ՌԴ Հանրային խորհրդի անդամ Դենիս Դվորնիկովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններ սկսելն անիմաստ է: Ռուս գործիչը կարծիք հայտնեց, որ բանակցությունների հասնելու համար շփման գծում պետք է նվազեցնել կրակոցների ինտենսիվությունը, ինչպես նաև ԼՂՀ-ին ներառել բանակցություններում` որպես իրավահավասար կողմ:
– Պարո՛ն Դվորնիկով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Bloomberg» գործակալությանը տված հարզազրույցում հայտարարել էր, թե անիմաստ է բանակցել Ադրբեջանի հետ, եթե անվտանգության երաշխիքներ չկան: Իր հերթին ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն էլ հայտարարել է, թե պատերազմի դեպքում հայկական կողմը պատրաստ է առաջ գնալ: Ըստ Ձեզ՝ կարո՞ղ է նշանակել, որ հայկական կողմը կոշտացրել է իր դիրքորոշումը:
-Սա հարկադրական կոշտացում է, որովհետեւ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը այս հակամարտության մեջ պաշտպանողական կողմեր են: Որքան ագրեսիվ են ադրբեջանական ուժերի հարձակումները, այնքան ավելի կոշտ պատասխան է տրվում: Այլ հարց է, որ հակամարտության վերջին պոռթկումը հանեց բարոյական եւ իրավական բոլոր սահմափակամուները Հայաստանի կողմից ԼՂ-ի ճանաչման հարցում, սակայն այդպես չեղավ: Սա նշանակում է, որ դիրքորոշման կոշտացումը դեռեւս առավելագույնս չի արտահայտվել: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ղեկավարությունը բավականին խելամիտ է գործում: Երբեմն, ըստ իս, նույնիսկ շատ խելամիտ: Ադրբեջանի իշխող ռեժիմն արդեն գտնվում է ոչ ադեկվատ վիճակում, որ չի կարողանա գնահատել դիվանագիտական տակտը:
– Ո՞րն է Ռուսաստանի դերը այս հակամարտության մեջ եւ դիրքորոշումների մեջ ի՞նչ տարբերություններ կդիտարկեք՝ ի համեմատ Արեւմուտքի:
-Ցավոք, Ռուսաստանը այժմ քաղաքակրթական ընտրություն կատարելու փնտրտուքների մեջ է: Դեռեւս պաշտոնական հռետորաբանությունը սահմանափակվում է «որպեսզի խաղաղություն լինի» բառերով: Ռուսաստանի շատ քաղաքացիներ պարզապես չեն պատկերացնում հակամարտության էությունը: Նրանք Ուկրաինայի պատերազմից շատ բան չէին հասկանում, իսկ Կովկասում` առավել եւս: Պարզապես բոլորի համար ակնհյատ է Ադրբեջանի ներկայացրած պահանջների պատմական անարդարությունը եւ այդ երկրի իշխող ղեկավարության լիովին ոչ ադեկվատ գործողությունները: Իսկ տարբերության դիտարկման առնչությամբ՝ կարող եմ ասել, որ հակամարտությունը հասունանում է ռուսական սահմանների մոտ, ընդ որում ամենամոտ շրջանները հենց անհագիստ հյուսիս կովկասյան պետություններն են, այդ իսկ պատճառով Ռուսաստանի շահագրգռվածությունն այստեղ ավելի մեծ է քան Եվրոպայինը եւ Ամերիկայինը: Արեւմուտքի երկրների համար ղարաբաղա-ադրբեջանական, հայ-ադրբեջանական հակամարտությունը շատ քիչ բաներով է տարբերվում աշխարհի մյուս հատվածներում առկա հակամարտություններից: Նրանք ավելի վերացական են ընդունում իրավիճակը, քիչ հուզական: Եւ իհարկե նրանք հազիվ թե ցանկանան մտնել պատմական խորքերը:
– Որոշ ռուս փորձագետներ կարծում են, որ կարելի է պատերազմը կանխել միայն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ: Ո՞րն ձեր դիրքորոշումը այս հարցում:
– Նախ, եթե խոսենք Ռուսաստանի դիրքորոշման մասին, կարող եմ ասել, որ այն չափազանց անհարմար վիճակում է: Հայաստանը Ռուսաստանի անվիճելի դաշնակիցն է, ռուսները եւ հայերը միանշանակ ունեն ընդհանուր արժեքներ: Սակայն կա Ադրբեջանը՝ շատ բարդ եւ վտանգավոր երեւույթ, որը հարում է Հյուսիսային Կովկասին: Դա պարտադրում է Կրեմլին ժպտալ Ադրբեջանին: Գիտեք, բուժքույրերն են այդպես ժպտում հոգեկան խնդիրներ ունեցողներին, որպեսզի չվնասեն իրենք իրենց եւ մյուսներին: Սակայն խնդիրն այն է, որ ադրբեջանական ռեժիմը նույնիսկ այժմ գտնվելով խորը ճգնաժամային վիճակում, գումար չի խնայում իր խավիարային դիվանագիտության համար: Հիմքեր կան կարծելու, որ որոշ ռուս գործիչների տարբեր մակարդակների չեն կարող դիմակայել գայթակղությանը: Կարծում եմ, որ պատերազմը կարելի է կանխել միայն ադրբեջանական ղեկավարության նկատմամբ ճնշումներ գործադրելով: Պետք է մշակվի պատժամիջոցների համակարգ, որոնք պետք է գործեն ամեն կրակոցից հետո: Սա չի նշանակում, որ պետք է ցուցադրաբար անցնել Հայաստանի կողմը, պարզապես այլ կերպ հաշտեցման հասնել հնարավոր չէ: Սադրանքները, ագրեսիան գալիս են միայն մի կողմից՝ Ադրբեջանից, ընդ որում նրանք դա չեն թաքցնում: Ինչպես նաեւ արժե մտածել տեխնիկական դիտարկումների մասին՝ տեսախցիկներ, արբանյակային նկարահանումներ եւ այլն: Կարծում եմ՝ այս ժամանակակից տեխնոլոգիաները ի զորու են վերահսկողության տակ պահել հակամարտության կողմերի ամեն քայլը:
-Լավ, բայց այնուամենայնիվ ստեղծված իրավիճակում ի՞նչ սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբից, ովքեր մինչ այժմ դեռ պնդում են խաղաղ բանակցությունների մեկնարկին ուղղված աշխատանքների մասին:
-Ես չեմ նախանձում այդ մարդկանց, նրանք ստիպված են աշխատել ահռելի ճնշման տակ: Ներկայացուցիչ երկրների դիրքորոշումները ծայրահեղ հակասական են լինում: Գործողությունների հստակ ծրագիր չկա: Տպավորություն է ստեղծվում, որ համանախագահող երկրները հակված են աշխատելու ոչ թե կանխատեսման, այլ ռեակցիայի ռեժիմի հիման վրա, չնայած որ փաստացի ոչ մի ռեակցիա էլ չկա: Չէ որ ադրբեջանական բանակը չի դադարում կրակահերթի տակ պահել արցախյան գյուղերը, շփման գծում սպանել զինվորներին: Որեւէ հասկանալի ռեակցիա չկա էլ: Դա մեծ հարված է հասցնում նրանց համբավին:
– Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ որևէ կերպ փոխվե՞լ է:
– Ինձ թվում է, որքան էլ փորձում է գործել չեզոք մնալու պետական քարոզչամեքենան, ռուսական կողմում ավելի հստակ ուրվագծվում է, թե այս իրավիճակում ով է «enfant terrible»: Այո, ռուսական իշխանությունները ձգտում են Ալիևին պահել իշխանության, սակայն հիմնական շարժառիթը ռուսական սահմանների անվտանգությունն է: Շատ հնարավոր է, որ ադրբեջանական քաղաքական գործիչների հաջորդ սերունդը դառնան Թուրքիայի «տիկնիկները»: Դեռևս Ալիևի ու Էրդողանի մոտ շատ հակասություններ կան` որքան էլ կրքոտ նրանք ողջագուրվեն: Հայաստանի հանդեպ, որքան էլ անխուսափելի է, աճում է մեղքի զգացումը:
– Հաշվի առնելով շփման գծում տիրող իրավիճակը, բանակցությունների վերսկսման համար որևէ նախադրյալներ կա՞ն:
– Բայց ո՞ւմ հետ խոսել: Հիմա բոլոր բանակցություններն անիմաստ են: Ադրբեջանն իրավիճակը փակուղի է մտցրել և ինքը հայտնվել փակուղում: Ադրբեջանի հասարակությունն այնպիսի իրավիճակում է, որ մեծ ջանքեր կպահանջվեն, որպեսզի վերադառնան բանակցությունների ֆորմատին: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Ադրբեջանի տնտեսությունը ոչ թե վատ, այլ ողբերգական վիճակում է: Այդ պատճառով որևէ բան կանխատեսելն անիմաստ է: Լավ սցենար կլինի շփման գծում լարվածության աստիճանաբար թուլացումն ու ամենաուշը մեկ տարի անց բանակցությունների սեղանին վերադառնալը: Բայց դա պետք է տեղի ունենա ԼՂՀ-ի` որպես իրավահավասար կողմ բանակցություների սեղանին վերադառնալու դեպքում: Հակառակ դեպքում դա նվաստացուցիչ կլինի հայկական կողմի համար:
– ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Սերգեյ Լավրովը ոչ մի տեղ դատարկ ձեռքերով չի գնում, սակայն, ըստ էության, Հայատանից դատարկաձեռն գնաց: Ի՞նչ կարող եք ասել այս առնչությամբ:
– Մարիա Զախարովան սիրում է տեղեկությունը գեղեցիկ ձևով ներկայացնել, այդ պատճառով լուրջ վերլուծության համար պետք է լսել անձամբ Լավրովին: Ընթանում են բարդ բանակցություններ: Իմ կարծիքով հիմա ընթանում է բարդ դիվանագիտական աշխատանք:
– Կցանկանայի` անդրադառնայիք ադրբեջանական կողմի վայրագությունների վրա: Ձեր կարծիքով ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկի միջազգային հանրությունը Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար:
– Պետք է հասնել այդ դեպքերի` որպես միջազգային հանցագործություն ճանաչման: Գոնե նրա համար, որ կրճատվեն այդ վայրագությունները հետագայում: Չէ՞ որ հաճախ է պատահում այնպես, որ խաղաղ բնակիչները գերի են դառնում ադրբեջանական իշխանություններին: Հենց հանուն այդպիսի մարդկանց էլ պետք է միջազգային հանրությունից պահանջենք իրերը կոչել իրենց անուններով:
– Դուք ոչ մեկ անգամ դատապարտել եք Ադրբեջանին զենք վաճառելու Ռուսաստանի քաղաքականությունը: Ըստ Ձեզ` ինչպիսի որոշում պետք է կայացվի այդ հարցում, հատկապես երբ դա Հայաստանում հակառուսական տրամադրությունների հիմնական պատճառներից մեկն է:
– Այստեղ ոչ մի արդարացում չկա: Պետք է գոնե 30 տարի դեպի առաջ մտածել: Ով կլինի Ադրբեջանում իշխանության: Մենք չենք կարող կանխագուշակել: Չնայած ժամանակակից տենդեցները հաշվի առնելով, դրանք կարող են լինել ոչ հաճելի կերպարներ, այդ թվում ուղարկված «եղբայրական Թուրքիայի» կողմից: Բայց մենք կարող ենք կանխատեսել, որ այդ բոլոր «солцепек»-ները և հրթիռային համակարգերը կլինեն ինչպես նորը և հնարավոր է՝ հարվածեն ռուսական տարածքին: Այդպիսի տեսակի զենքն ունի երկար պահպանման ժամկետ: Սա այն մարդկանց համար, ովքեր պնդում են, որ քաղաքականության մեջ բարոյականություն չկա: Չնայած դա շատ վնասակար կարծրատիպ է: Բարոյականություն պետք է լինի գոնե դաշնակցի հետ:
Սյուզի Մուրադյան