարող են լինել տարբեր կարծիքներ, սակայն այն, որ այդ դատավճիռը, ինչպես եւ դատավարությունն առհասարակ,  այլեւս հանրային հետաքրքրության տիրույթից դուրս է, ցույց է տալիս, որ մեկ տարի առաջ բարձրացված հակամիասեռական հիստերիան արհեստածին էր. Հայաստանում չկա միասեռականների խնդիր: Նման կողմնորոշում ունեցողներ ինչպես եղել են, այնպես էլ կլինեն, սակայն նրանց դեմ կամ նրանց կողմ տարբեր հրապարակային ակցիաները  կազմակերպվում են որոշ շրջանակների նեղ շահերից ելնելով` կարճ ժամանակ անց մարելով եւ արդյունքում ինչ-որ տեղ արժեզրկելով քաղաքացիական պայքար հասկացությունը: Մինչդեռ երբ այդ նույն քաղաքացիական պայքարի առարկան իրապես ՀՀ քաղաքացիներին հուզող խնդիր է, ապա այդ պայքարը կասեցնելը դժվար է:




Լրահոս