Քանի դեռ Ադրբեջանը կուտակումներ է իրականացնում և քանի դեռ բանակցությունները չեն վերսկսվել, պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովի խոսքով, ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցեր և շփման գծում իրավիճակը։
«Մի բան պարզ է. քանի դեռ բանակցությունները չեն վերսկսվել, քանի դեռ Ադրբեջանը կուտակումներ է իրականացնում, պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Ադրբեջանը ձգտում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։ Սակայն ՀՀ-ն և ԼՂՀ-ն խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են», – հավելեց նա:
Շարմազանովը ընդգծեց՝ եթե Ադրբեջանը փորձի ռազմական ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, Հայաստանի Հանրապետությունը կիրականացնի նախագահի նախանշած քայլերը՝ ընդհուպ մինչև ԼՂՀ ճանաչում։