ԻՆՉՊԵՍ Է ՍԿՍՎՈՒՄ ԲԻԶՆԵՍ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՇՂԹԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարարության վերստին բաժանումը իշխանական կառույցներում նոր ճաքերի հիմքերն է դնում: Եվ կարելի է ասել՝ կոմպրոմատների պատերազմը նոր մարտահրավեր է դարձել հատկապես ՊԵԿ նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանի համար, որը կա՛մ պետք է ազատվի հին արատավոր բարքերից ու դեմքերից, կա՛մ շարունակի աշխատեցնել կոռուպցիայի մեխանիզմը շոուների բեմադրմամբ՝ հընթացս քայքայելով մեր երկրի արդեն բռնաբարված տնտեսությունը:

Այն, որ հարկային ու մաքսային ծառայություններում տարիներ շարունակ պարզապես լկտի աշխատաոճն է գերիշխում, որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Այնտեղ օրենքները գործում են հիմնականում շրջանցելու կամ յուրովի մեկնաբանելու համար: Ցանկացած գործարար, ով փորձ է անում ինչ-որ ապրանք ներկրել Հայաստան, կա՛մ մեկ-երկու ամսից սնանկանում է, կա՛մ համաձայնում աշխատել ՊԵԿ-ի թելադրած կանոններով` դառնալով օրինախախտ, կա՛մ էլ մաքսային ու հարկային ծառայության որեւէ աշխատակից «փայ է մտնում» գործարարի հետ: Առավել խոշորները առավել խոշոր մակարդակով են տանիք ապահովում իրենց: Հենց այս մթնոլորտն է պատճառը, որ մեր երկրում տարիներ շարունակ համակարգին օտար մարդիկ չեն կարողանում բիզնես ծավալել, սիրիայի ռումբերի արկերից փախած ու Հայաստանում ապաստանած սիրիահայերը ամիսներ շարունակ դժգոհում են, որ իրենք ցանկանում են բիզնես անել, սակայն այն ապրանքը, որ պետք է ներկրեն Հայաստան, իրենց վրա «նստում» է այն գինը, որքան արդեն խանութներում վաճառվում է:
Իսկ ինչպե՞ս է տեղի ունենում գործընթացը: «Ժողովուրդ»-ը զրուցեց մի քանի խոշոր ու միջին գործարարների հետ` հասկանալու համար կոռուպցիոն մեխանիզմի նրբությունները եւ գաղտնիքը, թե ինչու «պատահական» մարդը չի կարող մեր երկրում բիզնես ծավալել:
Ներկրողների համար իսկական պատուհաս է ՀՀ մաքսային օրենսգիրքը, որի 87 հոդվածը` «Մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդը», մաքսատներում մեկնաբանում ու կիրառում են` ինչպես ցանկանան, ռետինի պես ընդարձակում ու սեղմում են: Իսկ ի՞նչ է սահմանում բազմաչարչար 87 հոդվածը.
1. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու համար հայտարարատուն մաքսային հայտարարագրի հետ միասին պետք է ներկայացնի`
1) արտահանման երկրում ապրանքների ձեռքբերման փաստաթուղթը, որը պետք է պարունակի փաստաթղթի տրման ամիս-ամսաթվի, հերթական համարի, վաճառողի (առաքողի), գնորդի (ստացողի), ապրանքի մանրամասն նկարագրի (անվանումը, առկայության դեպքում` ապրանքային նշանը կամ առեւտրային անվանումը), տեղերի/քանակի, չափի միավորի, միավոր արժեքի, քաշի, ընդհանուր արժեքի մասին տեղեկություններ, ինչպես նաեւ վճարման փաստաթուղթը կամ հետագա վճարման պարտավորությունը հաստատող փաստաթուղթը (երաշխիքի նամակ կամ վաճառողի եւ գնորդի միջեւ համաձայնեցված այլ փաստաթուղթ).
2) մինչեւ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրության եւ համանման այլ ծախսերը հիմնավորող փաստաթղթեր, եթե ապրանքների մատակարարման պայմաններով այդպիսի ծախսերի պարտավորությունը կրում է գնորդը:
2. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է գործարքի գնի մեթոդով, եթե՝
1) հայտարարատուի կողմից ներկայացվել են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը…»:
«Ժողովուրդ»-ի թղթակցին բացատրեցին, որ եթե գործարարը, օրինակ, 10 հազար ԱՄՆ դոլարի ապրանք է ներկրել Հայաստան, մաքսատանը ներկայացնում է գնված ապրանքի հաշիվ ապրանքագիրը` ինվոյս, որից պետք է վճարի 20 տոկոս ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ)` 2000 ԱՄՆ դոլար: Սակայն մաքսային ծառայությունը, որպես կանոն, չի ընդունում գործարարի ներկայացրած ապրանքագիրը` մշտապես լրացուցիչ խնդիրներ առաջացնելով: Նոր, լրացուցիչ փաստաթղթեր են պահանջում կամ էլ հիմնվելով այդ կամ նմանատիպ ապրանքների մանրածախ վաճառքի գների վրա, մոտավոր հաշվարկներով ուրիշ` հարմար գին են սահմանում: Օրինակ՝ 10 հազար դոլարանոց բեռի համար մաքսային ծառայությունում 25 հազար դոլար մաքսային արժեք են սահմանում, որից գանձվող ԱԱՀ-ն արդեն կազմում է 5 հազար ԱՄՆ դոլար:
Տեղեկացնենք, որ նույնպիսի սիրողական մակարդակով մաքսային արժեք է ձեւավորվում նաեւ այն գործարարների դեպքում, ովքեր ապրանք են ներկրում Հայաստան` չունենալով հաշիվ ապրանքագիր: Այսինքն` շուկաներից գնված ապրանք է` առանց փաստաթղթերի:
Եւ որպեսզի գործարարը շատ «չնեղվի», այդ ընթացքում հայտնվում են մաքսային ծառայության աշխատակիցներ, որոնք առաջարկում են մաքսայինի կողմից սահմանված մաքսային արժեքի ԱԱՀ-ն (մեր օրինակի դեպքում՝ 5 հազար ԱՄՆ դոլարը) կիսել 60/40 կամ 70/30 հարաբերակցությամբ: Այսինքն՝ եթե գործարարն ուզում է իրականությանը փոքր-ինչ մոտ գներով, այսպես ասած, «ռաստամոժկա» անել իր ներկրած ապրանքը, պետք է գործարքի գնա մաքսային ծառայողների հետ: Հակառակ դեպքում կունենա մաքսազերծված ապրանք՝ շուկայում վաճառվող ապրանքներից առավել թանկ գնով:
Կա նաեւ ապրանքները մաքսազերծելու եւս մի տարբերակ, որի մանրամասները կներկայացնենք հաջորդ համարում: Խոսքը, այսպես կոչված, «կարգոների» ու «պապկաների» մասին է:
Ի դեպ, եթե ՀՀ գլխավոր դատախազությունն իսկապես խորությամբ ուսումնասիրում է այս համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմը, ապա օպերատիվ գործողությունների հանձնարարությամբ հեշտությամբ հնարավոր կլինի այն բացահայտել: Մաքսայինի հետ գոնե մեկ անգամ առնչված ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտի այս մեխանիզմների նրբությունների մասին:
շարունակելի

