Ս/թ. մայիսի 8-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է ռուսաստանյան ռազմական ուսհաստատություններում ուսանող և վերապատրաստում անցնող ՀՀ ՊՆ սպայական անձնակազմի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կազմակերպված հանդիպմանը Օլեգ Եսայանը ներկաներին շնորհավորեց Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման օրվա առթիվ:
Դեսպան Եսայանն իր խոսքում անդրադարձավ հայ ժողովրդի ներկայում եռատոնի նշանակությանն ու խորհրդին ՝ վկայակոչելով հավերժ փառք և խոնարհում Հայրենական պատերազմի հաղթանակին և Շուշիի ազատագրմանը կյանքը նվիրաբերած հայ զինվորականներին: Օ.Եսայանը ընդգծեց նաև, որ Հայաստանի ու աշխարհասփյուռ հայության տարբեր սերունդների համար մայիսի 9-ը դարձավ արիության, Հայրենիքի հերոսական պաշտպանության և ազգային վերելքի կարևորագույն պատմական էջերից մեկը:
Իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպանն անդրադարձավ նաև ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած իրադարձություններին՝ հանգամանալից խոսելով հայկական կողմի դիրքորոշման, դիվանագիտական հարթությունում ընթացող գործընթացների, դեսպանության գործունեության, Ռուսաստանի հայ համայնքի կողմից ԼՂՀ-ին ցուցաբերվող օգնության և առհասարակ ԼՂ հիմնախնդրի մասին:
Դեսպան Օ.Եսայանը հանդիպմանը ներկա 3 հայ բարձրաստիճան սպայի հանձնեց ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով շնորհված “Անբասիր ծառայության համար” 4-րդ աստիճանի մեդալներ:
Նշենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանի մասնակցությամբ համանման հանդիպումները կրում են պարբերական բնույթ: Ապրիլյան դեպքերի համատեքստում վերջին շրջանում նման ձևաչափով հանդիպումներ են կայացել հայ համայնքային կառույցների ղեկավարիների, ռուսաստանաբնակ հայազգի մտավորականների և գործարարների, ինչպես նաև ՌԴ-ում ուսանող ՀՀ քաղաքացիների հետ: