ԱԱԾ-ՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ՈՒ «ՄԱՔՐՈՒՄՆԵՐ» ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի փետրվարի 12-ին, երբ Գեորգի Կուտոյանն անակնկալ նշանակվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ, ակնհայտ էր, որ ԱԱԾ աշխատակիցների գլխին «սեւ ամպեր են կուտակվել»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` արդեն մեկ ու կես ամիս է, ինչ Գեորգի Կուտոյանն անցել է կադրային «մաքրումների»:

Մեր տեղեկություններով՝ Գեորգի Կուտոյանի նշանակումն անակնկալ է եղել ոչ միայն հայ հանրության, այլեւ ԱԱԾ-ի ողջ անձնակազմի համար: Սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գեորգի Կուտոյանի նշանակումը այդքան էլ պատահական որոշում չի եղել եւ դեռ ավելին՝ վերջինիս այս պաշտոնում նշանակվելու հետ գործողությունների լիակատար ազատություն է տրվել: Ասել է, թե համակարգը տրվել է նրա տնօրինմանը, եւ ինչ գնով ու ինչի հաշվին ուզում է, պետք է այն դարձնի ժամանակակից հատուկ ծառայությանը բնորոշ կառույց, որը բացառապես կսպասարկի միայն Հայաստանի շահերը: Դեռեւս մարտի սկզբին գրել էինք, որ մեզ հասած լուրերով՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել էր ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հրանտ Եպիսկոպոսյանը:
Մեզ հասած լուրերի համաձայն՝ ԱԱԾ հին ղեկավար կազմի ներկայացուցիչների մեծ մասն այս օրերին պատրաստ է ազատման դիմում գրել եւ «փախչել», սակայն Գեորգի Կուտոյանը չի ցանկանում նրանց այդպես հեշտ ու հանգիստ բաց թողնել: Արդյունքում, ԱԱԾ մի շարք պաշտոնյաներ թեեւ շարունակում են մնալ իրենց պաշտոններում, սակայն գործնականում մեկուսացված են եւ սպասում են, թե երբ կտեղեկացնեն իրենց հետագա ճակատագրի մասին: Ասել է, թե ԱԱԾ ղեկավար կազմի որոշ ներկայացուցիչներ չգիտեն՝ իրենց հետ ինչ է լինելու, արդյոք իրենց դեմ փաստեր ի հայտ կգան, եւ իրենք պաշտոնանկ կարվեն ու պատասխանատվության կկանչվեն, թե պարզապես իրենց շնորհակալություն կհայտնեն եւ կուղարկեն թոշակի:
ԱԱԾ-ում սկսված կադրային «մաքրումն» ավելի է թեժացել այն բանից հետո, երբ մարտի 31-ին համացանցում տարածվեց մի տեսանյութ, որի հեղինակները ձայնային բաց նամակ էին հրապարակել՝ հասցեագրված Սերժ Սարգսյանին եւ լրատվամիջոցներին: Ձայնագրության հեղինակները բավական մանրամասն ներկայացրել էին ՀՀ պետեկամուտների կոմիտեի համակարգում ձեւավորված եւ տարիներ շարունակ գործող կոռուպցիոն համակարգը: Հրապարակումից անմիջապես հետո ՀՀ գլխավոր դատախազությունը համացանցում տարածված տեսանյութին ընթացք է տվել եւ այն ուղարկել է ազգային անվտանգության ծառայություն՝ հետագա ընթացքը լուծելու համար: Ըստ շրջանառվող լուրերի՝ ԱԱԾ-ում որոշում է կայացվել քրեական գործ հարուցել: Ի դեպ, ձայնագրությունը հրապարակվելուց երկու օր անց համացանցից անհետացավ:
Այս տեսանկյունից ուշագրավ է երեկ մամուլում տարածված այն տեղեկությունը, ըստ որի՝ Գեորգի Կուտոյանը «լուծարել» է ազային անվտանգության ծառայության մաքսանենգության դեմ պայքարի բաժինը եւ աշխատանքից ազատել է բաժնի պետ, ԱԱԾ գնդապետ Սամվել Բաղդասարյանին (մականունը Սեդոյ) եւ բաժնի մնացած բոլոր աշխատակիցներին: ԱԱԾ-ն առայժմ բացատրություններ չի տվել այս արտառոց քայլի առնչությամբ: Ենթադրվում է, որ այս հեռացումները կապված են վերը նշված ձայնագրությունում հնչեցված փաստերի հետ: Նշենք, որ ձայնագրության մեջ, ի թիվս ԱԱԾ եւ ՊԵԿ պաշտոնյաների, ԱԱԾ-ի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի, նշված էր նաեւ ՊՊԾ պետ Հրաչյա Հարությունյանի՝ Կրակեմ Հրաչի անունը:
Այսինքն՝ կարելի է կարծել, որ ԱԱԾ-ում իրականացված ներքին ստուգումներից հետո արդեն իսկ ակնհայտ է եղել, որ այստեղ, մեղմ ասած, վիճակը լավ չէ, ուստի որոշել են նախ բոլորին ազատել, որպեսզի հնարավորություն չունենան հետքերը մաքրել, մինչեւ կպարզվի՝ ով է մեղավոր, ով` անմեղը:
Այսօր միայն ակնհայտ է, որ ԱԱԾ-ում բացվել է փող աշխատելու մի հսկայական մեխանիզմ, որը հարստացրել է կոնկրետ մարդկանց գրպանները: Այս մասին հրապարակելու առիթ դեռ կունենանք:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԽԱՌՆԱՇՓՈԹ ՇԵՆԳԱՎԻԹԻ ԲԱԺՆՈՒՄ
Երեկ արտառոց իրավիճակ է ստեղծվել ոստիկանության Շենգավիթ վարչական շրջանի բաժնում: «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, թե ինչպես են իրավապահները կանգնեցնում մեքենաները եւ շտապօգնության մեքենային ուղեկցում ոստիկանության բաժին: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյո՞ք ոստիկանության բաժին բերված անձանցից մեկի ինքնազգացողթյունն է վատացել, թե՞ ոստիկանության աշխատակիցների մեջ է եղել վատ զգացողը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ հայտնեցին. «Աշխատակիցներից մեկն է ճնշման խնդիր ունեցել, ինչի համար շտապօգնություն են կանչել»:

 

 

ՄԵԿ ՏԱՐԻ ՔՆՆՈՒՄ ԵՆ
Մեկ ամսից կլրանա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության մեկ տարին, սակայն մինչ այս մի շարք հարցեր մնում են օդից կախված: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2015 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում, որտեղ կրակել էին մարզպետի մեքենայի ուղղությամբ: Այս գործով ավելի ուշ կալանավորեցին Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, սպանված Ավետիք Բուդաղյանի եղբորը` Արա Բուդաղյանին, եւ եւս երեք անձի: Արա Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է՝ մարզպետի դեմ սպանություն իրականացվի: Սակայն Արա Բուդաղյանը մինչ օրս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանք, իսկ գործով կալանավորվածներից Հենրիկ Ավագյանը, որը անձամբ էր կրակել մարզպետի մեքենայի ուղղությամբ, վստահեցնում է, որ Արա Բուդաղյանը որեւէ առնչություն չունի այս պատմության հետ, եւ ինքն անձամբ է որոշել, որ պիտի կրակի մարզպետի վրա, քանի որ հոգնել է անարդարությունից:
Ինչեւէ, շուտով կլրանա այս գործով ընթացող նախաքննության մեկ տարին, եւ ԱԱԾ քննիչները կա՛մ պետք է նախաքննությունը համարեն ավարտված եւ գործը ուղարկեն դատարան, կա՛մ առավել հիմնավոր պատճառով նախաքննության ընթացքը երկարաձգեն: Ի դեպ, գործով անցնող անձինք նշում են, որ ԱԱԾ-ն որեւէ հիմնավոր պատճառ չունի՝ գործի նախաքննությունը երկարաձգելու համար եւ այլ ելք չունենալով՝ այն պետք է ուղարկի դատարան: Ինչ կորոշի ԱԱԾ-Ն, պարզ կլինի մեկ ամսից:

 