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ԳԵՆԵՐԱԼԻ ԴՈՒՍՏՐԸ
2016 թվականի մարտի 9-ին գրել էինք, որ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դստեր՝ Լիա Հունանյանի շուրջ աղմուկը չի դադարում: Պարզել էինք, որ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալի դուստրը ճանապարհային ոստիկանության հետ տարաձայնություններից բացի՝ խնդիրներ ունի նաեւ բժիշկների հետ: Ավելին՝ գործընթացը հասել էր դատարան:
Եվ այսպես, Լիա Հունանյանը 2016 թվականի հունվարի 19-ին դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «ԱՐԹՄԵԴ» բժշկական վերականգնողական կենտրոն ՓԲԸ-ից փոխհատուցում պահանջելով: Ոստիկանի դուստրը պահանջում է, որ ՓԲԸ-ի բժիշկ Արայիկ Ղարիբյանը փոխհատուցի իրեն՝ առողջությանը պատճառված վնասը գնահատելով 5 միլիոն 78 հազար 900 դրամ:
Իսկ ինչ է տեղի ունեցել: Տեղեկացանք, որ Լիա Հունանյանը 2014 թվականի փետրվարի 7-ին քթի վիրահատություն է իրականացնում վերոնշյալ հիվանդանոցում, սակայն վիրահատական միջամտությունից անմիջապես հետո Լիա Հունանյանի մոտ առաջացել է ձախ աչքի այտուց, արյունազեղում, երկտեսություն, որի կապակցությամբ վերջինս դիմել է ինչպես Մալայանի անվան բժշկական կենտրոն, այնպես էլ մի շարք բժշկական կենտրոններ, որտեղ եւ ախտորոշվել է ձախ աչքի երկտեսություն, աչքի ուղիղ մկանների անբավարարություն: Զննությունից հետո որոշ մասնագետներ կարծիք են հայտնել, որ մինչ վիրահատությունը Լիան տեսողության հետ կապված որեւէ խնդիր չի ունեցել, եւ խնդիրը նրա մոտ առաջացել է վիրահատական միջամտության ժամանակ աչքի հիմքի կռճիկային զանգվածը հեռացնելու հետեւանքով, ուստի հայցվորի առողջությանը հասցված վնասն առաջացել է պատասխանող Ա. Ղարիբյանի գործողությունների հետեւանքով:
Եվ, ահա, գործը նախագահող դատավոր Զարուհի Նախշքարյանը որոշել է հայցվորի հետ առաջացած խնդրի հարցով դատաբժշկական փորձաքննություն նշանակել: Ավելին՝ դատավորը առողջապահության նախարարից խնդրել է սույն քաղաքացիական գործի համար նշանակել փորձաքննության համար թվով հինգ տվյալ ոլորտում մասնագիտացված բժիշկների կատարմանը` նշանակելով նրանց փորձագետներ: Փորձագետներին տրամադրել փորձաքննության համար քաղաքացիական գործում առկա անհրաժեշտ նյութերը: Փորձաքննությանը մասնակից է եղել նաեւ Լիա Հունանյանը:
Ու մինչ ՀՀ առողջապահության նախարարի կողմից նշանակված մասնագետները կգնահատեն կատարվածը, թե ով է ճիշտ, ով՝ սխալ, դատավոր Նախշքարյանը սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցրել է մինչեւ փորձաքննության եզրակացության ստանալը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԶԻՆՎՈՐ Է ՄԱՀԱՑԵԼ
Ապրիլի 1-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

 

ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃ
Մարտի 31-ին եւ լույս ապրիլի 1-ի գիշերը Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունը պահպանվել է: ԼՂՀ ՊՆ փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2700 կրակոց:
Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը տեղեկացնում է, որ շփման գծի գրեթե բոլոր հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի ականանետներ եւ նռնականետներ: Հատկապես ինտենսիվ հրետակոծության են ենթարկվել առաջնային գծի հյուսիսարեւելյան՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը, որոնց ուղղությամբ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետներից արձակվել է 52 արկ: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատժիչ գործողությունների:

 

 

ՍՊԱՆՎԱԾ ԳՏԱՆ
Երեկ հայտնաբերվել է մարտի 17-ից անհայտ կորած փորձագետ, իրավաբան Կարեն Վարդանյանի դին։ Ըստ ոստիկանության՝ մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղման մեկնելու նպատակով Կարեն Վարդանյանը դուրս էր եկել տնից եւ չէր վերադարձել: Պարզվել է, որ մարտի 17-ին բութ գործիքներով Կարեն Վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել եւ սպանել Արթուր Միհրանյանը եւ Գեւորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գեւորգ Զոհրաբյանին պատկանող, Երեւանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում: Արթուր Միհրանյանը եւ Գեւորգ Զոհրաբյանը ձերբակալված են: Նշենք, որ վերջինս Կարենի հարեւանն էր, ում անունով էր իր բնակարանը ձեւակերպել Կարենը:

 

 

ՄԻԱՅՆԱԿ Է ՍՊԱՆԵԼ
Երեկ ռուսական 102-րդ ռազմաբազայում Ավետիսյանների սպանության գործով դատական հերթական նիստում ներկայացվել են ստի դետեկտորով արված փորձաքննության արդյունքները, համաձայն որոնց՝ Պերմյակովն է սպանել Ավետիսյանների ընտանիքի բոլոր անդամներին եւ դա իրականացրել է միայնակ: Նրա պատասախաններից նաեւ պարզ է դարձել, որ Պերմյակովը մինչ Ավետիսյանների բնակարան մուտք գործելը, այլ տներ եւս մտել է: Գործի նյութերն ուսումնասիրելուց հետո տեղի կունենա մեղադրյալ Վալերի Պերմյակովի հարցաքննությունը։




Լրահոս