Մայրը պնդում է, որ դստերն անարդար են հեռացրել, բուհ-ը հակառակ փաստեր է ներկայացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի Լիանա Դավթյանի մայրը՝ Մարգարիտա Դավթյանը, այսօր լրագրողների հետ զրույցում բարձրաձայնեց համալսարանից դստերը անարդար կերպով հեռացնելու խնդրի մասին: ԵՊԼՀ օտար լեզուների ֆակուլտետի ֆրանսիական բաժնի երրորդ կուրսի ուսանողուհի Լիանա Դավթյանը հրավեր է ստացել «Ֆրանսիահայ Երիտասարդաց միության» կողմից՝ մասնակցելու վեցամսյա դասընթացի: Լիանա Դավթյանը դիմել է ամբիոնի վարիչին, ում հետ միասին առաջարկը մանրամասնորեն ներկայացվել է դեկանատում, ինչից հետո Լիանա Դավթյանին տրվել է տեղեկանք, ըստ որի նա թույլատրվում է մասնակցել դասընթացին եւ 2-րդ կիսամյակի քննությունները հանձնելու է սեպտեմբերին: Ուսանողուհին մարտի 29-ին մեկնել է Հայաստանից առանց տեղյակ լինելու, որ մեկ ամսից հեռացվելու է բուհից:

«Չգիտեմ՝ ինչ է կատարվում բուհի ներսում: Նման ուսանողի վերցնել ու հեռացնել, դա անհեթեթություն է,- նշում է ուսանողուհու մայր Մարգարիտա Դավթյանը, ում ուսանողուհու մեկնելուց որոշ ժամանակ անց կանչել են համալսարան եւ տեղեկացրել, որ ներկայացված տեղեկանքը լրացված է եղել ներքին կանոնակարգի խախտումներով»:

«Հավանաբար իրենց սխալը կոծկելու համար ինձ առաջարկեցին գնալ եւ աղջկաս անունիս հեռացման դիմում գրել՝ նշելով, որ աղջիկս կարող է ուսումը շարունակել հաջորդ տարի կրկին 3-րդ կուրսում: Փաստացի մեզ տրվել է իրավաբանական ուժ ունեցող տեղեկանք համապատասխան կնիքով, ստորագրությամբ, որն ընդունել է նաեւ դեսպանատունը»,- ասում է ուսանողուհու մայրը՝ հավելելով, որ դեպքից հետո անմիջապես դիմել է Կրթության եւ գիտության նախարարություն՝ չստանալով որեւէ պատասխան: Ուսանողուհու մայրը պարբերաբար կապի մեջ է եղել բուհի պրոռեկտորի հետ, ով նշել է, որ ցանկալի է ՝դուստրը գա եւ քննությունները հանձնի մայիս ամսին: Մարգարիտա Դավթյանը որոշել է գնալ համալսարան եւ տեղեկացնել, որ դուստրը այնուամենայնիվ կվերադառնա արտերկրից եւ քննությունները կհանձնի մայիս ամսին, սակայն տեղում իմացել է, որ փաստորեն դուստրը արդեն իսկ նախորդ շաբաթ հեռացված է եղել համալսարանից այն պատճառաբանությամբ, թե ուսանողուհին դիմում չի ներկայացրել ռեկտոր Գայանե Գասպարյանի անունով, որի արդյունքում հարցը չի քննարկվել ռեկտորատի նիստում: Նշենք նաեւ, որ համալսարանը համագործակցության պայմանագիր չունի ֆրանսիական վերոնշյալ կառույցի հետ, ինչը եւս մեկ հիմք է հանդիսացել Լիանա Դավթյանին հեռացնելու համար, մինչդեռ մայրը պնդում է, որ ամբիոնում եւ դեկանատում տեղյակ են եղել այդ մասին՝ այնուամենայնիվ տրամադրելով տեղեկանք:

«Աղջիկս նպատակասլաց է: Ինձ համար կարեւորը նրա ուսումն է, այսքան տարի սովորել է, վճարել ենք ուսման համար»,- ասում է մայրը:

Ուսանողուհին բաց նամակ է հղել ԵՊԼՀ ռեկտորին՝ հույս հայտնելով, որ կվերանայվի հեռացման դիմումը:

Թեպետ ծնողը պնդում է, որ դուստրը  անարդար կերպով է հեռացվել բուհից, այնուամենայնիվ համալսարանը հերքում է տեղեկատվությունը՝ ներկայացնելով, որ  Լիանա Դավթյանի՝ նախարարությանը հասցեագրված դիմումում արծարծված փաստերը չեն համապատասխանում իրականությանը:

«Տվյալ կազմակերպությունը որևէ կապ չունի համալսարանական կրթության հետ, ինչպես նաև ԵՊԼՀ-ի հետ չունի համագործակցության պայմանագիր:  Ինչ վերաբերում է ծնողի կողմից հիշատակվող տեղեկանքին, ապա հարկ է նշել, որ համապատասխան տեղեկանքներ տրամադրելու իրավասություն ունեցող բուհի որևէ պաշտոնատար անձ /ռեկտոր, պրոռեկտոր/ նման փաստաթուղթ չի ստորագրել: Ուսանողուհին տեղեկանքը  ստացել է Oտար լեզուների ֆակուլտետի դեկանի տեղակալից, ում ներկայացրել է ֆրանսերեն լեզվով տեղեկանք, որը խաբեությամբ կորզել է ֆրանսերենի ամբիոնի վարիչ Ն. Մանուկյանից, ում բանավոր կերպով ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող փաստեր, թե իբր համալսարանն ունի պայմանագիր վերոնշյալ կազմակերպության հետ՝ պարտավորվելով ներկայացնել համապատասխան փաստաթղթերը դեկանատարտ: Արտերկիր մեկնելուց առաջ ուսանողուհին իր ծնողի հետ ներկայացել է ԵՊԼՀ և հանդիպում ունեցել բուհի ռեկտորի, ուսումնական գծով պրոռեկտորի և օտար լեզուների ֆակուլտետի դեկանի հետ: Զրույցի ընթացքում և՛ ուսանողուհուն, և՛ ծնողին մանրամասն բացատրվել է, որ չկան բավարար հիմքեր նրա քննաշրջանը տեղափոխելու համար: Անձամբ ռեկտորի կողմից նրանց բացատրվել է, որ ուսման վարձավճարի պարտք չունենալու պարագայում նա կազատվի ուսանողական պարտականություններից, իսկ կիսամյակային ուսման վարձը չվճարելու դեպքում կհեռացվի համալսարանից»:

Ֆրանսերենի ամբիոնի վարիչ, բ.գ.թ. դոցենտ Ն.Մանուկյանը և Օտար լեզուների ֆակուլտետի դեկանի տեղակալ ավագ դասախոս Ս.Բաբայանը ենթարկվել են կարգապահական տույժի՝ իրենց պաշտոնական իրավասությունները գերազանցելու համար:

Սյուզի Մուրադյան




Լրահոս