 

ԵՐԿԱՐԱՏԵՎ ԲՈՒԺՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետեւանքով ՀՀ ԱՆ ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնում բուժում ստացող երկու տուժածի առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հերթական այցի ժամանակ կենտրոնի անեսթեզիոլոգիայի եւ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովհաննես Ասլանյանը հայտնել է, որ վիրավորների առողջական վիճակը կայուն միջին ծանրության է, նրանց սպասում է երկարատեւ բուժում:

 

 
ՍՈԼՈՎՅՈՎԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ
Ռուս հայտնի հաղորդավար, հրապարակախոս եւ հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովը  դարձյալ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին. «Մենք այդպես էլ չասացինք, թե ով էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրացման հեղինակը: Չենք ասում»,- նշել է Սոլովյովը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը երկակի ստանդարտներ է կիրառում ԼՂ հարցում:
«Ինչո՞ւ Ադրբեջանը ուղիղ բանակցություններ չի վարում Ղարաբաղի հետ: Մենք հիմա կորցնում ենք ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմին: Իսկ ինչո՞ւ մենք չենք ցանկանում նկատել հայ զինվորների գլխատման մասին վերջին զեկույցները, ինչո՞ւ չենք ցանկանում նկատել ռեպորտաժները, որոնք պատմում են պատանդ վերցված հայ զինվորների խոշտանգումների մասին … Ես հասկանում եմ, որ կարեւոր է հաշվի առնել յուրաքանչյուրի կողմի շահերը, իսկ ճշմարտությունը՝ որպես կողմ, այլեւս ոչ ոքի չի՞ հետաքրքրում,- ասել է հաղորդավարը` հավելելով,-մենք հիմա կկորցնենք մեր վերջին իրական բարեկամին… Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հակառուսական տրամադրություններ են հիմա Հայաստանում, ու պետք չէ ձեւացնել, թե Ադրբեջանը կփոխարինի Հայաստանին»,- նշել է Սոլովյովը:

 

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ
Շիրակի նախկին մարզպետ, գեներալ Աշոտ Գիզիրյանը, որը ծնունդով Արցախի Շահումյանի շրջանից է, ռուսաստանաբնակ շահումյանցիների հետ համատեղ մեծաքանակ օգնություն է ուղարկել Արցախ: Aravot-ի տեղեկացմամբ` գեներալն ու իր ընկերները Արցախ են ուղարկել ամենագնացներ, զինվորական բեռնատարներ, հատուկ պաշտպանության բանակի համար ձեռք բերված շտապբուժօգնության «Ուազ»-ներ ու նորագույն սարքավորումներ: Ընդհանուր թվով նրանց կողմից 20 փոխադրամիջոց է հասնելու Արցախ. ճանապարհին են նաեւ «Կամազ», «Ուրալ» մակնիշի բեռնատարներ: Շահումյանցի Աշոտ Գիզիրյանը, որն իր կարիերան սկսել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքից ու իրեն կիսով չափ համարում է շիրակցի, Արցախից բացի՝ ֆինանսական աջակցություն է ուղարկել շիրակցի զոհված հերոս զինվորների ընտանիքներին` իր երախտագիտությունը այսպես հայտնելով արյան գնով հայրենի հողը պաշտպանած հերոսներին:

 

 

ԽՈՇՏԱՆԳՎԱԾ
Երեկ Եռաբլուրում տեղի է ունեցել շարքային զինվոր, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված 19-ամյա Գրիգոր Հարությունյանի հուղարկավորությունը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Գրիգորին հետմահու պարգեւատրել է Մարտական ծառայության մեդալով: Թե ինչ հանգամանքներում է մահացել Գրիգոր Հարությունյանը, նրա մորաքույրը` Անահիտը, Aravot.am-ին պատմել է. «Խոշտանգում է եղել: Եղբայրս է գնացել դիակը ճանաչելու: Սկզբում եղբայրս ասաց, որ ուղղակի կրակոցներից է մահացել, հետո պատմեցին, որ խոշտանգված է եղել մարմինը՝ ականջը կտրված, մատները կտրված»:

 




Լրահոս