Աբովյանի համայնքապետարանում բացվեց քաղաքացիների սպասարկման կենտրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբովյանի համայնքապետարանում այսօր հանդիսավոր կերպով բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ բացվեց Աբովյանի քաղաքացիների սպասարկման գրասենյակը:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության երևանյան գրասենյակի համաղեկավար Լուկաս Լուշերը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ժողովրդավարության, առողջապահության և սոցիալական բարեփոխումների գրասենյակի Ապակենտրոնացման ծրագրի մասնագետ Արթուր Դրամփյանը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, ՀՀ Կոտայքի մարզային իշխանության ներկայացուցիչները, Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Նկատենք, որ «Քաղաքացիների սպասարկման գրասենյակի» բացումը հնարավոր դարձավ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրագործմանն իրենց մեծագույն ավանդն են ներդրել Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը, Հայաստանում գործող Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունները: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ:

Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ է տալիս քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարանում իրականացվող վարչական գործընթացները` որպես գերապատվություն ունենալով «մեկ պատուհան-մեկ կանգառ» սկզբունքը: Քաղաքացիներին մատուցվող ծառայությունն ու տեղեկատվությունն այսօր արդեն Աբովյան համայնքում իրականացվելու է մեկ վայրում:

Շեշտելի է, որ «Քաղաքացիների սպասարկման գրասենյակի» աշխատանքներն իրականացվելու են Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի կիրառման միջոցով, որը, որպես ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ, հնարավորություն է ընձեռում ապահովելու տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում: Համակարգը նպաստելու է ՏԻՄ-երի հաշվետվողականության և իրականացվող աշխատանքների թափանցիկության աստիճանի բարձրացմանը: Իրական հարթակ է ստեղծվում կրճատել ծառայությունների մատուցման վրա ծախսվող ժամանակը:

Հաշվի առնելով կառավարման ապակենտրոնացման քաղաքականության միտումները` այս նորամուծությունը թույլ է տալու ապահովել նաեւ տեղական մասնակցային ինքնակառավարումը:




Լրահոս