ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ապրիլի 14-ին ժամանելու է Հայաստանի Հանրապետություն` հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարությանը: «Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀԱՊԿ լրատվական ծառայությունը: Ապրիլի 14-15ը տեղի կունենա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի աշխատանքային այցը Հայաստան:
Այցի ընթացքում Բորդյուժան կհանդիպի ՀՀ Նախագահ, հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: «Գլխավոր քարտուղարը կտեղեկացնի կազմակերպության կանոնադրական մարմինների` արտաքին գործերի, պաշտպանության նախարարների խորհուրդների և անվտանգության կոմիտեների քարտուղարների հանդիպումների նախապատրաստման մասին, որոնք նախանշված են Երևանում հունիսհուլիս ժամանակահատվածում: Նա նաև կզեկուցի կազմակերպության ընթացիկ գործունեության և ՀԱՊԿ նստաշրջանի 2015 թվականի սեպտեմբերի ու դեկտեմբերի որոշումների իրականացման պլանի մասին: Կքննարկվի նաև իրավիճակը Կովկասյան տարածաշրջանում, որը սրվել է ապրիլի սկզբին», -ասված է ՀԱՊԿ հաղորդագրությունում: