Փաստացի պատերազմի 5-րդ օրը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ ղարաբաղա-ադրբեջանական փաստացի պատերազմի հինգերորդ օրը, առավոտյան հայտնի դարձավ, որ թշնամին հայկական դիրքերը հրթիռակոծել է «Սմերչ» տեսակի կայանքներից: Այնուհետեւ օրվա կեսին հայտնի դարձավ, որ միջազգային միջնորդների ջանքերով ռազմաճակատում հրադադար էր հաստատվել, որը սկսել էր գործել ժամը 12.00-ից եւ պահպանվեց մինչեւ 17.00-ն: Երեկոյան կրակոցները կրկին վերականգնվեցին, բայց անհամեմատ թույլ ինտենսիվությամբ եւ առանց հրթիռների կիրառման: Հրադադարի հինգ ժամերի ընթացքում լրահոսի հիմնական քննարկման առարկան այն էր, թե այս դադարը որքան կտեւի եւ ինչ պայմաններով:

Չնայած Արցախը պաշտոնապես ոչ մի պայման չհրապարակեց, սակայն ոչ պաշտոնական խողովակներով տեղեկացրեց զինադադարի իր պայմանը, այն է՝ Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը եւ վերջինիս հետ բանակցություններ սկսի: Նման տարբերակն ադրբեջանական կողմը բնականաբար դեռեւս չի ընդունում: Սակայն կասկածից վեր է, որ երբ հայկական զինուժը շարունակի թշնամուն հզոր հակահարված տալ, առաջ գնալ ու նորանոր հենակետեր նվաճել, ապա Ադրբեջանը, ի վերջո, կհասկա, որ պատերազմի ամեն մի օրը իր համար նշանակում է նորանոր տարածքների կորուստ միայն:

Երեկ երեկոյան ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ գնդապետ Վիկտոր Առուստամյանը հրապարակեց հայկական զինուժի եւ թշնամու կորուստների ընդհանուր պատկերը: Ըստ այդմ, պատերազմի անցած հինգ օրերին ադրբեջանական զինուժը կորցրել է 29 տանկ, 2 ուղղաթիռ, 4 «ԲՄՊ», 12 անօդաչու սարք եւ մեկական «Գրադ» ու «ՏՕՍ 1Ա» կայանքներ: ԼՂՀ պաշտպանության բանակը կորցրել է 14 տանկ: Մենք ունենք 29 զոհ, 101 վիրավոր եւ 28 անհետ կորած: Թշնամու զոհերի թիվը կազմում է մոտ երկու հազար հոգի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս