Ակնհայտ է, որ Ադրբեջանն է խախտել Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը, քանի որ նա շահագրգռված չէ ստատուս քվոյով: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Политика» հաղորդման ժամանակ։
Հաղորդման ընթացքում նշվել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի մասին։
«Զենքը վաճառվում է ամբողջ աշխարհում և բոլոր երկրների կողմից։ Ադրբեջանը, որքան հիշում եմ, զենք է գնում ոչ միայն Ռուսաստանից, այլև Թուրքիայից և Իսրայելից: Ինչ վերաբերում է զենքին, որը մատակարարվել է Ադրբեջանին և Հայաստանին՝ իմիջիայլոց, ապա պայմաններից մեկը եղել է այն, որ այդ զենքը չի կիրառվելու (Ղարաբաղյան) հակամարտության գոտում»,- ասել է նա։
Զատուլինը հավելել է, որ ակնհայտ է, որ Ադրբեջանն է հարձակվել։ «Այս դեպքում ակնհայտ է, որ Ադրբեջանը խախտել է 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը: Զառանցանք է ենթադրությունը, թե Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, որը ձգտում է պահպանել ստատուս քվոն, որովհետև նրանք ստացել են այն ամենը, ինչ ցանկանում էին դեռ 1994 թվականին, կվերացնեն դա սեփական կամքով։ Ադրբեջանը, ընդհակառակը, շահագրգռված չէ ստատուս քվոյով, ցանկանում է այն ոչնչացնել, պաշտոնապես հայտարարում է, որ չի պատրաստվում այն երկար հանդուրժել, հաշտվել, «մենք պատրաստվում ենք ռազմական ուժով և այլն» այդ ամենը նա ասում է»,- ասել է Զատուլինը:
«Ինչ վերաբերում է այդ տարածքներին, ապա կան պատմական վկայություններ, այդ տարածաշրջանի հարուստ պատմությունը… Ես չեմ ցանկանում խորանալ դրա մեջ: Ես ասում եմ միայն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժով, որովհետև Ադրբեջանի ցանկացած փորձ, օգտագործելով ցանկացած տեսակի զենք, կարող է արդյունքի հանգեցնել միայն բլից-կրիգի դեպքում։ Ադրբեջանի մոտ բլից-կրիգ երբեք չի լինի, դա ակնհայտ է»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: