Հայկական կողմը Ղարաբաղում 4-օրյա մարտերի ընթացքում 50 մարդ է կորցրել, այդ թվում 20-30-ը համարվում են անհետ կորած, հարյուրավոր մարդիկ վիրավոր են: «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում նման հայտարարություն է արել Ռուսաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչության առաջին դասի խորհրդական Արսեն Մելիք-Շահնազարովը:
«Մոտ 26 մարդ համարվում է անհետ կորած, սակայն իրականում նրանք սպանված են: Դրանք այն մարդիկ են, ում մարմինները մնացել են առաջին օրն Ադրբեջանի զավթած դիրքերում»,- ասել է Արսեն Մելիք-Շահնազարովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն ունի ավելի քան 300 զոհ, առնվազն 100 վիրավոր: «Մեծ են նաև տեխնիկական կորուստները: Հայկական կողմը խոստովանել է 14 տանկի կորուստը: Ղարաբաղյան կողմի տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը կորցրել է մոտ 25 տանկ, 50 զրահամեքենա, 2 ուղղաթիռ, 3 «Սոլնցեպյոկ» ծանր հրետանի, ոչնչացել է մոտ 5-6 անօդաչու սարք»,-գործակալությունը մեջբերում է Արսեն Մելիք-Շահնազարովի ոսքը:
Արսեն Մելիք-Շահնազարովի հայտարարության շուրջ ArmLur.am-ը խոսեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ, ով պարզաբանեց, որ
ԼՂՀ մշտական ներկայացուցչության առաջին դասի խորհրդականի խոսքը գործակալությունը սխալ է փոխանցել: ««Կորուստ» կատեգորիան ենթադրում է զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ: Դա ռազմական տերմինաբանություն է: Գործակալությունը վերաշարադրել է, ընդ որում, վատ և սխալ»: