ՀՀ ՄԻՊ-ը ՄԱԿ-ին է ներկայացրել ադրբեջանական կողմից խաղաղ բնակիչների նկատմամբ տեղի ունեցող հանցավոր ոտնձգությունների ուսումնասիրությունների արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարների ուշադրությանն է ներկայացրել ադրբեջանական կողմից հայկական քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ տեղի ունեցող հանցավոր ոտնձգությունների, ցուցաբերվող դաժան վերաբերմունքի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև  միջազգային մարդասիրական իրավունքի հատուկ պաշտպանության ներքո գտնվող՝ երեխաների և տարեցների նկատմամբ իրականացվող անթույլատրելի հարձակումների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքներ:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի տարածքում խաղաղ բնակիչների իրավունքների և կյանքի նկատմամբ դաժանության ամենաբարձր աստիճանի հասնող զանգվածային ոտնձգությունները չեն կարող հանդուրժելի լինել: Եվրոպայի խորհրդի տարածքում անընդունելի է ցանկացած նման գործողություն, քանի որ դրանով խախտվում են մարդու իրավունքների եվրոպական բարձր արժեքները և խաթարվում՝ եվրոպական կոնվենցիոն արժեքային համակարգը:

Ներկայացվել են նաև հիմնավորումներ միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար պահանջերի խախտումների մասին:

Համապատասխան հաղորդակցություն է նախաձեռնվել նաև Human Rights Watch, Amnesty International կազմակերպությունների, ԵԱՀԿ-ի, ինչպես նաև օմբուդսմենական միջազգային կազմակերպությունների հետ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ




Լրահոս