ArmLur.am-ի զրուցակիցն է ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը:
– Պարո՛ն Կլիմով, ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում:
– Բանակցային գործընթացին այլընտրանք չկա: Եթե որևէ մեկը դա չի հասկանում, ապա ողբերգության պատճառ է հանդիսանում շատուշատ մարդկանց համար:
– Իսկ նոր համաձայնագրի անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:
– Չեմ կարող ասել, քանի որ այնքան էլ խորապես ծանոթ չեմ անձամբ այդ գործընթացին, և չգիտեմ, թե ինչ համաձայնագրեր կան: Սակայն ես միշտ բարձր եմ դասել մարդկանց հետաքրքրությունները: Այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, դեռևս գալիս է ԽՍՀՄ փլուզման ժամանակներից, երբ մարդիկ հավաքվեցին և ասեցին, որ իրենք ցանկանում են ինքնուրույն ապրել: Խորհրդային ժամանակներում Ադրբեջանի ղեկավարությունը, իմ կարծիքով, ոչ այնքան օրինական գործեց: Հասկանալով, որ մարդիկ խաղաղության կողմնակից են, դեռևս այն ժամանակ այս հարցերը կարող էին լուծել միանգամայն խաղաղ ճանապարհով` առանց որևէ կոնֆլիկտի առաջացման: Այսօր դա չբուժված սպի է, որի հետևանքով երկու կողմերում էլ մարդիկ են զոհվել: Այսօր գերիշխողը քաղաքականությունն է և մարդկային կյանքերը հաշվի չեն առնվում, այդ պատճառով իրավիճակը կարելի է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով` բանակցությունների միջոցով` հասկանալով, որ մարդիկ իրենք են որոշում իրենց ճակատագիրը:
– Իսկ ո՞րը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական անելիքը:
– Մինսկի խումբը որպես հիմնական երաշխավոր պետք է երաշխավորի խաղաղ բանակցությունների անցկացումը: Ամենակարևորը, իմ կարծիքով, այնտեղից թուրք պրովակատորների հեռացումն է, որոնք էլ ավելի են սրում իրավիճակը:
– Ռուսաստանի գործողությունները որո՞նք պետք է լինեն:
– Ռուսաստանի դիրքորոշումը ընկած է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքերի հիմքում, ով ի սկզբանե ասել էր, որ այսօր պետք է նստել բանակցությունների սեղանին: Դուք գիտեք, որ հրադադար է հայտարարված, սակայն կրակոցներ կրկին լինում են: Ես արդեն ոչ մեկ անգամ ասել եմ, որ ինձ այստեղ դուր չի գալիս թուրքական հատուկ ուժերի դերակատարությունը: Այս իրադարձությունների հիմնական պրովակատորն ու նախաձեռնողը հենց թուրքերն են: Նախկին վերքերը խորացնող իրադարձությունները մեծ հաշվով ուղղված էին ոչ թե հայերի կամ ադրբեջանցիների, այլ հենց Ռուսաստանի դեմ: Հիմա այն մարդիկ, ովքեր որոշ չափով հասկանում են ամեն ինչ, հասկանում են, որ ինչ էլ Ռուսաստանն անի, կողմերից մեկը միշտ դժգոհ է մնալու մեր գործողություններից և պահանջելու են այլ, ավելի լուրջ և որոշիչ քայլեր:
– Հայաստանի համար ցավոտ խնդիր է ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին: Արդյո՞ք Ռուսաստանը հավասարության նշան չի դնում ռազմավարական դաշնակից Հայաստանի և գործընկեր Ադրբեջանի միջև:
– Ես նախկինում ասել եմ` եթե Ադրբեջանն այդ զենքով շարունակի կրակել, ապա այստեղ պետք է հստակ և որոշիչ քայլեր կատարել` Ադրբեջանին զենքի վաճառքը թույլ չտալու համար, որպես երկիր, որը հանդիսանում է կոնֆլիկտի նախաձեռնող: Ռուսաստանը պարտավորություններ ունի և՛ ՀԱՊԿ-ի, և՛ ԱՊՀ-ի շրջանակներում, սակայն հավասարության նշան չի դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև:
– Շատ փորձագետներ կարծում են, որ պետք է խաղաղապահ ուժեր տեղակայել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Ձեր տեսակետը ո՞րն է:
– Ես վստահ եմ, որ մենք չենք կարող դրանից փախչել: Երկու երկրների քաղաքական ուժերը հնարավորություն չեն տա այս իրադարձությունների որևէ այլ կերպ զարգացումը: Այսօր կրկին շատ քաղաքական գործիչների համար, հատկապես նրանց, ովքեր որևէ կերպ ունեն Թուրքիայի հետ, պատերազմը հարցի միակ լուծումն է. ահա թե որն է ողբերգությունը: Ես չեմ նախանձում այն իրավիճակին, որում այժմ հայտնվել է Ադրբեջանը:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը