Եթե սա ահաբեկչություն չէ, ապա ի՞նչ է. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս վաղ է համոզմունքներ արտահայտելը, բայց պատկերը հստակ սկսում է ուրվագծվել: Պայթյունը շատ նման է ահաբեկչության: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ Երևանի Հալաբյան փողոցու տեղի ունեցած ավտոբուսի պայթյունին, այս մասին նշեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

hayk-a-martirosyan

«Բայց լինում է երկու տեսակի ահաբեկչություն՝ պետության կողմից հովանավորվող և ոչ պետական գործիչ տարրերի կողմից հովանավորվող: Վերջինս իրականացնողները գրեթե միշտ ստանձնում են պատասխանատվություն, հրապարակային հայտարարություններ անում և չեն մտահոգվում դեպի իրենց տանող թելերի վերացմամբ: Իսկ պետական հովանավորչությամբ ահաբեկչությունները որպես կանոն կատարվում են շատ ավելի բարդ պլանավորման արդյունքում, հետքեր գրեթե չեն թողնում, կամ թողնում են այնպիսի հետքեր, որոնց թելերը չեն ձգվում դեպի պատվիրատուներ: Եթե սա ահաբեկչություն է, որ ես հնարավոր եմ համարում, ապա այն կարող է միայն կազմակերված լինել ադրբեջանական կամ թուրքական հատուկ ծառայությունների կողմից», – նշեց Մարտիրոսյանը:

Քաղաքագետի խոսքով` այս ամենի նպատակը կարող է լինել Հայաստանի ներսում անկայունություն, ցնցումներ և վախի մթնոլորտ սերմանելը: «Ահաբեկչության հենց նախնական իմաստն էլ դա է: Այս պարագայում զոհերի քանակը կարևոր չէ: Կազմակերպչի համար կարևոր է կատարման բուն փաստը, սարսափի և անկայունության սերմանումը: Ինչ վերաբերում է հետքերին՝ ապա ակնհայտ է, որ հետքերը խճճվելու են: Քննչական կոմիտեն արդեն հայտարարել է, որ կատարողը ՀՀ քաղաքացի է: Այո, դա տեղավորվում է օտարերկրյա պետության սցենարի տրմաբանության շրջանակներում: Կատարողը կարող է հավաքագրված անձ լինել, որն, ասենք, կարող է մահացու հիվանդ լինել և որի ընտանիքին մեծ փոխհատուցում խոստանալով՝ կարող են համոզած լինել ինքնասպանական գործողություն իրականացնել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ անձը, ըստ Քննչական կոմիտեի՝ նախկինում կրկնակի դատված է եղել՝ պատկերը կարող է ամբողջանալ: Կարող է և, ասենք, մեկ այլ սցենար լինել. երբ առևանգվում է տվյալ հայ նախկինում դատված քաղաքացին, նրա բնակարանում տեղադրվում են պայթուցիկ նյութեր, հետո մահապարտը, կամ էլ ուղղակի ռմբադիրը տեղադրում է ավտոբուսում ռումբը», – հավելեց Մարտիրոսյանը:

Հայկ Մարտիրոսյանի կարծիքով  որևէ խելամիտ պետություն չէր ուղարկի Հայաստանի պես մոնոէթնիկ երկիր իր բացահայտ կատարողին: «Հետքերը սպիտակ թելի կնմանվեին, ուստի բնական է, որ ահաբեկչությունը պետք է կատարեին դեպի տեղացիներ տանող հետքերի տեղադրմամբ: Եվ եթե սա ահաբեկչություն չէ, ապա ի՞նչ է: Ինչպես ռուսներն են ասում՝ «թփերում հանկարծ դրված էր մի ռոյա՞լ»: Ապրիլի քսանվեցին, այս լարված իրավիճակում, երբ Ադրբեջանը փաստացիորեն հայտնում է իր կողմից 1994 թվականի զինադադարից դուրս գալու մասին, երբ Հայաստանում հասարակությունը լուրջ մեղադրանքներ է սկսում ներկայացնել իշխանություններին՝ հանկարծ ինչ-որ հայ մանր հանցագործ որոշում է իր սիրելի խաղալիքները՝ մի քանի ռումբ, մի քիչ տրոտիլ, մի քանի լար՝ երեկոյան ավտոբուսով տեղափոխի տրոտիլով ձուկ որսալու վայր և հանկարծ ավտոբուսում՝ ընթացքի պահին այդ ռումբն անակնկալ պայթու՞մ է: Մտածել է պետք: Կան հանգամանքներ, որոնք որքան էլ ապացուցված չլինեն երկաթյա փաստերով՝ ունեն երկաթյա փաստարկներ: Եվ սա հենց այդ դեպքն է: Ինձ զարմացնում է իշխանությունների ապշեցուցիչ վարքագիծը՝ ամեն կերպ իրենց կարծիքով՝ ժողովրդին հետ պահելու խուճապային տրամադրություններից: Անընդհատ հայտնվում է, որ ահաբեկչության հետ կապը դեռևս հաստատված չէ», -հավելեց Մարտիրոսյանը:

Այս ամենը հիշեցնում է խորհրդային տարիները, երբ իշխանությունն ամեն բան անում էր, որ ժողովուրդն իրեն ապահով և անվտանգ զգա և մարդիկ ապրում էին մենթալ մի թմբիրում՝ համաձայն որի իրենց երկրում երբեք և ոչինչ վտանգավոր չէր կատարվում. «Անհրաժեշտ է հասարակությանը հայտնել ճշմարտությունը: Վերջապես ամենազարգացած Արևմուտքի բազում հասարակություններ այսօր այդպես են ապրում և որևէ մեկը չի մտածում ուժեղ երևալու համար կոծկել իր դեմ գործված ահաբեկչության հանգամանքը: Այս ժողովուրդն արդեն պետք է լրջորեն սթափվի իր ջայլամային մենթալիտետից՝ ամեն գնով վատը չմտածելու, վատ իրականության մասին չլսելու մոլուցքից: Դա վնասում է նախևառաջ հենց նույն հասարակությանը: Երբ հրաժարվում ես տեսնել և ընդունել իրականությունը՝ դարձնում ես քեզ առավել քան խոցելի և մեր այսօրվա անվտանգության խնդիրների մի զգալի հատված հենց դրանով է պայմանավորված», – եզրափակեց քաղաքագետը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս