Երեկ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշել էր, թե համաձայն պայմանավորվածությունների` Ռուսատանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին:
ArmLur.am-ի հետ զրույցում այս առնչությամբ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն ասաց. «Եթե պետք է զենք վաճառեն ու չհայտարարեն` դա ավելի վատ է, քան հայտարարեն: Այդ մասին Մեդվեդեւն էլ Հայաստանում եղած օրով հայտարարեց, որ եթե մենք չվաճառենք, ապա այդ զենքը կառնեն ուրիշներից: Մեզ չի բավարարում այս հիմնավորումները եւ գտնում ենք, որ Ռուսաստանը եւ Մինսկի խմբի մյուս համանախագահները միջազգային իրավունքի շրջանակներում եւ իրավունքի պարտադրանքով պետք է հասնեն Ադրբեջանի հետագա ռազմականացման կանխելուն, ինչու չէ նաեւ ապառազմականացմանը: Հետո ի՞նչ, որ նավթ ծախելով փող է աշխատում: Պետք է այդ բոլոր զենք վաճառող պետությունները միահամուռ կերպով կոնֆլիկտի այդպիսի շիկացած տարածաշրջանում բացառեն զենքի վաճառքը եւ բոլոր երկրներում կոչ անեն կամ ստիպեն, միջոցներ ձեռնարկեն, որպեսզի զենք չվաճառեն տարածաշրջանում»:
Պատգամավորի խոսքով` ապրիլյան մեկշաբաթյա պատերազմը ցույց տվեց, որ մեզ համար ամենամահաբերն ու վտանգավորը հենց արդիական ռուսական զենքն է, որ ամբողջ թափով օգտագործվեց ադրբեջանական զինուժի կողմից: «Խնդիրն այն չէ, որ նրանք զենք վաճառեն Ադրբեջանին կամ չվաճառեն: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը` որպես մեր դաշնակից, գործընկեր, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պատասխանատուներից մեկը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում պարտավոր է, ոչ միայն զենք չվաճառել, այլև ապահովել այդ խաղաղությունը»,- հավելեց նա:
Ըստ Թորոսյանի` եթե այս ամենը դիտարկում ենք որպես բիզնես-պրոեկտ` «ինձնից չառնեն ուրիշից կառնեն», պարզապես սոփեստություն է, որովեհետեւ դրանք չեն նպաստում խաղաղ կարգավորմանը, ընդհակառակը` բերում են անմեղ զոհերի, ինչպիսին եղան հայ-քաղաքացիական բնակչության մեջ եւ զինուժի շրջանակներում, ինչու չէ նաեւ Ադրբեջանական զինուժի շրջանակներում: Եթե Ադրբեջանը չունենա գերակշիռ զենք, որը նրան լրացուցիչ համարձակություն կտա հարձակում կատարելու` կխնայվեն նաեւ անմեղ ադրբեջանցիների կյանքերը, որովհետեւ չի լինի պատերազմ չի լինի զոհ»,- եզրափակեց պատգամավորը:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