ԼՂՀ ՄԻՊ-ը կդիմի միջազգային կազմակերպություններին, այդ թվում` ՄԻԵԴ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը կօգնեի ԼՂՀ քաղաքացիներին Ադրբեջանի վայրագությունների հարցով դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ օմբուդսմեն Յուրի Հայրապետյանը:

Ինչպես արդեն գրել էինք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարների ուշադրությանն է ներկայացրել ադրբեջանական կողմից հայկական քաղաքացիական բնակավայրերի եւ խաղաղ բնակիչների նկատմամբ տեղի ունեցող հանցավոր ոտնձգությունների, ցուցաբերվող դաժան վերաբերմունքի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի հատուկ պաշտպանության ներքո գտնվող երեխաների եւ տարեցների նկատմամբ իրականացվող անթույլատրելի հարձակումների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքներ: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի տարածքում խաղաղ բնակիչների իրավունքների եւ կյանքի նկատմամբ դաժանության ամենաբարձր աստիճանի հասնող զանգվածային ոտնձգությունները չեն կարող հանդուրժելի լինել:

«Ժողովուրդ»-ը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի հետ:

-Պարո՛ն Հայրապետյան, կասեք, թե այս ընթացքում ԼՂՀ օմբուդսմենի գրասենյակը միջազգային կառույցներից կոնկրետ ո՞ւմ է դիմել:

-Ապրիլի 2-ից սկսած որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան այդ հարցով դիմել եմ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին: Ավելին՝ լինելով օմբուդսմենի Եվրոպական ինստիտուտի անդամ՝ դիմել եմ այդ ինստիտուտի նախագահին եւ գլխավոր քարտուղարին եւ այլ եվրոպական հասարակական կազմակերպությունների: Իմ դիմումում խնդրել եմ, որ իրենք օգտագործեն օմբուդսմենի ինստիտուտի կարողությունները, դիմեն այն Եվրոպական պետություններին, որոնք ընդգրկված են այդ համակարգում` կոչ անելով Ադրբեջանին, որ վերջինս դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները:

-Անցել է 4 օր Ձեր ներկայացրած դիմումից, արձագանքներ կա՞ն:

-Պարզ է, որ ո՛չ ՄԱԿ-ից եւ ո՛չ էլ մի շարք այլ կազմակերպություններից դեռեւս որեւէ արձագանք չկա: Հասկանում եմ, որ չեն պատասխանում հենց այդ պատճառով, որ որպես չճանաչված պետության պետական ներկայացուցիչ է իրենց դիմել: Սակայն համոզված եմ, ավելի շուտ հույս եմ հայտնում, որ մարդիկ մտահոգված են եւ ինչ-որ քայլեր անում են, իսկ թե ինչ, չեմ կարողա ասել, բայց ինչ-որ մի ձեւ այդ արձագանքը կերեւա: Իսկ, ահա, օմբուդսմենի Եվրոպական ինստիտուտը, որի անդամ եմ, համոզված եմ՝ իրենցից արձագանք կլինի, քանի որ դեռ ապրիլի 4-ին են նամակը ներկայացրել, երեւի թե այսօր կստանամ պատասխանը: Նշեմ, որ մենք այս պահին, որքանով ռազմական դրությունը թույլ է տալիս, զբաղված ենք ուսումնասիրությամբ, թե ինչքան մարդ է տուժել այդ վայրագություններից: Եվ պատրաստվում ենք հայտարարություն անել, որ այն մարդիկ, որոնք ցանկանում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մենք կօգնենք իրենց: Գտնում եմ, որ տեղի ունեցածը հանցագործություն է, եւ այդ հարցով զբաղվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազությունը, բայց մենք եւս անելիքներ ունենք: Մեր առաջնային խնդիրն այն է, որ օգնենք մարդկանց, դիմեն Մարդու իրավունքների Եվրոպական դատարան` բողոքարկելու Ադրբեջանի գործողությունները: Այսինքն՝ այն, որ իրենք ԼՂՀ քաղաքացիներ են, չի սահմանափակում իրենց իրավունքները Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմելու հարցում: Այստեղ կարեւոր է նաեւ այն, որ Ադրբեջանը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, Եվրոպական կոնվենցիայի կողմ է եւ այսօր իրավունք է խախտում :

-Երեկ ԼՂՀ գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել ԼՂՀ քրեական օրենսգրքի 410 (Ագրեսիվ պատերազմ) եւ 416 (Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) հոդվածներով: Միաժամանակ, գլխավոր դատախազի հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ` ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության պետի գլխավորությամբ, եւ տվյալ գործով նախաքննությունը հանձնարարվել է այդ քննչական խմբին: Տեղյա՞կ եք՝ ի՞նչ փուլում է հարուցված քրեական գործի ընթացքը:

-Քրեական գործի նյութերը չեն հրապարակվում, քանի որ օրենքն է դա նախատեսում: Բայց փաստ է մեկ բան, որ հարուցված է քրեական գործ, մարդիկ տուժած են ճանաչվում այդ հանցագործություններից, փաստեր են արձանագրվում, մարդկանց հարցաքննում են, եւ գործընթացը գնում է: Իսկ թե ինչ փուլում է, ու ինչքան մարդ է այս պահի դրությամբ հավաքագրվել, չեմ կարող հայտնել: Թույլ տվեք նաեւ ասել, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը մեզ շատ մեծ օգնություն է բերում, եւ այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մեր կողքին է, ցանկացած հարցով օգնում է:

Քնար Մանուկյան




Լրահոս