«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ ՊՆ-ն արցախյան ազատամարտի հրամանատարներին է դիմել աջակցության խնդրանքով եւ կոչ արել սահման մեկնել։ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, օրինակ, շաբաթ օրն արդեն մեկնել է։ Նա մեզ փոխանցեց, որ համախմբվել են Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների եւ Հրազդանի ազատամարտիկները, թվով 208 հոգի, կեսն արդեն մեկնել է սահման, մյուս կեսն սպասում է հրահանգի։
«Ես դեռ 10 օր առաջ հայտարարություն արեցի, որ պատրաստ եմ առաջին իսկ հրահանգի դեպքում մեկնել սահման, ՊՆ-ին 100 հոգանոց կամավորների ցուցակ էի ներկայացրել, որ պատրաստ ենք հրահանգի դեպքում անհապաղ մեկնել։ Եղավ հրահանգը»։ Բայց եթե ժամանակավոր հրադադարի պայմանավորվածություն կա, ո՞րն է իրենց անելիքը։ «Հրադադարի պայմանավորվածություն կա, բայց չես կարող ասել, թե ժամ-ժամ ինչ կարող է լինել»,- պատասխանեց Միքայելյանը։
Ռազմական գործողությունները վերսկսվելու հավանականությունը մե՞ծ է։ «Ես իրավասու չեմ նման հայտարարություն անելու, դա կասեն բարձրաստիճան պաշտոնյաները»։
Սասուն Միքայելյանը, հիշեցնենք, իր թեկնածությունն է առաջադրել Հրազդանում ապրիլի 17-ի քաղաքապետի ընտրություններում, հիմա քարոզարշավի փուլն է։ Նա ասում է՝ շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը կշարունակի իր փոխարեն. «Ես, որպես ազատամարտիկ, հրամանատար, չէի կարող նստել-սպասել մինչեւ քարոզարշավը վերջանա, նոր մեկնեի, ես իմ գործն եմ անում, իսկ ժողովուրդը գիտի, որ ես թեկնածու եմ։ Մրցակիցներին հորդորում եմ, եթե պետք է ընտրություններին փող բաժանեն, այդ փողը թող ուղարկեն բանակին, զինվորներին։ Այդ փող բաժանողներն այսօր ոչ մի բարոյական իրավունք չունեն թե ֆինանսապես, թե ընդհանրապես ազդել ժողովրդի ազատ կամարտահայտման վրա։ Թող գոնե այս պայմաններում թողնեն, որ ժողովուրդն իր արդար ընտրությունը կատարի»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: