«Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Արցախից հաղորդում է, որ երեկ ադրբեջանական մամուլի տարածած լուրերը, թե Մատաղիսը գրավել են, չեն համապատասխանում իրականությանը։ Նա բացատրում է, թե որն է այս սուտ տեղեկության հիմքը. «Երեկ այդ հատվածում ծանր մարտեր էին։ Ադրբեջանական զինուժն իր ունեցած գրեթե ողջ զինտեսականին օգտագործել է նաեւ այդ ուղղությամբ։ Ցավոք, ունեցել ենք զոհեր, երեկ ՊԲ-ն նրանց մասին հաղորդել է։
Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները ենթադրել են, թե դրանից հետո հայկական ուժերը նահանջելու են եւ իրենք հաղթական մտնելու են Մատաղիս։ Բայց լրիվ հակառակն է եղել, այդ գնդակոծություններից, հրետակոծություններից հետո հայկական զինուժը համարժեք պատասխան է տվել։ Հրետանավորները մանրամասն «ծեծել» են հակառակորդին, ինչպես սպաներից մեկն ասաց»։
Է. Բաղդասարյանի խոսքով՝ փախուստը հակառակորդի կողմում է սկսվել. «Նորից դիակներ են թողել ռազմի դաշտում։ Այսօր կփորձենք նաեւ Ղարաբաղի իշխանություններից տեղեկություն ստանալ, թե ինչ է լինելու հակառակորդի դիակների հետ, արդյոք դրանք հանձնելու մասին բանակցություններ ընթանո՞ւմ են, Կարմիր խաչի ներկայացուցիչները դիմե՞լ են, արդյոք, կողմերին»։