Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը (ICIJ), որը գտնվում է Վաշինգտոնում, հրապարակել է 11,5 միլիոն փաստաթղթեր աշխարհի գործող եւ նախկին ղեկավարների օֆշորային հաշիվների մասին տվյալներով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, հաշվետվությունները, որոնց տրվել Է «Պանամական փաստաթղթեր»(Panama Papers) անվանումը, զետեղված են կազմակերպության պաշտոնական կայքում: Հրապարակումները հիմնված են Պանամայի Mossack Fonseca ընկերությունից տեղեկատվության արտահոսի վրա, որն իրավաբանական օժանդակություն է ցույց տալիս օֆշորներում ընկերությունների գրանցման հարցում: Այդ նյութերն, ինչպես պնդում են լրագրողները, ցույց են տալիս աշխարհի մի շարք գործող եւ նախկին ղեկավարների օֆշորային հաշիվների ակտիվությունը:
Հրապարակված նյութերում հիշատակվում են ՉԺՀի նախագահ Սի Ցզինպինի ընտանիքի անդամները, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Մարոկոյի Մուհամեդ VI թագավորը եւ Սաուդյան Արաբիայի Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդ թագավորը, Մեծ Բրիտաանիայի ներկայիս վարչապետ Դեւիդ Քեմերոնի հանգուցյալ հայրը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մի շարք մերձավոր անձինք, ինչպես նաեւ Պակիստանի վարչապետ Նավազ Շաիֆի երեխաները:
Հրապարակված եւ մուտք գործելու համար բաց փաստաթղթերը բովանդակում են նյութեր, մասնավորապես, կապված Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի, Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, Իսլանդիայի վարչապետ Սիգմունդուր Դավիդ Գունլեյգսոնի հետ: Ինչպես գրում Է ICIJ-ն, հրապարակված փաստաթղթերը «ջրի երես են դուրս բերում այն պաշտոնատար անձանց, ովքեր օֆշորային ընեկերություններն օգտագործում են կաշառակերության, զենքի վաճառքի, հարկերի վճարումից խուսափելու, ֆինանսական խարդախության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության գործընթացները հեշտացնելու նպատակով»:
«Պանամական փաստաթղթերում», բացի պաշտոնական փաստաթղթերից, բերված են նաեւ հայտնի մարդկանց էլեկտրոնային նամակագրություններն ու հաշիվները, ինչպես նաեւ շուրջ 40 ժամ տեսագրություններ եւ այլ տեղեկատվություն 21-րդ օֆշորային գոտում ավելի քան 210 հազար ընկերությունների վերաբերյալ: Փաստաթղթերի ուսումնասիրման եւ հրապարակման գործում ներգրավվել են տասնյակ զանգվածային լրատվամիջոցներ ամբողջ աշխարհից, հաղորդել Է ՏԱՍՍը:
Լուսանկարը` AP