Քաղաքացիական հանրությունը ևս մեկ անգամ միավորում է իր ջանքերը անարդարության և հանրային շահի դեմ ուղղված հերթական ոտնձգության դեմ՝ տվյալ դեպքում Կոմիտաս 5 հասցեում, իր անօրինության և բնակիչների շահերի ոտնահարման տեսակետից աղաղակող, “կետային շինարարության” դեմ:
Ի պատասխան խաղաղ քաղաքացիական ընդվզման՝ իշխանությունը կիրառում է աննախադեպ և բացարձակապես չհիմնավորված ոստիկանական բռնություն: Մասնավորապես օգոստոսի 24-ին փողոցում ծեծի և նվաստացման ենթարկվեցին բազմաթիվ քաղաքացիներ, իսկ մեկ տասնյակից ավել ակտիվիստներ “բերման ենթարկվեցին”, իսկ իրականում, առևանգվելով, փոխադրվեցին ոստիկանական բաժանմունք:
“Հայազնը” մեծագույն համակրանքով է վերաբերվում ազատ քաղաքացու կամքն արտահայտող քաղաքացիական շարժումների հիմնական նպատակներին, և բազմաթիվ հայազնականներ այդ շարժումների ամենաակտիվ մասնակիցներն են: Պատահական չէ, որ օգոստոսի 24-ին ապօրինի առևանգվածների մեջ էր նաև “Հայազնի” վարչության անդամ Արմեն Մկրտչյանը:
“Հայազն” կուսակցության վարչությունը իր բացարձակ զորակցություն է հայտնում մեր ընկերներին, ովքեր պատվով իրենց քաղաքացիական պարտքն են կատարում և խստագույնս զգուշացնում է սեփական հանրությանը պատերազմ հայտարարած ուժերին, որ ցանկացած ապօրինություն կամ բռնության փորձ ստանալու են համապատասխան հավաքական պատասխան ողջ “Հայազնի” կողմից:
Վարչությունը նաև գոհունակություն է հայտնում Արմեն Մկրտչյանին՝ քաղաքացուն և հայ ազգային-հեղափոխականին վայել պահվածքի համար:
“Հայազն” կուսակցության կենտրոնական վարչություն