Ադրբեջանի ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը դիմել է երկրի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին՝ կոչ անելով հետաքննել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքին վերաբերող «Պանամական փաստաթղթերը», հայտնում է «Ռադիո Ազադլիգ»-ը («Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը):
«Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը պահանջում է հետաքննություն անցկացնել, ապա նաև տեղեկացնել հանրությանը հետաքննության ընթացքի և արդյունքների մասին»,-ասել է ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ղեկավարը:
Նա նաև ասել է, որ ո՛չ Իլհամ Ալիևը, ո՛չ Մեհրիբան Ալիևան նախընտրական ընտրություններում իրենց հայտարարագրերում (2005, 2010, 2015 թթ.) չեն նշել օֆշորային ընկերություններում իրենց եկամուտները: Ադրբեջանի ընտրական օրենքների համաձայն՝ դա իրավական լուրջ հիմք է նախագահական, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններում արդյունքների չեղարկման համար:
Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլի 5-ին բրիտանական The Guardian-ը հրապարակել էր «London law firm helped Azerbaijan’s first family set up secret offshore firm» վերնագրով հոդվածը, որում ասվում էր, որ Ալիևների ընտանիքը գաղտնի օֆշորային ընկերությունների միջնորդությամբ Բրիտանական Վիրջինյան կղզիներում միլիոնավոր ֆունտ ստերլինգով անշարժ գույք է գնել: Մասնավորապես, ասվում է Լոնդոնում 17 միլիոն ֆունտ արժողությամբ վիլլայի ձեռքբերման մասին, որը Ալիևի դուստրերի՝ Լեյլայի և Արզուի անունով է: Միջոցների անօրինական փոխանցումներն իրականացվել են Ata Holding-ի միջնորդությամբ, որը պատկանում է Ադրբեջանի հարկերի նախարար Ֆազիլ Մամեդովին: