Կանադան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին շրջանում գրանցված բռնությունների աճով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, Կանադայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Դիոնի տարածած հայտարարության մեջ շեշտվում է, որ Կանադան խորապես հավատում է, որ հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորումը այլընտրանք չունի: «Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, անմիջապես վերադառնալ իրական հրադադարի և ակտիվորեն վերականգնել երկխոսությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», շեշտել է Ստեֆան Դիոնը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-իսահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա ՎաղինակԹաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200 ից ավելի կորուստ: Շարքից հանվել է ընդհանուր առմամբ թշնամական 15 տանկ, մեկ «Գրադ» կայանք: Հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 37 վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00 ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: