ԵՄ-Ն ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՀԵՏԱՔՆՆԵԼ, ԹԵ ՈՎ Է ՆԱԽԱՀԱՐՁԱԿ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քառօրյա պատերազմի հնարավոր դրդապատճառների եւ հետեւանքների մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ:

-Պրն. Սվիտալսկի, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց հենց այս փուլում հարձակում գործել Արցախի սահմանների վրա:
-Ես չեմ ուզում ինչ-որ ենթադրություններ անել: Վերջին տարիների ընթացքում ականատես էինք եղել զոհերի թվաքանակի աճին, կրակոցների ինտենսիվությանը: Թեկուզ վերցնենք հենց վերջին երեք տարին. կարելի է նկատել, որ կար հստակ սրացում, եւ այս տեսանկյունից ռազմական գործողությունների սաստկացումը տրամաբանական կարելի է համարել:
-Այս օրերին ԵՄ կողմից չեղան հասցեական հայտարարություններ, թե, ի վերջո, ո՞ր կողմն էր նախաձեռնել ռազմական գործողությունները: Չեք կարծո՞ւմ, որ նման հայտարարությունները միգուցե ինչ-որ տեղ զսպեին ագրեսոր Ադրբեջանին: Ո՞րն է այս լռության պատճառը:
-Թույլ տվեք եւս մեկ անգամ նշել, որ ԵՄ-ն աջակցում է հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին: Ռազմական գործողությունների վերսկսումից անմիջապես հետո ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հանդես եկավ հայտարարությամբ, հեռախոսազրույց ունեցավ երկու երկրների արտգործնախարարների հետ, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչն անընդմեջ կապի մեջ էր գտնվում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Եվրախորհրդարանում տեղի ունեցած քննարկումն առաջինն էր իր տեսակի մեջ վերջին 6-7 տարիների ընթացքում, ինչը շատ կարեւոր էր եւ նշանակում էր, որ այս հակամարտությունը սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ԵՄ կայունության համար: Այդ իսկ պատճառով համաձայն չեմ այն անձանց հետ, ներառյալ Հայաստանում առկա կարծիքին, որ ԵՄ լռում էր կամ չէր ցուցաբերում հետաքրքրվածություն այս հարցում: Հակառակը, վերջին տարիներին ԵՄ-ն իր հնարավորության սահմաններում արել է այն ամենը, ինչ կարող էր` ռազմական տարբերակը բացառելու եւ կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերելու համար: ԵՄ-ն չի ցանկանում հետաքննական գործընթացի մեջ մտնել՝ պարզելու, թե ով եւ երբ սկսեց:
-Այնուամենայնիվ, չեք կարծո՞ւմ, որ դա կարեւոր է:
-Մենք պետք է հասկանանք, որ քաղաքական քննարկումները այժմ շատ զգայուն փուլում են: Տարիներ շարունակ ԵՄ-ն իր աջակցությունն է ցուցաբերել այն ընթացակարգերի եւ փաստերի բացահայտման մեխանիզմների ստեղծմանը, որոնք կօգնեին պարզել 1994 թվականի հրադադարի խախտման յուրաքանչյուր դեպք: Մենք ափսոսում ենք, որ նման մեխանիզմ դեռեւս չի գործում: ԵՄ-ի համար հիմնական առաջնահերթությունն այժմ դեպի ապագա նայելն է: Այստեղ հարցը մեղավորներ կամ ավելի մեղավորներ փնտրելը չէ, մեղադրանքների խաղը չէ, այլ դեպի խաղաղ կարգավորում ճանապարհ գտնելը:
-Հայկական կողմին վերադարձված բոլոր 18 զինվորների մարմինները խոշտանգված էին: Ինչպե՞ս եք գնահատում այս խոշտանգումների, դիակապտության, գլխատումների, խաղաղ բնակիչների նկատմամբ ադրբեջանական զինվորների վայրագությունների փաստերը:
-Վայրագությունների մասին փաստող զեկույցները եւ նկարները, հատկապես խաղաղ բնակիչների նկատմամբ իրագործած խոշտանգումները շատ մտահոգիչ են, քանի որ դա կնշանակի, որ խախտվել են պատերազմ վարելու հիմնական նորմերը, կանոնները եւ կոնվենցիաները, այդ իսկ պատճառով կարծում եմ՝ այս դեպքերը պետք է լրջորեն հետաքննվեն: Պատերազմող երկրների պատասխանատվությունն է վերահսկել սեփական զինված ուժերի վարքագիծը: Սակայն ինչ-որ պահի միջազգային կառույցները կարող են եւ նույնպես պետք է ներգրավվեն հետաքննության գործընթացին: Միայն համապատասխան հետաքննությունից եւ հաստատումից հետո նման վայրագությունները պետք է դատապարտվեն, իսկ պատասխանատուները հաշվետու լինեն այդ ամենի համար: Նման գործողությունները չեն կարող իրականացվել ԵՄ-ի տարածքում, ԵՄ քաղաքակրթության մեջ:
-Լավ, իսկ այդքանից հետո արդյո՞ք Ղարաբաղի բնակիչները կարող են հավատալ ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության հնարավորությանը: Ի՞նչ երաշխիքներ կարող են լինել, որ ապագայում Ադրբեջանը կրկին նման գործողությունների չդիմի:
-Հայերը եւ ադրբեջանցիները պետք է պատրաստ լինեն խաղաղության: Մենք հիմա անցնում ենք շատ պատասխանատու մի փուլով, որտեղ շատ մեծ ջանքեր են գործադրվում միջնորդների, համանախագահող երկրների կողմից, եւ ոչ միայն արտաքին գործերի նախարարների, այլեւ առաջնորդների մակարդակով: 1945-ից հետո եվրոպական ինտեգրացիան եւ Եվրոպայի հաջողությունը, բարգավաճումը, ազատությունը հիմնված են հենց հաշտեցման գաղափարի վրա: Եվրոպան անցել է արյունոտ պատերազմների, կոնֆլիկտների միջով, որոնք ազդեցություն են ունեցել շատ երկրների վրա: Եվրոպայի ինտեգրացիան սկսվեց Գերմանիայի եւ Ֆրանսիայի, Լեհաստանի եւ Գերմանիայի հաշտեցումից հետո, որը նոր փուլ էր Եվրոպայի պատմության մեջ: Եվրոպայի փորձը հաշտեցման գործում Հայաստանի եւ Ադրբեջանի համար պետք է օրինակ ծառայի: Միգուցե հաշտեցումը հնարավոր կլինի խնդրի կարգավորումից, վստահության ամրապնդումից եւ անվտանգության կայուն երաշխիքների ապահովումից հետո: Մեծ հույսեր ունեմ, որ Եվրոպայի այս հաջողված փորձը հնարավոր կլինի բերել նաեւ այս տարածաշրջան: Ես վստահ եմ, որ հատկապես այս երիտասարդ սերնդի պարագայում հնարավոր է հասնել հանդուրժողականության եւ հաշտեցման, կառուցել ծաղկուն տարածաշրջան:

Զրուցեց ՍՅՈՒԶԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

 

 

 
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԱՅԴ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՌԱՋՆԱԳԻԾ ՈՒՂԱՐԿՈՒՄ

Ադրբեջանցի հայտնի քաղաքագետ, Ադրբեջանի կառավարության նախկին ղեկավար Ռամիս Յունուսը հարցազրույց է տվել «Ադրբեջան Սաատի» ռադիոկայանի ռուսական բյուրոյին՝ խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չորսօրյա պատերազմի մասին:

-Հայաստանի հետ չորսօրյա պատերազմից առաջ հրապարակվեցին Պանամայի օֆշորներում Ալիեւի ընտանիքի հաշիվներին պատկանող փաստաթղթեր: Եվ ընդամենը մեկ օր անց սկսվեցին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները: Ի՞նչ եք կարծում՝ դա՞ էր պատերազմի պատճառը, կամ պանամական փաստաթղթերից շեղելու՝ երկրի իշխանությունների ցանկությունը:
-Տեսեք՝ ադրբեջանական բանտերը լցված են քաղբանտարկյալներով, երկրում այլակարծություն է, գրեթե ամբողջությամբ ոչնչացված է քաղաքացիական հանրությունը, կոռուպցիան զավթել է բոլոր կառույցները, բյուջեն թալանվում է, նավթադոլարներից շահույթն անցնում է Ալիեւների ընտանիքին եւ նրա շրջապատին: Եվ դրանք միլիարդավոր դոլարներ են: Այդ իսկ պատճառով թալանված գումարները ներդրվում են օֆշորային ընկերություններում երկրից դուրս: Սակայն ինչպես տեսնում եք՝ ամեն ինչ բացահայտվում է: Եվ նման իրավիճակ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում:
Ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը հարյուրավոր զոհեր ունեցավ: Ո՞վ պետք է պատասխան տա դրա համար, եթե երկրի ղեկավարությունը 4-րդ օրը կապիտուլյացիայի ակտ ստորագրեց: Իշխանությունները, չգիտես ինչու, փորձում են այդ մեղքն ընդդիմության վրա գցել, որը ռազմական գործողությունների առաջին օրն աջակցեց երկրի իշխանությունների՝ ադրբեջանական հողերն ազատագրելու ցանկությունը:
Եկեք իրերն իրենց անունով կոչենք: Իլհամ Ալիեւը եւ նրա ռեժիմն ամենաիսկական հանցագործությունն իրականացրեցին իրենց ազգի հանդեպ: Մարդկային նման կորուստները չեն կարող արդարացված լինել: Չորսօրյա այդ պատերազմը ոչ մի դիվիդենտներ չբերեց ռազմական առումով, այլ, հակառակը, այդ օրերին զոհվեցին մեծ թվով զինվորներ, որոնց թվում 18 տարեկան տղաներ: Ինչպե՞ս են այդ երեխաներին առաջնագիծ ուղարկում: Ո՞վ է դրա համար պատասխան տալու: Այդքան մարդ զոհվեց, իսկ ԶԼՄ-ները հաղթական պաթոսով են տարված, կարծես նրանց վերադարձրել են Ղարաբաղը:

 

 

 
ԸՆԹԱՑՔ ԵՆ ՏՎԵԼ
ArmLur.am կայքը ապրիլի 17-ին Հրազդանում տեղի ունեցած ընտրությունների ընթացքում հրապարակել էր մի տեսանյութ, որում Կոճոռ ընտրատեղամասի 25/1 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Լյովա Օհանյանը վիճաբանում էր Արթուր Միսակյանի վստահված անձի՝ Միլենայի հետ: Բանն արդեն այնտեղ էր հասել, որ Լյովա Օհանյանն ասել էր. «Բոքսով կխփեմ»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները ArmLur.am կայքի հրապարակման փաստով հետաքննություն են իրականացնում, եւ առաջիկայում տեսագրությունում երեւացող անձինք կկանչվեն հարցաքննության: Բացառված չէ, որ Արթուր Միսակյանի վստահված անձը հրաժարվի Լյովա Օհանյանի դեմ բողոքելուց, եւ այդքանով գործի քննությունը կավարտվի:

 

 

ՀԱՍՑՆՈՒՄ ԵՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ
Մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի՝ Ադրբեջանին վերաբերող բաժնից տեղեկանում ենք, որ այդ երկրում մարդկանց կտտանքների ենթարկելու պրակտիկան շարունակվում է, չնայած նույն այդ երկրի օրենսդրությամբ անմարդկային վերաբերմունքի համար նախատեսված է մինչեւ 10 տարվա ազատազրկում: 2014 թվականի ընթացքում Ադրբեջանում գործունեություն ծավալող իրավապաշտպան-դիտորդները ստացել են 324 բողոք՝ ադրբեջանական անվտանգության ուժերի դեմ: Օրինակ՝ 2014 թվականի փետրվարի 4-ին կալանավոր Սաբուհի Դունյամալիեւը ինքնասպանություն է գործել Թարթար շրջանի ոստիկանության մեկուսարանում: Նրա ընտանիքի անդամները համոզված են եղել, որ նա մահացել է բռնության հետեւանքով, եւ նույնիսկ ապացույցներ են ներկայացրել: Մեկ այլ դեպքում 28-ամյա Բահրուզ Հաջիեւը ոստիկանություն բերման ենթարկվելուց 20 րոպե անց մահացել է: Ադրբեջանի ոստիկանությունը հայտարարել է, թե նա հարցաքննության ժամանակ ինքնասպանություն է գործել՝ իրեն դուրս նետելով պատուհանից:

 

 

ՇՇԻ ՄԵԼՈՆ ՀԱՂԹԵՑ
«ժողովուրդ»-ը դեռեւս 2015 թվականի դեկտեմբերին գրել էր, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, լուրջ ֆինանսական խնդիրներ ունի: Պարզել էինք, որ Երեւանի բնակիչ Արտուշ Մարտիրոսյանը դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանից բռնագանձել 100 հազար դոլար եւ 94 միլիոն 524 հազար դրամ: Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ շուրջ մեկ տարի տեւած քննությունից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, հաղթել է դատը: Դատարանը մերժել է Արտուշ Մարտիրոսյանի հայցը, որով նա ցանկացել էր պատգամավորից եւ նրան պատկանող ընկերությունից գումար բռնագանձել:




Լրահոս