ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄՏԵՐԻՄՆԵՐՈՎ
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ նախօրեին կայացրած որոշման համաձայն՝ պաշտոնանկ է արվել «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արա Գյուրջյանը: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ այդ պաշտոնին նշանակվել է այդ կենտրոնի պետի տեղակալ Արթուր Առաքելյանը: Ընդ որում, այս փոփոխությունները կառավարությունը գաղտնի է պահում, որովհետեւ վարչապետի այդ որոշումների մասին ո՛չ պաշտոնական հաղորդագրություն է տարածվել, ո՛չ էլ կառավարության կայքում տեղեկություններ կան: Ուշագրավն այն է, որ Գյուրջյանը տեւական ժամանակ է՝ այդ ՊՈԱԿ-ի պետի ԺՊ-ն էր, բայց հիմա որպես պետ նշանակում են Ա. Առաքելյանին: «Ժողովուրդ»-ի աղբյուրները պնդում են, որ Առաքելյանը համարվում է «վարչապետի մտերիմ մարդը», եւ հենց դրանով էլ պայմանավորված է այդ նշանակումը: Նշենք, որ նախկինում «Գնումների աջակցման կենտրոն»-ի ղեկավարը ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն էր՝ Հակոբ Բեգլարյանը, որը պաշտոնանկ արվեց 2012թ. կառավարությունում Սերժ Սարգսյանի հայտնի խորհրդակցությունից ու գնումների ոլորտի վերաբերյալ հնչեցրած «ատկատաշատ» քննադատությունից հետո:

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆԵՐ
Ինչպես հայտնի է, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի եղբայրը՝ Վահան Հարությունյանը, «Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատերերից մեկն է, եւ այդ ընկերությունը հիմա ցանկանում է ստանալ ազգային ավիափոխադրողի կարգավիճակ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Դ. Հարությունյանը նշեց, որ իր համար անհասկանալի է «ազգային ավիափոխադրող» հասկացությունը: «Կարծում եմ՝ իրավական չէ»,-ասաց նա՝ դժվարանալով, սակայն, պատասխանել, թե իր եղբոր ընկերությանը կհաջողվի արդյոք ստանալ այդ կարգավիճակը: Իսկ հարցին, թե ինքներդ որեւէ դերակատարություն ունեք այդ ամենի մեջ, նա բացասական պատասխան տվեց. «Ո՛չ»:

ՉԻ ԼՌԵԼՈՒ
Նոյեմբերյանի զորամասում մայիսի 16-ին սպանված Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան Ստեփանյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ օրեր առաջ ինքը գնացել է Իջեւանի քննչական բաժին, որտեղ քննվում է իր որդու սպանության գործը, մի լավ զայրացել քննիչների վրա. «Ասացի՝ արագացրե՛ք, չհասկացանք, արդեն քանի ամիս է՝ ձեն-ձուն չկա: Նրանք էլ ներողություն խնդրեցին, թե մի քի՛չ էլ համբերեք, մինչեւ օգոստոսի 12-ը մի հատ էլ փորձաքննություն կա, դա էլ անենք եւ ամեն ինչի մասին ձեզ տեղյակ կպահենք: Որդուս դեպքից հետո կինս ու մայրս շատ վատ վիճակում են, ու մենք անգամ հեռուստացույց չենք միացնում: Իմացե՛ք՝ ես չեմ լռում, դեռ սպասում եմ: Իմ գյուղացիք կանգնած են, եւ եթե պետք լինի, մենք կգնանք համապատասխան քայլերի: Բայց դեռ մի քիչ էլ կսպասենք»:




Լրահոս