Քաջարանի օդն աղտոտված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի օդի աղտոտվածությունը լուրջ խնդիր է տեղի բնակիչների համար: Այն ոչ մի կերպ լուծում չի ստանում: Այս խնդրին է անդրադարձել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը իր 2015 թվականի տարեկան զեկույցում:

Հիշեցնենք, որ դեռեւս 2014 թվականին Քաջարան քաղաքի բնակիչների կողմից բարձրացվել էր Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի գործունեության արդյունքում քաղաքի` օրական 3-ից 4 ժամ ամբողջությամբ փոշու մեջ գտնվելու խնդիրը:

Ըստ բնապահպանության նախարարության՝ «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մակերեւութային ջրերի եւ մթնոլորտային օդի որակի մոնիտորինգի տվյալների` Քաջարան քաղաքում 2015 թվականի նոյեմբերին կատարվել են պասիվ նմուշառիչներով օդային ավազանի որակի դիտարկումներ, եւ քաղաքի 15 դիտակետից վերցվել է 120 փորձանմուշ: Դրանց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մթնոլորտում որոշված ծծմբի երկօքսիդի եւ ազոտի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիաները չեն գերազանցել համապատասխան նորմերը:

Այսպես՝ ըստ ՀՀ-ում ձեւավորված գետնամերձ շերտի օդի որակի մոնիտորինգի՝ հիբրիդային եռաշերտ մոնիտորինգային դիտացանցի` օդի որակի տեսանկյունից Քաջարանը ռիսկային եւ խոշոր քաղաքներից է: Բայց ԲՆ-ն Քաջարան քաղաքում անցած տարի չի իրականացրել մթնոլորտային օդում փոշու դիտարկում` չնայած նրան, որ արդեն ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ:
Եթե բնակավայրի բնակչության քանակը 10 հազարից պակաս է կազմում, ապա այդ բնակավայրում մթնոլորտում առկա փոշին չպետք է գերազանցի 0,2 մգ/մ3, իսկ Քաջարան քաղաքում բնակչության թիվը կազմում է 8439: Այնուամենայնիվ, քաղաքում, որտեղ բաց եղանակով շահագործվում է պղնձամոլիբդենային հանքավայր, փոշու մոնիտորինգ դեռ չի իրականացվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս