Ադրբեջանի իրականացրած նոր հարձակումների ֆոնին, որոնց հետևանքով չորեքշաբթի` արդեն իսկ ձեռք բերված հրադադարի պարագայում, 3 զոհ է գրանցվել, ԱՄՆ Կոնգրեսի առաջնորդները խստիվ դատապարտել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոշորագույն հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա` կոչ անելով ԱՄՆ ղեկավարությանը ապահովել ԼՂ հակամարտության գոտում Ռոյս-Էնգելսի խաղաղության առաջարկների անհապաղ իրագործումը, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
«Մենք աջակցում ենք ԱՄՆ ղեկավարությանը ուղղված կոնգրեսականների կոչերին` դատապարտելու Ադրբեջանի ագրեսիան և պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևին՝ Արցախի դեմ ուղղված անխոհեմ ագրեսիայի համար: Շնորհակալ ենք Կոնգրեսի երկու պալատները ներկայացնող օրենսդիրներից յուրաքանչյուրին, ովքեր աջակցում են Ադրբեջանի հարձակումները դատապարտելու ջանքերին», – ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Սենատի հատկացումների կոմիտեի անդամ Մարկ Քըրքը Ադրբեջանի հարձակումներն անվանել է «անընդունելի և անխոհեմ»` նշելով, որ «Բաքվի ռազմատենչությունը հանգեցրել է բազմաթիվ հայ զոհերի՝ զինվորականների և խաղաղ բնակիչների շրջանում, ինչպես նաև ադրբեջանական կողմի զոհերի»:
Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ Դևին Նունեսը նշել է, որ «բախումները Լեռնային Ղարաբաղում սպառնում են վերաճել վտանգավոր, լայնամասշտաբ պատերազմի: Հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի, իսկ Ադրբեջանը պետք է հեռացնի իր դիպուկահարներին շփման գծից»:
Կոնգրեսական Դևիդ Վալադաոն կիսվել է իր «խոր մտահոգությամբ»` մատնանշելով Ադրբեջանի ռազմական հարձակումը և ընդգծելով, որ «Նախապես երկու կողմերի միջև ձեռք բերված հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի` կանխելու հակամարտության հետագա մահացու սրացումը»:
Կոնգրեսական Ջիմ Կոստան կասկած է հայտնել Ալիևի կողմից հրադադարին հավատարիմ մնալու վերաբերյալ` հայտարարելով, որ «Չնայած Վաշինգտոնում պետքարտուղար Քերիի և փոխնախագահ Բայդենի հետ անցյալ շաբաթ կայացած հանդիպմանը` Ադրբեջանի նախագահը հավատարմություն չի ցուցաբերել խաղաղ գործընթացին և ես կասկածի տակ եմ դնում նրա անկեղծությունը լուծում գտնելու փորձերում»:
Կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն նշել է, որ «այն փաստը, որ այս ռազմական հարձակումը անմիջապես հաջորդեց գագաթնաժողովին, խորապես մտահոգիչ է և ապացուցում է, որ Ադրբեջանի նախագահը չի ձգտում խաղաղ լուծման: Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի այս սահմռկեցուցիչ արարքների համար»:
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դևիդ Սիսիլին Ադրբեջանի կողմիս դիպուկահար կրակի կիրառումը «ուղղակի խախտումն է հրադադարի ռեժիմի և միջազգային իրավունքի»:
Կոնգրեսի իսպանախոս աջակցող խմբի նախագահ Լինդա Սանչեսը բացատրել է, որ «բռնության այս սրումը սպառնում է արյունալի հակամարտությունը տարածել ողջ տարածաշրջանի վրա: Կոչ եմ անում Ադրբեջանին պահպանել հրադադարի ռեժիմը և վերջ դնել ռազմական հարձակումներին Լեռնային Ղարաբաղի վրա»: